
15-19. Վաճառականների վտարումը Տաճարից
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 21, 12-13.17; Ղկս 19, 45-48; Հվհ 2, 14-16
≈ Ես 56, 7; Երմ 7, 11
15Եվ հասան Երուսաղեմ: Եվ տաճար մտնելով՝ Նա սկսեց դուրս վռնդել նրանց, ովքեր վաճառում և գնում էին տաճարում, և լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց. 16և թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով ապրանք անցկացնի: 17Եվ նրանց ուսուցանում և ասում էր. «Մի՞թե գրված չէ.
Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի
բոլոր ժողովուրդների համար։
Դուք, մինչդեռ, ավազակների որջի եք վերածել այն»:
18Եվ քահանայապետներն ու օրենսգետները լսեցին դա, և խորհում էին, թե ինչպե՛ս կորստյան մատնեն Նրան, քանի որ վախենում էին Նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիացած էր Նրա ուսուցման վրա: 19Եվ երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան:
11, 15-19 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 21, 12-17+:
11, 15-17 - Հիսուսի արարքն ուղղակի հետևանքն է այն ամենի, որ Նա տեսել էր Տաճարում նախորդ օրը (11): Առևտրականների վտարումը և այդ առիթով Հիսուսի կողմից արտասանված խոսքերը միանշանակ կերպով ցույց են տալիս, որ Նա բացարձակապես դեմ չէ ո՛չ Տաճարին, ո՛չ էլ այդտեղ կատարվող ծիսական պաշտամունքին, այլ՝ ընդհակառակը, չարաշահումներից մաքրագործելով՝ կամենում է վերադարձնել Տաճարն ու ծիսական պաշտամունքը իրենց սկզբնական անաղարտությանը: Վավերական ուսուցում՝ բոլոր սերունդների համար:
11, 16 - Հավանաբար ակնարկ է կատարվում այն փաստին, որ Տաճարի «Հեթանոսների» կոչվող սրահը սովորաբար գործածվում էր որպես կարճ ճանապարհ՝ քաղաքից դեպի Ձիթենյաց լեռ, այդպիսով աղմկալի իրարանցում և շուկայական խառնաշփոթ առաջացնելով մարդկանց անցուդարձի ու ապրանքների տեղափոխման պատճառով:
11, 17 - Մատթեոսից (21, 13) ու Ղուկասից (19, 46) տարբերվելով, Մարկոսն ամբողջացնում է Ես 56, 7 տողից կատարված մեջբերումը՝ ավելացնելով «բոլոր ժողովուրդների համար» խոսքերը: Այդպիսով ընդգծում է Հիսուսի կամքը՝ Աստծուն մոտեցնելու նաև հեթանոսներին:
11, 18 - Ընդգծվում է տարբերությունը քահանայապետների ու օրենսգետների և պարզ ժողովրդի դիրքորոշումների միջև: Իշխանությունն ու ինքնագոհ ինքնահավանությունը կուրացրել էին Իսրայելի կրոնական իշխանավորներին: Մշտատև ուսուցում՝ բոլոր ժամանակների Եկեղեցու համար: