14-23. Երուսաղեմի մեծ նեղությունը – Գրադարան – Mashtoz.org

14-23. Երուսաղեմի մեծ նեղությունը

→ Մտթ 24, 15-25; Ղկս 21, 20-24
≈ 2Օր 13, 1; 1Մկբ 1, 54; Դն 9, 27; 11, 31; 12, 1-11; Հվլ 2, 2
 
14Երբ, ապա, կտեսնեք ավերածության գարշանքը տեղ գտած այնտեղ, ուր չպետք է լիներ, – ով կարդում է, թող հասկանա, – այդ ժամանակ նրանք, ովքեր Հուդեայում կլինեն, թող լեռները փախչեն. 15ով տանիքի վրա կլինի, թող ներքև չիջնի ու ներս չմտնի իր տնից ինչ որ մի բան վերցնելու. 16և ով հանդում կլինի, իր վերարկուն վերցնելու համար թող ետ չվերադառնա: 17Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին: 18Աղոթեցե՛ք, որ դա չլինի ձմռանը, 19որովհետև դրանք օրերն են լինելու մի այնպիսի՜ նեղության, ինչպիսին մինչև հիմա երբե՛ք չի եղել արարչության սկզբից, որ ստեղծեց Աստված, և երբե՛ք չի լինելու: 20Եվ եթե Տերը չկարճեր այդ օրերը, ո՛չ ոք չէր փրկվի. բայց ընտրյալների պատճառով, որոնց ընտրել է, Նա այդ օրերը կարճեց: 21Եվ ուրեմն, եթե ինչ որ մեկը ձեզ ասի. ''Ահա՛, Քրիստոսն այստեղ է: Ահա՛, այնտեղ է'', չհավատա՛ք. 22որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ի հայտ գալու և նշաններ ու զարմանահրաշ գործեր են կատարելու, անգամ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան, եթե դա հնարավոր լիներ: 23Դուք, սակայն, զգո՛ւյշ եղեք: Ես ձեզ ամեն ինչ կանխավ ասացի:
13, 14-37 - Մինչ 5-13 տողերը պատասխանում էին չորս աշակերտների կողմից տրված «ե՞րբ» հարցին, 14-37 տողերը պատասխանում են «ո՞րն է լինելու նշանը» հարցին (4): Պատկերները համապատասխանում են կանխասումների հինկտակարանյան բառապաշարին (հմմտ. Ես 13, 10; 34, 4; Եզկ 32, 7; Ամս 8, 9; Հվլ 2, 10; Անգ 2, 6.21): Պաղեստինյան հորիզոնները, սակայն, գերազանցվում են վախճանի այս տիեզերական տեսիլքի մեջ, ուր գերիշխում է Քրիստոսի կերպարը: ꟷ
- Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի բացատրության համար՝ տե՛ս Մտթ 24, 15-51+:
 
13, 14 - «ավերածության գարշանքը». Որոշ ուսումնասիրողներ, քննության առնելով հունարեն բնագրի եզրերն ու դրանց զանազան կիրառումները, կարծիք են հայտնել, բավական համոզիչ կերպով, որ Դանիելի մարգարեությունից կատարված մեջբերումը Մարկոսի մոտ ավելի անձնական բնույթ է կրում, այնպես, որ «τὸ βδέλυγμα τῆς ἐρημώσεως» - «տօ բդելյուգմա տես էռեմօսէօս» արտահայտությունը կարող է թարգմանվել որպես «գարշելի ավերածու» կամ «սրբապիղծ ավերածու», որ տեղ է գրավում (նստավայր է հաստատում) այնտեղ, ուր իրեն թույլատրելի չէ: Այդպիսով, սույն արտահայտությամբ կհասկացվի ո՛չ այնքան ինքնին ավերածությունը, որքան այդ ավերածությունն ի կատար ածած ուժը՝ հռոմեական զորքը կամ զորավարը:
 
13, 20 - «եթե Տերը չկարճեր այդ օրերը». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «Իր ընտրյալների համար» խոսքերը, և «Տեր»ը փոխարինում են «Աստված» անվամբ: Գրաբարը ևս. «եթէ ոչ էր կարճեալ Աստուծոյ զաւուրսն զայնոսիկ՝ վասն ընտրելոց իւրոց»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։