13-19. Տասներկուսի ընտրությունը – Գրադարան – Mashtoz.org

13-19. Տասներկուսի ընտրությունը

→ Մտթ 10, 1-4; Ղկս 6, 12-16;  ⁓ Մրկ 6, 7
≈ Մտթ 16, 18; Ղկս 9, 54; Հվհ 1, 42
 
13Ապա լեռը բարձրացավ և Իր մոտ կանչեց նրանց, որոնց Ինքը կամեցավ. և նրանք գնացին Նրա մոտ: 14Եվ Նա նրանցից Տասներկուսին նշանակեց, որ Իր հետ լինեին, 15և որպեսզի ուղարկեր նրանց քարոզելու, և նրանք իշխանություն ունենային հեռացնելու դևերին:
16Նշանակեց, ուրեմն, Տասներկուսին. և Սիմոնի անունը Պետրոս դրեց. 17և Զեբեդեոսի որդի Հակոբոսը, և Հովհաննեսը՝ Հակոբոսի եղբայրը, որոնց անունը Բոաներգես դրեց, որ նշանակում է Որոտման Որդիներ. 18և Անդրեասը, և Փիլիպպոսը, և Բարթողոմեոսը, և Մատթեոսը, և Թովմասը, և Ալփեոսի որդի Հակոբոսը, և Թադեոսը, և Սիմոն Կանանացին, 19և Հուդա Իսկարիովտացին, որը և մատնեց Նրան:
3, 13 - «լեռը». Տե՛ս Մտթ 5, 1+: ꟷ
- «որոնց Ինքը կամեցավ». Տե՛ս Մտթ 4, 19+-ի առաջին մասը:
 
3, 14 - «Տասներկուսին». Աստծո ընտրյալ նոր ժողովրդի գլխավորները պետք է տասներկու հոգի լինեն, ինչպես որ տասներկուսն էին հին Իսրայելի ցեղերը: Այս թիվը վերականգնվելու է Հուդայի անկումից հետո (Գրծ 1, 26), որպեսզի հավիտյան պահպանվի երկնքում (Մտթ 19, 28; Հյտ 21, 12-14):
 
3, 16 - «Պետրոս». Թեև ժամանակագրական առումով առաջինը չէ, որ կանչվել է (Հվհ 1, 35-42), այդուհանդերձ՝ Առաքյալների խմբում իրեն տրված գլխավոր դիրքի պատճառով Պետրոսը առաջինն է հիշատակվում Առաքյալների բոլոր անվանացանկերում (Մտթ 10, 2; Ղկս 6, 14; Գրծ 1, 13; հմմտ. 1Կր 15, 5-8): – Տե՛ս նաև Մտթ 16, 18+-ի առաջին և երկրորդ մասերը:
 
3, 17 - «Բոաներգես». Սեմական երկու արմատների (« בֵּן » - «բեն» - «որդի», և « רְגַז » - «ռեգազ» - «որոտում») հունական տառադարձությամբ ստացված արամայերեն եզր է, որ նշանակում է Որոտման Որդիներ, ինչպես և թարգմանվում է հենց իր՝ Մարկոսի կողմից, իր Ավետարանի հույն կամ հռոմեացի ընթերցողների համար: Ամենայն հավանականությամբ, նրանք այդ անվանը արժանացել էին իրենց նախկին կրակոտ նկարագրի պատճառով, որն, օրինակ, դրսևորվում է անհյուրընկալ սամարացիների դրվագում (Ղկս 9, 51-56; հմմտ. նաև Մրկ 9, 37; 10, 35): Հաշվի առնելով սեմական սովորությունը՝ «որդի» ասելով հասկանալ նաև «կուսակից, գաղափարակից, կողմնակից», Որոտման Որդիներ անունը կարող է նշանակել ցասման, պատժի, խստության կողմնակից: Նշանակալի է, սակայն, փաստը, որ այս անունը հիշատակվում է միայն այս տողում և ապա մոռացության է մատնվում: Հիսուսին հետևելով և հատկապես Նրա խաչելությունից ու հարությունից հետո հարկավոր դասերը քաղելով՝ որոտընդոստ երկու եղբայրները դառնում են հեզության մարմնացումներ. Հակոբոսը մարտիրոսանալով՝ շուտով նմանվում է իր Վարդապետին (Գրծ 12, 1-2), իսկ Հովհաննեսը մինչև իր կյանքի վերջը հռչակում է Նրա ո՛չ թե ցասումը, այլ՝ Սերը (1Հվհ 4, 7-21): ꟷ
- Առաքյալների ա՛յլ անունների ու եզրերի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 10, 2-4+:
 
3, 19 - «մատնեց». Տե՛ս Մտթ 26, 2+-ի երկրորդ մասը: ꟷ
- Այս կետում Մարկոսը զանց է առնում մեջբերել Առաքյալներին ուղղված ճառը, որ կարդում ենք Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում (Մտթ 5-7 և Ղկս 6, 20-49), թերևս այն պատճառով, որ դա նվազ կարևոր է համարում իր Ավետարանի հասցեատերերի համար, որոնք ավելի հետաքրքրված էին Հիսուսի անձով ու գործերով, քան թե Նրա ուսմունքի այն կետերով, որոնք վերաբերվում են հրեական օրենքներին ու սովորույթներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։