16-20. Առաջին չորս աշակերտների կոչումը – Գրադարան – Mashtoz.org

16-20. Առաջին չորս աշակերտների կոչումը

→ Մտթ 4, 18-22; Ղկս 5, 1-11
≈ Մտթ 13, 47
 
16Գալիլեայի ծովեզրով անցնելիս Նա տեսավ Սիմոնին և Անդրեասին՝ Սիմոնի եղբորը, մինչ ուռկանները ծովն էին գցում. նրանք, իրոք, ձկնորսներ էին: 17Հիսուսը նրանց ասաց. «Եկե՜ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»: 18Եվ ուռկաններն իսկույն թողնելով՝ գնացին Նրա հետևից: 19Մի քիչ առաջ գնալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին, և Հովհաննեսին՝ նրա եղբորը, մինչ ուռկաններն էին կարգի բերում նավակի մեջ: 20Եվ կանչեց նրանց: Եվ նրանք իրենց հորը՝ Զեբեդեոսին վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով՝ իսկույն գնացին Նրա հետևից:
1, 16 - «Գալիլեայի Ծով»ը Գեննեսարեթի լիճն է (հմմտ. Մտթ 4, 18): ꟷ
- «Սիմոն»ը Պետրոսն է: 3, 16 տողից սկսած, բացառությամբ 14, 37 տողի, միշտ հիշատակվելու է Պետրոս անունով: ꟷ
- «Ուռկան»ները գործածվում էին նավակ չունեցող ձկնորսների կողմից, ովքեր դրանք ծովն էին գցում ափին կանգնած: «Ուռկանները գցել» բայը («ἀμφιβάλλω» - «ամֆիբալլօ») Նոր Կտակարանում գործածվում է միայն այս տողում:
 
1, 17 - «Եկե՜ք իմ հետևից». Նրանք, որոնց Հիսուսը կոչ է ուղղում հետևելու Իրեն (1, 20; 2, 14; Մտթ 19, 21.27-28; Ղկս 9, 57-62; հմմտ. 2Օր 13, 3.5; 1Թգ 14, 8; 19, 20; և այլն), պարտավոր են, Նրա ճակատագիրը կիսելու համար, թողնել ամեն բան (10, 21.28), պատրաստակամ լինել տառապանքի ու խաչակրության (Մտթ 10, 38; 16, 24; հմմտ. Հվհ 12, 24-26): Այն աշակերտների համար, ովքեր անձամբ չէին ճանաչել Հիսուսին, Առաքյալների կողմից արտահայտվում են նմանատիպ գաղափարներ, որպես Նրա հետ հաղորդություն (Փլպ 3, 10; 1Հվհ 1, 3; և այլն) ու կերպարանակցություն (2Թղ 3, 7): ꟷ
- «մարդկանց որսորդներ». Բառացի. «մարդկանց ձկնորսներ» («ἁλιεῖς ἀνθρώπων» - «հալիեիս անթռօպօն»):
 
1, 18 - «իսկույն». Հուն. «εὐθὺς» - «էություս», որ նշանակում է ուղիղ, ավելորդ ոլորաններ չունեցող (տե՛ս նաև Մտթ 3, 3+-ի երրորդ մասը), ուստի, տվյալ դեպքում, մատնանշում է գործելու պատրաստակամություն՝ առանց կամուկացների, հապաղումների ու երկմտությունների: Նոր Կտակարանում, իր զանազան տարբերակներով գործածվում է 95 անգամ, որոնցից 43ը՝ Մարկոսի Ավետարանում: Հիսուսի կանչին տրվող այս անմնացորդ կերպով պատրաստակամ պատասխանի գաղափարը (գրաբար. «վաղվաղակի») խիստ հոգեհարազատ է Մարկոսի ուսուցչին՝ Պետրոս Առաքյալին, որի վկայությունն է ամփոփված Մարկոսի Ավետարանում:
 
1, 20 - « ... նավակի մեջ ... վարձու աշխատողների հետ ... ». Նավակի և վարձու աշխատողների հիշատակումը մատնանշում է, որ Զեբեդեոսի ձկնորսական ընկերությունը որոշակի չափով կայացած ձեռնարկատիրություն էր, որի բնական ժառանգներն էին հանդիսանում Հակոբոսն ու Հովհաննեսը: Ուստի երկու եղբայրների պատրաստակամությունը, որով թողնում են ամեն բան և դառնում Հիսուսի աշակերտները, բնավ աննշան արարք չէ (Մատթեոսի, Պողոսի և նորկտակարանյան ա՛յլ անձնավորությունների նման): ꟷ
- «Վարձկան» եզրը («μισθωτός» - «միսթօտոս») միայն 3 անգամ է գործածվում Նոր Կտակարանում. այստեղ և Հվհ 10, 12-13 տողերում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։