14-23. Ուսուցում մաքուրի ու անմաքուրի մասին – Գրադարան – Mashtoz.org

14-23. Ուսուցում մաքուրի ու անմաքուրի մասին

→ Մտթ 15, 10-20;  ⁓ Մրկ 4, 10.13
≈ Մտթ 6, 23; 20, 15; Գրծ 10, 9-16; Հռմ 1, 29; 14; Կղս 2, 16.21-22
 
14Եվ մարդկանց նորից Իր մոտ կանչելով՝ Նա նրանց ասում էր. «Լսեցե՛ք ինձ բոլորդ և հասկացե՛ք. 15չկա մարդուց դուրս ոչի՛նչ, որ նրա մեջ մտնելով՝ կարող է պղծել նրան, այլ՝ այն բաները, որ դուրս են ելնում մարդու միջից, ա՛յդ բաներն են մարդուն պղծում»: [16]
17Եվ երբ մարդկանց բազմությունից բաժանվելով՝ Նա տուն մտավ, Նրա աշակերտները հարցրեցին Նրան այդ առակի մասին: 18Եվ Նա նրանց ասաց. «Դո՞ւք էլ հասկանալու կարողությունից այդքա՜ն զուրկ եք: Չեք հասկանո՞ւմ, որ ամեն բան, որ դրսից մտնում է մարդու մեջ, չի կարող պղծել նրան, 19քանի որ չի մտնում նրա սրտի մեջ, այլ՝ որովայնի, և ապա դուրս է ելնում կոյանոցի մեջ»: Այդպես Նա մաքուր էր հռչակում բոլոր կերակուրները: 20Ուստի և ասում էր, թե. «Ինչը որ դուրս է ելնում մարդուց, ա՛յն է պղծում մարդուն: 21Արդարև, ներսից՝ մարդու սրտից են ելնում չար մտածումները. պոռնկություններ, գողություններ, սպանություններ, շնություններ, 22ագահություններ, չարագործություններ, նենգություն, անառակություն, չարակամություն, զազրախոսություն, ամբարտավանություն, անբարեխղճություն: 23Այս բոլոր չարիքները ներսից են դուրս ելնում, և սրա՛նք են մարդուն պղծում»:
7, 14-17 - Ինչպես Իր սովորությունն էր, Իր մանկավարժական ոճը, Հիսուսը նախ ժողովրդին ներկայացնում է ընդհանուր սկզբունքը, ապա աշակերտներին, առանձին, տալիս է առավել մանրամասն բացատրություններ, որոնք նրանք, հետո, ներկայացող որևէ պատեհ առիթով, կարող էին փոխանցել ժողովրդին: Նմանատիպ բազմաթիվ ուսուցումներ են տրվել Առաքյալներին, որոնք գրի չեն առնվել Ավետարաններում, այլ՝ բանավոր ավանդմամբ կյանք են տվել Սրբազան Ավանդությանը (տե՛ս Հվհ 21, 25):
 
7, 15 - «չկա ... ոչի՛նչ». Աստծո արարչությունն ինքնըստինքյան բարի է, մանավանդ թե՝ շա՜տ բարի (Ծնդ 1, 31), և նրանում չկա ինքնըստինքյան պիղծ կամ չար կամ խուսափելի ոչի՛նչ, բացարձակապե՛ս ոչինչ: Մա՛րդն է, իր ազատ կամքով, իր կողմից կատարված սխալ ընտրություններով, որ վատ նպատակի համար գործածելով՝ անմաքուր է դարձնում նաև բարի բաները:
- «պղծել». Հուն. «κοινόω» - «կոյնոօ». Բայի սկզբնական իմաստով՝ պարզ ու սովորական դարձնել, հատուկ ու վերապահված նկարագրից զրկել, սրբազան նկարագիրը խախտել, աշխարհիկացնել: Եվ որպես ածանցյալ իմաստ՝ կրոնական առումով անմաքուր դարձնել, այսինքն՝ դարձնել այնպիսին, որ այլևս չի կարող գործածվել աստվածային պաշտամունքի մեջ:
 
7, 16 - Այս տողը – «Եթե մեկն ականջներ ունի լսելու, թող լսի», գրաբար. «Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ» – չի գտնվում հնագույն և լավագույն ձեռագրերում: Ավելացվել է ավելի ուշ շրջանում, հավանաբար՝ 4, 9.23 տողերի նմանությամբ:
 
7, 17 - «տուն մտավ». Տե՛ս Մտթ 15, 12-14+: ꟷ
- «աշակերտները». Տե՛ս Մտթ 15, 15+:
 
7, 19 - «Այդպես Նա մաքուր էր հռչակում բոլոր կերակուրները». Հունարեն բնագրի շարահյուսությունն այնպիսին է, որ հնարավոր է նաև ա՛յլ կերպ թարգմանել. « ... դուրս է ելնում ... մաքրելով բոլոր կերակուրները»: Գրաբարն այդպես է. « ... արտաքս ելանէ, եւ սրբէ զամենայն կերակուրսն»։ Այս տարբերակը, սակայն, լավ չի կապակցվում հատվածի ընդհանուր մտքի հետ:
 
7, 20 - «ասում էր». Ձայներանգն այնպիսին է, որ կարծես ուզում է հասկացնել, որ տվյալ խոսքը միայն այդ առիթով չէ, որ Հիսուսն ասել է, այլ՝ նմանատիպ ա՛յլ առիթներով ևս «ասում էր» այդ խոսքը (արտահայտում էր այդ միտքը):
 
7, 21 - «մտածումները». Հուն. «διαλογισμός» - «դիալոգիսմոս», որով չեն մատնանշվում պարզ մտքերը, այլ՝ սեփական ուղեղի մեջ առաջ տարվող պատճառաբանությունները, հաշվարկները, մտորումները, որոնցով գծագրվում, ծրագրվում, նախապատրաստվում է գործը: Ի մասնավորի, դա պատճառաբանություն է, որ հիմնված է սեփական դիրքորոշումների շուրջ ետ ու առաջ գնալ-գալուն, ուստի և շփոթված է, սեփական նախապաշարումներով հագեցած:
 
7, 22 - «չարակամություն». Հուն. «ὀφθαλμὸς πονηρός» - «օֆթալմոս պոնեռոս». Բառացի՝ չար աչք, այսինքն՝ նախանձ և դրանից ծնվող չարակամություն: Հմմտ. նաև Մտթ 20, 15 և 20, 15+: ꟷ
- «զազրախոսություն». Հուն. «βλασφημία» - «բլասֆեմի՛ա». Տե՛ս Մտթ 9, 3+-ի առաջին մասը: ꟷ
- «անբարեխղճություն». Հուն. «ἀφροσύνη» - «աֆռոսյունէ». Անբարեխղճություն նշանակելուց բացի, սույն եզրը (որ Ավետարաններում գործածվում է միայն այս տողում) նշանակում է նաև հիմարություն (հմմտ. 2Կր 11, 1.17.21), խելապակասություն, իմաստազուրկ վիճակ, անշրջահայացություն (գրաբարը. «անզգամութիւն»): Որոշ թարգմանություններ այս տողում ևս նախընտրում են գործածել «հիմարություն» եզրը, դրա մեջ տեսնելով անկարողությունը՝ հասկանալու Հիսուսի ուսուցումները (հմմտ. 7, 18): ꟷ
- Նմանատիպ ցանկեր գտնվում են նորկտակարանյան ա՛յլ հատվածներում ևս. հմմտ. Հռմ 1, 29-31; Գղտ 5, 19-21; 1Պտ 4, 3: Այս տողի ցանկն էլ տարբեր ձեռագրերում թեթևակիորեն տարբեր բովանդակությամբ կամ հերթականությամբ է ներկայանում: Գրաբարում. «շնութիւնք, պոռնկութիւնք, գողութիւնք, սպանութիւնք, ագահութիւնք, չարութիւնք, նենգութիւնք, գիջութիւն, չարակնութիւն, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։