15-17. Ճաշ մեղավորների հետ – Գրադարան – Mashtoz.org

15-17. Ճաշ մեղավորների հետ

→ Մտթ 9, 10-13; Ղկս 5, 29-32
 
15Եվ այնպես եղավ, որ երբ Նա բազմեց նրա տանը, բազմաթիվ մաքսավորներ ու մեղավորներ բազմեցին Հիսուսի և Նրա աշակերտների հետ. նրանց թիվն իրոք մեծ էր և նրանք աշակերտել էին Նրան: 16Այնժամ փարիսեցիների օրենսգետները տեսնելով, որ Նա ուտում է մեղավորների ու մաքսավորների հետ, Նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է Նա մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»: 17Եվ լսելով սա, Հիսուսն ասաց նրանց. «Առողջները չէ, որ բժշկի կարիք ունեն, այլ՝ հիվանդները: Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին»:
2, 15 - «բազմեց ... բազմեցին». Տե՛ս Մտթ 26, 20+: ꟷ
- «նրանց թիվն իրոք մեծ էր և նրանք աշակերտել էին Նրան». Հրեական կրոնական իշխանությունների կողմից արհամարհված ու խտրականությունների զոհ դարձած մեղավորները վերջապես գտել էին մի Վարդապետ, Ով – Ինքը Աստծո Սուրբը լինելով հանդերձ – չէր խուսափում իրենցից և հոգատարություն էր դրսևորում իրենց հանդեպ (հմմտ. Մտթ 11, 19): Զարմանալի չէ, հետևաբար, որ «աշխարհն ամբողջ գնում էր Նրա ետևից» (հմմտ. Հվհ 12, 19): Հրեա իշխանությունները, սակայն, դաս քաղելու փոխարեն միայն նախանձում էին, «փակում էին երկնքի արքայությունը մարդկանց առաջ. իրենք չէին մտնում և ուրիշների էլ չէին թողնում մտնել» (հմմտ. Մտթ 23, 13):
 
2, 16 - «փարիսեցիների». Տե՛ս Մտթ 3, 7+-ի առաջին մասը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։