13-16. Հիսուսն օրհնում է մանուկներին – Գրադարան – Mashtoz.org

13-16. Հիսուսն օրհնում է մանուկներին

→ Մտթ 19, 13-15; Ղկս 9, 47; 18, 15-17
⁓ Մրկ 9, 36;  ≈ Մտթ 18, 3
 
13Եվ մանկահասակ երեխաներ էին մոտեցնում Նրան, որպեսզի Նա նրանց հպվեր, բայց աշակերտները նրանց սաստում էին: 14Տեսնելով դա՝ Հիսուսը բարկացավ, և նրանց ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին գալ իմ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը: 15Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծո արքայությունը չի ընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնի»: 16Եվ գիրկն առնելով և ձեռքերը նրանց վրա դնելով՝ օրհնեց նրանց:
10, 13 - «մոտեցնում». Հուն. «προσέφερον» - «պռոսեֆեռոն». Այն բայն է, որ գործածվում է ընծաների մատուցման համար (հմմտ. Մտթ 2, 11; 5, 23; Մրկ 1, 44; և այլն): Գրաբար. «մատուցանէին»։ ꟷ
- «հպվեր». Հուն. «ἅπτομαι» - «հապտոմայ» բայը նշանակում է հպվելով փոխել, հպվելով ազդել, հպվել ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի այնպես, որ կոնկրետ արդյունք գրանցվի: Հիսուսի մարմնական հպումով, այսինքն, ակնկալում էին շնորհաբեր օրհնություն իրենց զավակների համար: ꟷ
- «նրանց». Այսինքն՝ երեխաներին: Մանկահասակ երեխաների ներկայությունն անկասկած աղմուկ ու իրարանցում է ստեղծել Հիսուսի շուրջը, ինչը որ հարգանքի պակաս է թվացել աշակերտներին, որոնք շարունակում էին տակավին կառչած մնալ Մեսսիայի վերաբերյալ հրեական պատկերացումներից: – Որոշ ձեռագրեր, թերևս տեսարանը որոշ չափով մեղմելու նպատակով, ավելացնում են. «ովքեր մոտեցնում էին»: Այսպիսով, աշակերտների կոշտ վարմունքը երեխաներից տեղափոխվում է նրանց ծնողների հանդեպ: Գրաբարը նույնպես այսպես է. «այնոցիկ որ մատուցանէինն»։ Թեև ճիշտ է նաև, որ հունարեն բնագրի կառուցվածքն այնպիսին է, որ միանշանակ չի հասկացվում, թե աշակերտների դիտողությունները կոնկրետ ո՛ւմ էին ուղղված: Ուստի այդ հավելումը կարող է նաև պարզապես հստակություն մտցնելու փորձ նկատվել:
 
10, 14 - «մանուկներին». Տե՛ս Մտթ 18, 3+: ꟷ
- «արգելք». Հուն. «κωλύετε» - «կօլյուէտէ». Նշանակում է ո՛չ միայն խոսքով արգելել, այլ՝ որևիցէ կերպ խոչընդոտել, խանգարել ընթացքը, ճանապարհը փակել: Այս խոսքը կարող է յուրահատուկ իմաստներ ստանալ, եթե հաշվի առնենք, որ դրված է այն դրվագից անմիջապես հետո, ուր Հիսուսը միանշանակ կերպով արգելել էր ամուսնալուծությունը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։