15-18. Տիեզերական առաքելությունը – Գրադարան – Mashtoz.org

15-18. Տիեզերական առաքելությունը

→ Մտթ 28, 18-20;  ⁓ Մրկ 13, 10
≈ Մտթ 10, 1; Ղկս 10, 19; Գրծ 1, 8; 2, 4.11.38; 40, 46; 28, 3-6; Կղս 1, 23; 1Տմ 4, 14
 
15Եվ Նա նրանց ասաց. «Գնացե՛ք ողջ աշխարհով մեկ, քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին: 16Ով հավատա ու մկրտվի, կփրկվի. իսկ ով չհավատա, կդատապարտվի: 17Արդ, սրանք են լինելու նշանները, որ ուղեկցելու են նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր են հանելու, նոր լեզուներ են խոսելու, 18իրենց ձեռքերում օձեր են բռնելու, և եթե ինչ որ մի թույն խմեն, դա նրանց չի վնասելու. իրենց ձեռքերը հիվանդների վրա են դնելու և նրանք լավանալու են»:
16, 15 - «Գնացե՛ք ... քարոզեցե՛ք ... ». Բնագրում բառացի այսպես է. «Գնալով (կամ՝ շրջելով) ողջ աշխարհով մեկ, քարոզեցե՛ք ... »: ꟷ
- «բոլոր արարածներին». Հուն. «πάσῃ τῇ κτίσει» - «պասէ տէ կտիսեյ». Բառացի. «ողջ արարչությանը»: Հունարեն եզրը («κτίσις» - «կտիսիս») մատնանշում է ոչնչից արարված բոլոր իրողությունները, ողջ բնությունը, տիեզերքը, արարածներին, ապա նաև մարդկային իրականությունները, հասարակությունը, հիմնարկները, կարգավորումները: Այս արմատից է նաև «Κτίστης» - «Կտիստես» գոյականը, որ նշանակում է Արարիչ, ոչնչից Ստեղծող, որը Նոր Կտակարանում գործածվում է միայն մեկ անգամ (1Պտ 4, 19):
 
16, 16 - «ով չհավատա, կդատապարտվի». Չի նշվում, թե ո՛ւմ կողմից կդատապարտվի և թե ինչի՛ կդատապարտվի, բայց նախադասության կազմությունից հետևում է, որ ով չհավատա ներկայացված պատգամին, ինքն իրեն կդատապարտի այդ պատգամի բովանդակությունից զրկվելուն: Արդ, Հիսուսի պատգամը Հույսի ու Սիրո պատգամն է, որին հարկավոր է Հավատք ընծայել: Եթե մեկը Հավատք չի ընծայում Հիսուսի կողմից ներկայացված Հույսի ու Սիրո պատգամին, ինքն իրեն դատապարտում է աստվածային ու հավիտենական Հույսից ու Սիրուց զրկվելու վիճակին:
 
16, 17 - «նոր լեզուներ». Հուն. «γλώσσαις λαλήσουσιν καιναῖς» - «գլոսսաիս լալեսուսին կայնաիս». «Καινός» - «կայնոս» ածականը նշանակում է նոր, թարմ, անսովոր, նորահայտ: Որոշ ձեռագրեր բաց են թողնում այս ածականը: Գրաբարը ևս. «լեզուս խօսեսցին»։
 
16, 18 - «իրենց ձեռքերում». Որոշ հին ձեռագրերում բացակայում է այս նշումը՝ արտահայտությանը տալով «օձեր որսալու» իմաստ, օձերի հետ շփումից անվնաս մնալու իմաստի փոխարեն: Դա նույնպես կարող է ընդունելի լինել հատվածի ընդհանուր համատեքստում. կարող է նշանակել, այսինքն, որ Քրիստոսին հավատացողները մարդկանց միջից որսալու և հեռացնելու են Ադամին ու Եվային խաբած հինավուրց օձի սերունդներին: Եթե «իրենց ձեռքերում» նշումով արտահայտության իմաստը խիստ անձնական է ու հիացմունք արթնացնող, առանց այդ նշման՝ իմաստը դառնում է հասարակական, միսիոներական ծառայության: ꟷ
- «ինչ որ մի թույն խմեն». Հուն. «θανάσιμόν τι πίωσιν» - «թանասիմոն տի պիօսին». Բնագրում «թույն» գոյականի փոխարեն «մահացու» ածականն է («θάνατος» - «թանատոս» - «մահ» գոյականից), որը Նոր Կտակարանում գործածվում է միայն այս տողում: Բառացի՝ «որևէ մահացու» [բան]: «Խմեն», կամ նաև՝ ընկալեն, յուրացնեն: Արտահայտությունը, հետևաբար, հնարավոր է հասկանալ նաև որպես. «եթե (իբրև անհատ) ինչ որ մի մահացու բան (մեղք) իրենց մեջ ընկալեն, դա նրանց (իբրև ընդհանրություն, իբրև Եկեղեցի) մահացու վնաս չի պատճառելու»: ꟷ
- «իրենց ձեռքերը». Բնագրում՝ «հիվանդների վրա ձեռքեր են դնելու», առանց «իրենց» դերանվան: ꟷ
- «հիվանդների». Հուն. «ἐπὶ ἀρρώστους» - «էպի առռօստուս». Առավել ճշգրիտ իմաստով, խոսքը անբուժելի (խրոնիկ) հիվանդություններով տառապողների մասին է, ո՛չ թե որևէ տեսակ հիվանդի: Սույն եզրը Նոր Կտակարանում գործածվում է ընդամենը հինգ անգամ (Մտթ 14, 14; Մրկ 6, 5.13; 16, 18; 1Կր 11, 30): ꟷ
- «լավանալու են». Հուն. «καλῶς ἕξουσιν» - «կալօս հեքսուսին». «Կալոս» ածականն առաջին հերթին նշանակում է գեղեցիկ, որպես ինչ որ մի բանի արտաքին հատկություն. ինչ որ մի բանի, որը ներքուստ լավն է ու բարի, վեհ, արժեքավոր, պատվական: Ուստի, բառացի կարող է թարգմանվել «գեղեցիկ կդառնան»: Հետևաբար, այս «լավանալը» պարտադիր կերպով չի հասկացվում որպես ֆիզիկական «բժշկություն», այլ՝ ներքին ապաքինում, հոգու ուժերի վերականգնում, իրավիճակի իմաստի ձեռքբերում, մարդու ամբողջական էության բարելավում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։