17-29. Հովհաննես Մկրտչի գլխատումը – Գրադարան – Mashtoz.org

17-29. Հովհաննես Մկրտչի գլխատումը

→ Մտթ 14, 3-12; Ղկս 3, 19-20
≈ Ղկս 18, 23; Ղևտ 18, 16; Եսթ 5, 3.6
 
17Եվ իրոք, նա ինքը՝ Հերովդեսը, մարդիկ ուղարկելով՝ ձերբակալել էր տվել Հովհաննեսին և շղթայել էր նրան բանտում, իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիադայի պատճառով, քանի որ Հերովդեսն ամուսնացել էր նրա հետ: 18Հովհաննեսը, մինչդեռ, Հերովդեսին ասում էր. «Քո համար օրինավոր չէ եղբորդ կնոջը քեզ իբրև կին ունենալը»: 19Դրա համար էլ Հերովդիադան ոխ էր պահել նրա դեմ և ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 20որովհետև Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից, իմանալով, որ նա արդար և սուրբ մարդ է, և հովանավորում էր նրան. և թեև նրան լսելիս մեծապես տարակուսած էր մնում, այդուհանդերձ՝ նրան հոժարությամբ էր լսում:
21Սակայն մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրվա կապակցությամբ խնջույք կազմակերպեց իր արքունիքի մեծամեծների ու հազարապետների և Գալիլեայի երևելիների համար: 22Եվ իր իսկ՝ Հերովդիադայի դուստրը, ներս մտնելով՝ պարեց և դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին: Եվ այդ ժամանակ թագավորն աղջկան ասաց. «Խնդրիր ինձնից ի՛նչ ուզում ես և ես կտամ քեզ»: 23Եվ երդվեց նրան. «Ի՛նչ էլ որ խնդրես ինձնից, ես կտամ քեզ, մինչև իսկ թագավորությանս կեսը»: 24Եվ դուրս ելնելով՝ նա իր մորը հարցրեց. «Ի՞նչ պետք է խնդրեմ»: Եվ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»: 25Եվ շուտափույթ թագավորի մոտ վերադառնալով, նա իսկույն պատասխանեց՝ ասելով. «Ուզում եմ, որ հիմա, իսկո՛ւյն, ինձ տաս, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»: 26Թագավորը սաստիկ տրտմեց, բայց երդումների ու սեղանակիցների պատճառով չուզեց մերժել նրան: 27Եվ թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց բերել նրա գլուխը: 28Եվ գնալով՝ դահիճը գլխատեց նրան բանտում և նրա գլուխը սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն այն տվեց իր մորը: 29Երբ կատարվածի մասին լսեցին, նրա աշակերտները եկան ու վերցրեցին նրա մարմինը, և դրեցին դամբանի մեջ:
6, 17-29 - Հովհաննես Մկրտչի բանտարկության ու սպանության այս պատմությունը բազմաթիվ նմանություններ ունի Հիսուսի չարչարանքների մանրամասների հետ (15, 1-47): Ե՛վ Հերովդեսը, և՛ Պիղատոսը, ի մասնավորի, ընդունում են սրբությունն ու անմեղությունը նրա, ով անարդար կերպով դատապարտվում է մահվան (26-27; 15, 9-10.14-15): Հովհաննեսի հանդեպ Հերովդիադայի ատելությունը նմանվում է Հիսուսի հանդեպ քահանայապետների ու իրենց համախոհների տածած ատելությանը: Ե՛վ Հովհաննեսի, և՛ Հիսուսի մահից հետո, զոհերի մարմինները նրանց աշակերտների կողմից խնդրվում են իշխանություններից, և վերցվում են՝ արժանապատիվ թաղման նպատակով (29; 15, 45-46): Նմանություն, որն արդեն Հիսուսի կողմից իսկ կանխավ ավետվել էր (Մտթ 17, 12): – Այս հատվածում հանդիպող որոշ տվյալների վերաբերյալ՝ տե՛ս նաև Մտթ 14, 1-12+:
 
6, 17 - «բանտում». Բանտը, որի մասին խոսվում է այստեղ, հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիոսի համաձայն՝ եղել է Մախերոնի ամրոցը, Պերեայում, Մեռյալ Ծովի արևելյան ափին, Հորդանանի ակունքից մոտ 25 կմ դեպի հարավ-արևելք գտնվող բլրան գագաթին: Առաջին ամրոցը կառուցվել էր Ք.ա. 90թ.ին և հռոմեացիների կողմից ավերվել էր Ք.ա. 57թ.ին: Երկրորդ ամրոցը կառուցվել էր Հերովդես Առաջին Մեծի կողմից Ք.ա. 30թ.ին և գրեթե անմիջապես անցել էր նրա ժառանգին՝ Հերովդես Անտիպասին: Հովհաննես Մկրտչի մահից (մոտ 32թ. Ք.հ.) մի քանի տարի անց՝ 36/37 թվականների միջև ընկած ձմռան ամիսներին, ամրոցը գրավում և հիմնահատակ ավերում են Նաբաթեայի թագավոր Արետաս Չորրորդի զորքերը, ինչը և հրեա ժողովրդի կողմից մեկնաբանվում է որպես աստվածային պատիժ՝ Հովհաննես Մկրտչի գլխատման համար: ꟷ
- «եղբոր». Փիլիպպոսն, իրականում, Անտիպասի խորթ եղբայրն էր: Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպե՛ս էին այդ ժամանակ «եղբայր» անվանվում տոհմի բոլոր անդամները (տե՛ս Մտթ 12, 46+-ի առաջին մասը):
 
6, 18 - Բնագիրը չունի «քեզ իբրև կին» բառերը: Գրաբարը նույնպես. «ոչ է օրէն քեզ ունել զկին եղբօր քոյ»։
 
6, 20 - Ձեռագրերի մի փոքր խումբ ա՛յլ տարբերակ է ներկայացնում, որոնց համապատասխանում է նաև գրաբարը. «Զի Հերովդէս երկնչէր 'ի Յովհաննէ. քանզի գիտէր զնա այր արդար եւ սուրբ, եւ սպասէր նմա. եւ լուեալ 'ի նմանէ բազում ինչ՝ առնէր, եւ քաղցրութեամբ լսէր նմա»։
 
6, 22 - Ընդհանրապես ստրկուհիներն ու պալատական պոռնիկներն էին պարում խնջույքների ժամանակ: Հետևաբար, դուստրը պակաս անբարո չի ներկայանում, քան մայրը, որ քիչ անց պահանջում է գլխատել Հովհաննես Մկրտչին:
 
6, 29 - «նրա աշակերտները». Հովհաննեսի հետևորդ-աշակերտները – որոնք ևս մեկ անգամ հիշատակվել էին 2, 18 տողում – պետք է որ բավական բազմաթիվ եղած լինեն և բավական տարածված, եթե հաշվի առնենք, որ Պողոս Առաքյալը նրանցից ոմանց տակավին հանդիպում է Եփեսոսում, իր առաքելական երրորդ ճամփորդության ժամանակ (Գրծ 19, 1-7):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։