14-21. Փարիսեցիների ու Հերովդեսի թթխմորը – Գրադարան – Mashtoz.org

14-21. Փարիսեցիների ու Հերովդեսի թթխմորը

→ Մտթ 16, 5-12;  ⁓ Մրկ 4, 13; 6, 41-44.52; 8, 6-9
≈ Ղկս 12, 1; Երմ 5, 21; Եզկ 12, 2
 
14Եվ աշակերտները մոռացել էին հաց վերցնել, և մի նկանակից բացի ուրիշ ոչինչ չունեին իրենց հետ նավակի մեջ: 15Իսկ Նա հրահանգ էր տալիս նրանց՝ ասելով. «Ուշադի՛ր եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից ու Հերովդեսի թթխմորից»: 16Իսկ նրանք միմյանց միջև քննարկում ու խոսում էին իրենց հաց չունենալու մասին: 17Եվ դա նկատելով՝ Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք մտահոգված խոսում հաց չունենալու մասին: Դեռ չեք ընկալո՞ւմ ու չեք հասկանո՞ւմ: Անզգայացա՞ծ են ձեր սրտերը: 18Աչքեր ունենալով հանդերձ՝ դուք չեք տեսնո՞ւմ, և ականջներ ունենալով հանդերձ՝ դուք չեք լսո՞ւմ: Եվ չեք հիշո՞ւմ. 19երբ հինգ նկանակները կտրեցի հինգ հազար հոգու համար, կտորտանքներով լի քանի՞ սակառ հավաքեցիք»: Նրանք պատասխանեցին Նրան. «Տասներկու»: 20«Իսկ երբ յոթ նկանակները կտրեցի չորս հազար հոգու համար, կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»: Եվ պատասխանեցին Նրան. «Յոթը»: 21Եվ Նա նրանց ասում էր. «Դեռ չեք հասկանո՞ւմ»:
8, 15 - «թթխմոր». Հուն. «ζύμη» - «զյումէ». Տե՛ս Մտթ 13, 33+-ի երկրորդ մասը: ꟷ
- «Հերովդեսի». Տե՛ս Մտթ 16, 6+ և 16, 12+:
 
8, 17 - «Անզգայացա՞ծ են ձեր սրտերը». Տե՛ս 6, 52 և 6, 52+: – Բառացի՝ Քարացա՞ծ ունեք ձեր սիրտը: Գրաբար. «ապշութի՞ւն ունի զսիրտս ձեր»։
 
8, 18 - Հիսուսը աշակերտներին է ուղղում – այս անգամ հարցական ձևով – այն խոսքերը, որոնք 4, 11-12 հատվածում արտասանել էր նրանց վերաբերյալ, «ովքեր դրսում են»:
 
8, 19-21 - Հակառակ այն բանի, որ մոտիկից մասնակցել էին Հիսուսի ձեռամբ կատարված հրաշքներին, աշակերտները շարունակում են չհասկանալ, մանավանդ այն պահերին, երբ իրենք անձամբ ինչ որ մի կարիքի մեջ են հայտնվում (8, 14.16): Մանավանդ թե, նման դեպքերում թվում է, թե միշտ ավելի նվազ ու նվազ են հասկանում, դժվարանում են ուրիշներին քարոզված ճշմարտությունները կիրառել իրենց սեփական կյանքում, իրենց սեփական փորձառության մեջ: Եվ, ինչպես ասել էր փարիսեցիների վերաբերյալ (3, 5), Հիսուսն Իր աշակերտներին ևս հանդիմանում է «անզգայացած սիրտ» ունենալու համար (8, 17), այս առիթով գործածելով միևնույն բառապաշարը և՛ մտերիմների (աշակերտների), և՛ ընդդիմադիրների (փարիսեցիների) նկատմամբ: Վերջում տրվող հարցը, որ մեծապես ամաչեցնող է Հիսուսի (հին ու նոր) աշակերտների համար, վերամփոփում է ամբողջ հատվածի կենտրոնական գաղափարը. աշակերտները, Հիսուսի հետ սերտ հարաբերության մեջ լինելով հանդերձ, շատ անգամներ դժվարանում են ''տեսնել'', հասկանալ և ուղիղ մեկնաբանություն տալ իրականություններին, որոնց մասնակցում են: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ միշտ, և այսօր ևս:
 
8, 21 - Ձեռագրերի մի խումբ, Մարկոսի այս տողը Մտթ 16, 11 տողի հետ նույնացնելու նպատակով, գրում է. «Ուրեմն ինչպե՞ս չեք հասկանում»: Գրաբարը ևս. «Իսկ զիա՞րդ ոչ իմանայք»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։