12-16. Զատկական ընթրիքի նախապատրաստությունը – Գրադարան – Mashtoz.org

12-16. Զատկական ընթրիքի նախապատրաստությունը

→ Մտթ 26, 17-19; Ղկս 22, 7-13
⁓ Մրկ 11, 3;  ≈ 1Սմ 10, 2-5
 
12Եվ Բաղարջակերացի առաջին օրը, երբ զատկական գառն էին զոհաբերում, Նրա աշակերտները Նրան ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որպեսզի զատկական ընթրիքն անես»: 13Եվ Նա Իր աշակերտներից երկուսին ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ձեզ ընդառաջ կգա ջրի սափոր կրող մի մարդ. գնացե՛ք նրա ետևից: 14Եվ նա ո՛ր տունը որ մտնի, ասացե՛ք այդ տան տիրոջը. ''Վարդապետն ասում է. Որտե՞ղ է իմ հյուրասրահը, ուր իմ աշակերտների հետ կարող եմ զատկական ընթրիքն անել'': 15Եվ նա ձեզ մի ընդարձակ և կահավորված ու արդեն պատրաստ սրահ ցույց կտա վերևի հարկում. ահա՛ այնտեղ պատրաստեցեք մեր համար»: 16Եվ աշակերտները գնացին ու մտան քաղաք, և գտան այնպես, ինչպես Նա ասել էր իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը:
14, 12 - «զատկական գառն». Հուն. «πάσχα» - «պասխա». Այս անվան տակ հասկացվում են և՛ Զատիկը որպես տոն, և՛ այդ օրվա տոնական Ընթրիքը, և՛ այդ ընթրիքի ժամանակ ուտվելիք զատկական Գառը: Տվյալ դեպքում, նախադասության բայի հետ համադրելով, գործածված է երրորդ իմաստով: ꟷ
- «զոհաբերում». Հուն. «θύω» - «թյուօ» բայը բառացի մատնանշում է մորթելու գործողությունը, բայց որպես նպատակ ունենալով զոհընծայումը: Ուստի մատնանշում է ո՛չ թե մորթելը ընդհանուր առմամբ, այլ՝ զոհաբերությունը: – Գրաբարը. «զզատիկն զենուին»։ ꟷ
- «զատկական ընթրիքն անես». Բառացի՝ զատիկն ուտես: Նույնը նաև 14րդ տողում: Գրաբարը. «կերիցես զզատիկն» («ուտիցեմ զզատիկն»):
 
14, 13 - «ջրի սափոր կրող մի մարդ». Սովորաբար կանայք էին կրում ջրի սափորը: Բայց չնայած այն հանգամանքին, որ այստեղ Մարկոսը գործածում է ո՛չ թե միանշանակ կերպով արական սեռի անձ մատնանշող «ἀνήρ» - «անեռ» (կամ «ἀνδρός» - «անդռոս») եզրը, այլ՝ ընդհանուր առմամբ մարդկային էակ նշանակող «ἄνθρωπος» - «անթռօպոս» եզրը, համենայն դեպս՝ տվյալ համատեքստում հարկավոր է հասկանալ տղամարդու իմաստով: Ջրի սափոր կրող տղամարդու պատկերն ա՜յն աստիճան բացառիկ էր, որ Հիսուսն, անշուշտ Իր աշակերտների միջնորդությամբ, այդ նշանն էր նախապես պայմանավորվել՝ աշակերտներին դեպի Վերնատուն առաջնորդելու համար:
 
14, 15 - «ընդարձակ ... սրահ ... վերևի հարկում». Հուն. «ἀνάγαιον μέγα» - «անագայոն մեգա». Բառացի՝ մեծ երկրորդ հարկ: Գրաբար. «վերնատուն մի մեծ»։ ꟷ
- «կահավորված». Հուն. «ἐστρωμένον» - «էստռօմենոն». Բառացի՝ անկողինները փռած, հարդարած: Գրաբար. «զարդարեալ», որը սակայն չպետք է հասկացվի պատերը կամ միջավայրը զարդարելու, այլ՝ սեղանն ու դրա շուրջը հարդարելու, ընթրիքի համար պատրաստելու, կահավորելու իմաստով (զատկական ընթրիքը ճաշակում էին ցածրադիր սեղանի շուրջը փռած լայն բարձերի վրա թիկն տված. տե՛ս Մտթ 26, 20+):
 
14, 16 - «զատկական ընթրիքը». Բառացի՝ զատիկը (տե՛ս 14, 12+-ի առաջին մասը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։