09-13. Հարց Եղիայի մասին – Գրադարան – Mashtoz.org

09-13. Հարց Եղիայի մասին

→ Մտթ 17, 9-13;  ⁓ Մրկ 1, 34; 4, 13; 8, 30
≈ Մտթ 11, 14; 1Թգ 19, 2.10; Ես 53, 3; Մղք 3, 1.23-24
 
9Եվ մինչ իջնում էին սարից, Նա նրանց պատվիրեց, որ իրենց տեսածը ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի: 10Եվ նրանք այդ բանն իրենց մեջ պահեցին, միմյանց միջև քննարկելով, թե մեռելներից հարություն առնելն ի՛նչ է: 11Ապա հարցրեցին Նրան, ասելով. «Ինչո՞ւ են օրենսգետներն ասում, թե նախ Եղիան պետք է գա»: 12Եվ Նա պատասխանեց նրանց. «Ճի՛շտ է, նախ Եղիան գալով՝ վերահաստատում է ամեն ինչ: Իսկ ի՞նչ է գրված Մարդու Որդու մասին. որ Նա բազում չարչարանքներ պիտի կրի ու անարգվի: 13Բայց ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, բայց նրա հետ արեցին այն, ինչ ցանկացան, ինչպես դա գրված է նրա մասին»:
9, 9 - «ոչ ոքի չպատմեն». Հիսուսը կրկին հիշեցնում է «Մեսսիական գաղտնիքի» մասին, որն Իր կողմից մեծապես կարևորվում է: Տե՛ս Մտթ 9, 30+:
 
9, 10 - «հարություն առնելն ի՞նչ է». Հրեաները (բացառությամբ Սադուկեցիների աղանդի. տե՛ս Մտթ 3, 7+-ի երկրորդ մասը) հավատում էին մարմինների հարությանը, բայց այն ընկալում էին միայն որպես հավաքական ճշմարտություն և միմիայն ժամանակների ավարտին, այսինքն՝ Աստծո բոլոր հավատարիմ ծառաները միասին հարություն էին առնելու Ահեղ Դատաստանի օրը: Քրիստոսը, հետևաբար, ասում է բաներ, որոնք կրկնակի չափով անհասկանալի են նրանց հրեական մտքի համար. նախ, մի կողմից ասում է, որ սպասված Մեսսիան ո՛չ թե անկասելի հաղթանակներ է տոնելու քաղաքական ու ռազմական հարթության վրա, այլ՝ չարչարվելու և ծայր աստիճան անարգալի մահով մահանալու է ամենահետին ստրուկի նման. և ապա ասում է, որ ընդամենը երեք օր հետո, առանց աշխարհի վախճանին ու Ահեղ Դատաստանին սպասելու, հարություն է առնելու մի անհատական հարությամբ, որն ամբողջովին եզակի իրականություն է լինելու: Այս տեսանկյունից դիտված է, որ Հիսուսի խոսքերն անհասկանալի էին հնչում աշակերտների ականջին:
 
9, 11 - «Ինչո՞ւ ... ». Տե՛ս Մտթ 17, 10+:
 
9, 12 - «վերահաստատում է». Հուն. «ἀποκαθιστάνει» - «ապոկաթիստանեյ». Նշանակում է վերականգնել սկզբնական վիճակում, ետ վերադարձնել սկզբնական դրվածքին, վերահաստատել սկզբնական կարգը (հմմտ. Գրծ 1, 6): Գրաբար. «յարդարեսցէ»։ Ավետարանիչների կողմից գործածվում է նաև բժշկումների դրվագներում (հմմտ. Մտթ 12, 13; Մրկ 3, 5; 8, 25; Ղկս 6, 10): Եղիան իր այդ դերակատարությունն է գործի դնում, որ կայանում է վերադարձնելու մեջ՝ հայրերի սրտերն իրենց որդիներին, և որդիների սրտերն իրենց հայրերին (Մղք 3, 24): ꟷ
- «ի՞նչ է գրված». Իրականում, սակայն, Հին Կտակարանում ոչ մի տող չկա գրված այն բանի մասին, որ Մարդու Որդին պետք է չարչարանքներ կրի: Տվյալ խոսքը ստացվում է՝ միմյանց համադրելով Մարդու Որդու կերպարը (Դն 7, 13) Տիրոջ Ծառայի կերպարի հետ (Ես 42, 1-4; 52, 14; 53, 4-10), թեև Տիրոջ Ծառային Հին Կտակարանում երբեք չի տրվում Մարդու Որդի տիտղոսը: Նոր Կտակարանում է միայն, որ երկու կերպարները համադրվում են Հիսուսի միակ անձի մեջ:
 
9, 13 - «Եղիան արդեն իսկ եկել է». Եղիան այստեղ նույնացվում է Հովհաննես Մկրտչի հետ (Մտթ 11, 14; Ղկս 1, 17.76): Հովհաննեսի տառապանքները Հիսուսի չարչարանքների ու մահվան նախերգանքն են: Տե՛ս նաև 6, 17-29+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։