17-21. Հուդայի դավաճանության բացահայտումը – Գրադարան – Mashtoz.org

17-21. Հուդայի դավաճանության բացահայտումը

→ Մտթ 26, 20-25; Ղկս 22, 14.21-23; Հվհ 13, 21-30
≈ Սղմ 41, 10
 
17Եվ երբ երեկո եղավ, Նա եկավ Տասներկուսի հետ: 18Եվ մինչ նրանք բազմած էին և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ. նա, ով ուտում է իմ հետ»: 19Նրանք սկսեցին տրտմել և ասել Նրան մեկ առ մեկ. «Մի՞թե ես եմ»: 20Եվ Նա նրանց ասաց. «Տասներկուսից մեկը. նա, ով իմ հետ թաթախում է պնակի մեջ: 21Ճի՛շտ է, Մարդու Որդին գնում է, ինչպես որ գրված է իր մասին, բայց վա՜յ այն մարդուն, ում կողմից Մարդու Որդին դավաճանվում է: Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»:
14, 19 - «Մի՞թե ես եմ». Հուն. «Μήτι ἐγώ» - «Մետի էգօ». Բառացի՝ մի՛ թե ես: Գրաբարը. «մի թէ ե՞ս իցեմ»։ Աշակերտներն այն աստիճան ցնցված են, որ նրանցից յուրաքանչյուրը սկսում է կասկածել ինքն իրեն, բայց նրանց հարցը (ըստ հունարեն բնագրի քերականական ձևի) ձևակերպված է այնպես, որ պատասխանը կարող է միայն բացասական լինել: Հարցը իմաստային տարբերակով հնարավոր կլիներ թարգմանել այսպես. «Ես չեմ, չէ՞»: ꟷ
- Ձեռագրերի մի խումբ աշակերտների հարցը ներկայացնում է կրկնակի տարբերակով: Գրաբարը նույնպես. «Եւ նոքա սկսան տրտմել եւ ասել մի ըստ միոջէ. Մի թէ ե՞ս իցեմ, եւ միւսն՝ մի թէ ե՞ս իցեմ»։
 
14, 20 - «Տասներկուսից». Հունարեն բնագրում բացակայում է դեմք և թիվ արտահայտող որևէ նշում: Գրաբարը կոնկրետացնում է. «յերկոտասանից այտի», այսինքն՝ Տասներկուսիցդ, որ այստեղ եք: Բնագրում, մինչդեռ, Հիսուսի պատասխանն ամբողջովին անդեմ ու անորոշ է: Նաև նշումը, թե «նա, ով իմ հետ թաթախում է պնակի մեջ», ամբողջովին անորոշ է, որովհետև սեղանի շուրջը գտնվողներից յուրաքանչյուրը հացի պատառներն ուտելուց առաջ դրանք թաթախում էր մրգերով ու բանջարեղեններով պատրաստված թացանի մեջ, որը մեկ պնակով դրված էր լինում սեղանի կենտրոնում (բայց եթե Մատթեոսն ասում է. «ձեռքը մտցրեց», Մարկոսի մոտ բացակայում է անգամ «պատառի» նշումը, այն աստիճան, որ որոշ ձեռագրեր ավելացնում են՝ խուսափելով Մարկոսի այս ամբողջական անորոշությունից, որը, սակայն, այն աստիճան ամբողջական է, որ չի կարող պատահական լինել. Մարկոսը դիտավորյալ կամեցել է անորոշ թողնել դրվագի մանրամասնությունները): Հովհաննեսն (13, 26-27) ու Մատթեոսն (26, 25) են, որ ներկայացնում են տարբերակներ, որոնց հիման վրա հասկացվում է, որ խոսքը Հուդա Իսկարիովտացու մասին է: ꟷ
- «թաթախում է». Հուն. «ἐμβαπτόμενος» - «էմբապտոմենոս». Բառացի՝ ընկղմում է: Գրաբար. «մխեաց»։ Այս եզրը Նոր Կտակարանում գործածվում է միայն երկու անգամ. այստեղ և Մտթ 26, 23 զուգահեռ տողում: Նույն արմատն ունի, ինչ «βαπτίζω» - «բապտիզօ» - «սուզել» բայը, որ գործածվում է Մկրտության դրվագներում: Այս բայի գործածումը, Մատթեոսի ու Մարկոսի մոտ «պատառ» բառի բացակայությունը և Մատթեոսի (նաև Ղուկասի) մոտ «ձեռքի» հիշատակումը ոմանց մղել են կարծիք հայտնելու, թե խոսքն այստեղ իրականում ուտելուց առաջ ձեռքերը լվանալուն է վերաբերվում: Այս կարծիքը ոչնչով չի հակասում Հովհաննեսի կողմից ներկայացված տարբերակին, մանավանդ թե՝ օգնում է լուծել համատես երեք Ավետարանների ու Հովհաննեսի միջև առկա տարբերությունը: Խոսքն իրականում կարող է վերաբերվել միևնույն ընթրիքի երկու տարբեր պահերի. մինչ համատես Ավետարաններում դրվագը տեղակայվում է ընթրիքի սկզբում, ընթրիքից առաջ ձեռքերը լվանալու պահին, Հովհաննեսի կողմից դրվագը տեղակայվում է ընթրիքի ժամանակ, մինչ Հիսուսը մի պատառ է թաթախում և այն տալիս է Հուդային:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։