09-14. Հարուցյալ Հիսուսի երևումները – Գրադարան – Mashtoz.org

09-14. Հարուցյալ Հիսուսի երևումները

≈ Մտթ 28, 10; Ղկս 24, 10-49; Հվհ 20, 11-23; 1Կր 15, 5
 
9Արդ, շաբաթվա առաջին արշալույսին հարություն առած՝ Նա երևաց նախ Մարիամ Մագդաղենացուն, որից յոթը դև էր հանել: 10Նա գնալով՝ ավետիս տվեց Նրա հետևորդներին, որ սգում ու լալիս էին: 11Բայց նրանք լսելով, թե Նա ողջ է և երևացել է նրան, չհավատացին:
12Դրանից հետո, ապա, Նա ա՛յլ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, մինչ նրանք ընթանում էին արտերի միջով: 13Նրանք էլ գնալով՝ ավետիս տվեցին մյուսներին, բայց նրանց էլ չհավատացին:
14Իսկ վերջում, մինչ նրանք բազմած էին, Նա երևաց տասնմեկին և հանդիմանեց նրանց անհավատությունն ու կարծրասրտությունը, որովհետև չէին հավատացել նրանց, ովքեր Իրեն տեսել էին հարություն առած:
16, 9-20 - Մարկոսի Ավետարանի ավարտական հատվածը մի տեսակ ամփոփումն է հարուցյալ Հիսուսի երևումների, ուր արտացոլվում են հատկապես այն ավանդությունները, որ գրի են առնված Ղկս 24րդ և Հվհ 20րդ գլուխներում: Ավանդաբար ընդունվել է որպես Ավետարանի կանոնական մաս, և Տիեզերական Ժողովների որոշմամբ՝ պաշտոնապես ներառվել է Ավետարանների մեջ, բայց գրեթե վստահաբար շարադրվել է Երկրորդ դարում: Այս հատվածի ոճն ու բառապաշարը ակնհայտ կերպով վկայում են, որ այն չի պատկանում Մարկոս Ավետարանչի գրչին: ꟷ
- Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 28, 9-10.16-20+:
 
16, 9 - Հիսուսը վերադառնում է ակտիվ դերակատարության՝ խաչի վրա մահանալուց և ապա թաղմամբ կանանց տեսադաշտից դուրս գալուց հետո (հմմտ. 15, 40-41.46-47): ꟷ
- «շաբաթվա առաջին արշալույսին». Տե՛ս Մտթ 28, 1+-ի առաջին երեք մասերը: Մատթեոսը գործածում է «μίαν σαββάτων» - «միան սաբբատօն» ձևը, իսկ Մարկոսը՝ «πρώτῃ σαββάτου» - «պռօտէ սաբբատու»։ Որոշ թարգմանություններ նույնացնում են՝ երկուսն էլ թարգմանելով «միաշաբաթ», այսինքն՝ շաբաթվա առաջին օր, մեկշաբթի (Կիրակի): Գրաբարը ևս. «առաւօտուն առաջին միաշաբաթուն»։
 
16, 10 - «հետևորդներին». Հուն. «τοῖς μετ’ αὐτοῦ» - «տոիս մետ աուտու», որ բառացի նշանակում է «նրանց, որ Նրա հետ էին»: Ակնհայտ է, սակայն, որ խոսքը ներկա պահին Նրա կողքին եղողների մասին չէ, այլ՝ նրանց, ովքեր Նրա հետ էին անցյալում, Նրա աշակերտները: – Գրաբար. «այնոցիկ որ ընդ նմայն էին»։
 
16, 11 - «երևացել է նրան». Հուն. «ἐθεάθη ὑπ’αὐτῆς» - «էթեաթէ հյուպ'աուտես». Բառացի. «տեսնվել է նրա կողմից»:
 
16, 12 - «նրանցից երկուսին». Նախ Մարիամ Մագդաղենացուն երևալուց հետո (9) Հիսուսը երևում է աշակերտներից երկուսին, որոնց անունները չեն հիշատակվում: Թեև խոսքը կարող է վերաբերվել ուրիշների, բայց առաջին իսկ հայացքից բնական է մտածելը Էմմավուսի աշակերտների մասին (Ղկս 24, 13-35): Որոշ մանրամասնություններ նմանվում են (Մարկոսն ասում է «ա՛յլ կերպարանքով», Ղուկասն ասում է, որ «նրանց աչքերը բռնված էին Նրան ճանաչելուց»), մինչդեռ ուրիշ մանրամասնություններ թեթևակի տարբերվում են (Մարկոսն ասում է «նրանց էլ չհավատացին», մինչդեռ Ղուկասը հաստատում է, որ նրանց վկայությունը լսողները դավանում են, որ «Տերն իսկապես հարություն է առել», բայց խոսքն, անշուշտ, կարող է լսողների տարբեր խմբերի վերաբերվել):
 
16, 13 - «մյուսներին». Բառացի՝ մնացածին:
 
16, 14 - «հարություն առած». Որոշ ձեռագրեր ավելացնում են «մեռելներից» («ἐκ νεκρῶν» - «էկ նեկռօն»): Գրաբարը ևս. «'ի մեռելոց»։ ꟷ
- «հանդիմանեց նրանց անհավատությունն». Հմմտ. Հվհ 20, 24-29:
 
16, 14-15 - 4րդ դարի վերջին, 5րդ դարի սկզբին պատկանող ձեռագրերից մեկն այս տողերի միջև ավելացնում է. «Եվ նրանք ներողություն խնդրեցին՝ ասելով. ''Անօրենության ու անհավատության այս դարաշրջանը սատանայի տիրապետության ներքո է, որն անմաքուր հոգիներին չի թողնում ըմբռնել Աստծո ճշմարտությունն ու կարողությունը: Ուստի, հայտնի՜ր Քո արդարությունը հենց հիմա'': Այսպես նրանք խոսեցին Քրիստոսին, և Քրիստոսը պատասխանեց նրանց. ''Սատանայի իշխանության տարիների ավարտը հասել է, բայց սարսափելի ա՛յլ բաներ են մոտենում: Եվ նրանց համար, ովքեր մեղանչել են, ես հանձնվեցի մահվանը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ ճշմարտությանը և այլևս չմեղանչեն, որպեսզի կարողանան ժառանգել արդարության հոգևոր ու անեղծանելի փառքը, որ երկնքում է''»: Սա, ակնհայտ կերպով, ընդօրինակողներից մեկի կողմից կատարված հետագա հավելում է, միստիկ-վախճանաբանական (ապոկալիպտիկ) մեկնաբանության փորձ: Այդուհանդերձ, Եկեղեցու կարևորագույն Հայրերից Հերոնիմոս Ստրիդոնացին այն մասամբ մեջբերել է իր աշխատություններից մեկում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։