12-14. Անպտուղ թզենին – Գրադարան – Mashtoz.org

12-14. Անպտուղ թզենին

→ Մտթ 21, 18-19;  ⁓ Մրկ 11, 20-25
≈ Ղկս 3, 9; 13, 6-9
 
12Եվ հաջորդ օրը, մինչ դուրս էին գալիս Բեթանիայից, Նա քաղց զգաց: 13Եվ հեռվից մի տերևալից թզենի նկատելով՝ գնաց տեսնելու, թե վրան ինչ որ մի բան կգտնի՞ արդյոք. բայց երբ մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, քանի որ թզի ժամանակը չէր: 14Եվ խոսքը նրան ուղղելով՝ ասաց. «Այլևս ոչ ոք քեզնից պտուղ չուտի հավիտյան»: Եվ Նրա աշակերտները լսեցին դա:
11, 12-14 - Հիսուսի արարքը, որով Նա պտուղ է փնտրում տերևալից թզենու վրա, հիշեցնում է մարգարեների կողմից այս պատկերի գործածումը անցյալում՝ մատնանշելու համար Իսրայելին (հմմտ. Երմ 8, 13; 29, 17; Հվլ 1, 7; Ովս 9, 10.16): Անպտուղ թզենուն տրված անեծքը գործնական առակ է, որով ներկայացվում է Աստծո դատաստանն ընդդեմ ամուլ մնացած Իսրայելի (20), և Իսրայելի ճակատագիրը՝ Հիսուսի ուսուցումը հասկացած և ընդունած չլինելու համար (հմմտ. Ես 34, 4; Ովս 2, 14; Ղկս 13, 6-9): Անշուշտ նաև օրինակ ու նախազգուշացում է՝ քրիստոնյաների գալիք սերունդների և առանձին վերցված բոլոր անհատների համար (տե՛ս նաև Մտթ 21, 18-22+):
 
11, 13 - «թզի ժամանակը չէր». Հիսուսն իրականում թուզ ուտելու ցանկություն չուներ: Ապրիլ ամիսն էր, իսկ թուզը Պաղեստինում հասունանում է հունիս, հուլիս ամիսներին: Փարթամ տերևների ներկայությունը, բայց պտուղների բացակայությունը Հիսուսի կողմից գործածվում է՝ մատնանշելու համար Իսրայելում ծիսական երևույթների գերակշռությունը արդարության կոնկրետ գործերի համեմատ (հմմտ. Միք 7, 1-2): Մի իրավիճակ, որն ըստ Աստվածային գնահատման՝ արժանի է միայն անեծքի ու անհապաղ չորացման: – Եթե մի կողմից սա ուսուցում և նախազգուշացում է Եկեղեցու համար ընդհանուր առմամբ (հմմտ. Հռմ 11, 17-24), մյուս կողմից նաև հիշեցում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար՝ լինելու միշտ պատրաստ, որովհետև Տերը կարող է գալ նաև չսպասված ժամի (հմմտ. Ղկս 12, 35-38):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։