13-17. Կայսրին վճարելիք հարկը – Գրադարան – Mashtoz.org

13-17. Կայսրին վճարելիք հարկը

→ Մտթ 22, 15-22; Ղկս 20, 20-26
⁓ Մրկ 3, 6;  ≈ Հռմ 13, 7
 
13Եվ Նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի խոսքի մեջ ծուղակը գցեն Նրան: 14Եվ նրանք գալով՝ ասացին Նրան. «Վարդապետ, մենք գիտենք, որ դու ճշմարտախոս ես և ոչ ոքից չես քաշվում. իրոք, մարդկանց տեսքին չես նայում, այլ՝ ճշմարտությամբ Աստծո ճանապարհն ես ուսուցանում: Օրինավո՞ր է Կայսրին հարկ վճարելը, թե՞ ո՛չ: Վճարե՞նք, թե՞ չվճարենք»: 15Բայց Նա, ճանաչելով նրանց կեղծավորությունը, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում: Ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ»: 16Եվ նրանք բերեցին: Եվ Նա նրանց ասաց. «Ո՞ւմ պատկերն է սա և գրությունը»: Եվ նրանք ասացին Նրան. «Կայսրինը»: 17Եվ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն վերադարձրեք, իսկ Աստծունը՝ Աստծո՛ւն»: Եվ նրանք զարմացան Նրա վրա:
12, 13-34 - Այս հատվածի բանավեճերում (տե՛ս նաև 2, 1 - 3, 6 հատվածը) Հիսուսը պարտության է մատնում Իր հակառակորդներին՝ պատասխանելով նրանց հարցերին, այնպես՝ որ այլևս չէին համարձակվում ինչ որ մի ձև հակաճառել Իրեն (34):
 
12, 13-17 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 22, 15-22+:
 
12, 14 - «ասացին». Որոշ ձեռագրերում հանդիպում է «հարցնում էին Նրան նենգությամբ և ասում էին» տարբերակը: Գրաբարը ևս այդպես է. «հարցանէին զնա նենգութեամբ եւ ասէին»։ ꟷ
- «ճշմարտախոս». Հուն. «ἀληθής» - «ալեթես». Բառացի՝ ճշմարիտ, անկեղծ, արժանահավատ: Գրաբարը. «Վարդապետ, գիտեմք զի ճշմարիտ ես»։ ꟷ
- Որոշ ձեռագրեր, Մատթեոսի հետ նույնացնելով, «Օրինավո՞ր է» հարցից առաջ ավելացնում են «արդ, ասա՛ մեզ» խոսքերը: Գրաբարը ևս այդպես է: ꟷ
- «Վճարե՞նք, թե՞ չվճարենք». Հռոմի Կայսրին հարկեր վճարելու խնդիրը բազմաթիվ վիճաբանությունների առարկան էր այդ ժամանակներում: Առաջին դարի սկզբում ոմն Հուդա Գալիլեացի հրեա գյուղացիների բազմամբոխ ապստամբություն էր կազմակերպել՝ պահանջելով ազատել իրենց կայսերական բոլոր տեսակի հարկերից, որովհետև իրենց որպես միակ ճշմարիտ արքա էին ընդունում Աստծուն (հմմտ. Ղկս 13, 1):
 
12, 15 - «Ինչո՞ւ եք ինձ փորձում». Մի խումբ ձեռագրեր, Մատթեոսի զուգահեռ տողի հետ նույնացնելով, ավելացնում են «կեղծավորներ» ածականը: Գրաբարը նույնպես. «Զի՞ փորձէք զիս, կեղծաւորք»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։