10-12. Թե ինչո՛ւ է Հիսուսը առակներով խոսում – Գրադարան – Mashtoz.org

10-12. Թե ինչո՛ւ է Հիսուսը առակներով խոսում

→ Մտթ 13, 10-15; Ղկս 8, 9-10
≈ Հվհ 12, 40; Գրծ 28, 26; Հռմ 16, 25; 1Կր 5, 12; Կղս 4, 3-5; Ես 6, 9-10
 
10Եվ երբ Նա մենակ մնաց, Տասներկուսի հետ Նրա շուրջը եղողները սկսեցին հարցնել Նրան առակների մասին: Եվ Նա նրանց ասում էր. 11«Ձե՛զ է տրված Աստծո արքայության խորհուրդը. նրանց, մինչդեռ, ովքեր դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում. 12որպեսզի
 
նայելով՝ տեսնեն, բայց չընկալեն,
ունկնդրելով՝ լսեն, բայց չըմբռնեն,
ո՛չ էլ երբևէ դարձի գան և ներվի իրենց։
4, 10 - «Նրա շուրջը եղողները». Այսինքն՝ Հիսուսին ավելի մոտիկից հետևողները, որոնք մաս չեն կազմում Տասներկու Առաքյալների խմբին, բայց նաև ամբոխից առանձնանում են Հիսուսի նկատմամբ ավելի լուրջ ու մտերիմ դիրքորոշմամբ: – Տե՛ս նաև Մտթ 13, 9+-ի առաջին մասը:
 
4, 11 - «Ձե՛զ է տրված Աստծո արքայության խորհուրդը». Որոշ ձեռագրեր Մարկոսի այս տողը փոխում են՝ հարմարեցնելով Մատթեոսի հետ (13, 11): Գրաբարը նույնպես. «Ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան Աստուծոյ»։ Մարկոսի մտքում, մինչդեռ, ո՛չ թե խորհուրդների իմացությունն է (հոգնակի թվով. «μυστήρια» - «միստեռիա»), այլ՝ Աստծո արքայության խորհրդի (եզակի թվով. «μυστήριον» - «միստեռիոն») ունենալը, տիրապետելը, դրա տնօրինումը, մատակարարումը: Այս համատեքստում, «Ձե՛զ է տրված» խոսքը ստանում է «ձե՛զ է ավանդված, ձե՛զ է փոխանցված, ձե՛զ է հանձնված, ձե՛զ է վստահված» իմաստը: ꟷ
- «μυστήριον» - «միստեռիոն» - «խորհուրդ» եզրով Նոր Կտակարանում հասկացվում են աստվածային գաղտնածածուկ ճշմարտությունները, որոնք մի ժամանակ թաքնված էին, բայց այժմ բացահայտվում են Ավետարանում, Հիսուս Քրիստոսի անձի, խոսքերի ու գործերի մեջ: Քրիստոնեական խորհուրդներ ասելով հասկացվում են Քրիստոնեական Հավատքի այն կետերը, որոնք չափազանց բարձր են մարդկային մտքի համար և հիմնվում են միմիայն Հարուցյալ Քրիստոսի աստվածային հեղինակության վրա: Ուստի, «խորհուրդը» ո՛չ թե անճանաչելի բան է, այլ՝ մարդու կողմից ճանաչվելու համար կարիքն ունի Աստծո կողմից տրված հայտնության: ꟷ
- «ովքեր դրսում են». ''Դրսում'' գտնվողները հակապատկերն են Հիսուսի «շուրջը եղողների», որոնց մասին խոսվել էր նախորդ տողում: – Տե՛ս նաև Մտթ 13, 11-13+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։