18-27. Մեռյալների հարությունը – Գրադարան – Mashtoz.org

18-27. Մեռյալների հարությունը

→ Մտթ 22, 23-33; Ղկս 20, 27-40
≈ Մտթ 8, 11; Ղկս 16, 22; Ծնդ 38, 8; Ել 3, 2.6; 2Օր 25, 5-6
 
18Եվ Նրա մոտ սադուկեցիներ եկան, որոնք ասում են, թե՝ հարություն չկա. և հարց տվեցին Նրան, ասելով. 19«Վարդապետ, Մովսեսը մեր համար գրել է, որ եթե մեկի եղբայրը մահանա և կին թողնի ու զավակ չթողնի, նրա եղբայրը պետք է առնի կնոջը և իր եղբոր համար սերունդ ապահովի: 20Յոթ եղբայրներ կային. և առաջինը կին առավ, և մահանալով՝ սերունդ չթողեց. 21և երկրորդը նրան առավ, և մահացավ՝ սերունդ չթողնելով. և երրորդը՝ նույն կերպ. 22և յոթն էլ սերունդ չթողեցին: Բոլորից հետո մահացավ նաև կինը: 23Հարության ժամանակ, երբ նրանք հարություն առնեն, նրանցից ո՞ր մեկի կինը կլինի նա, քանի որ յոթն էլ նրան որպես կին ունեցան»: 24Հիսուսը պատասխանեց նրանց. «Հենց դրա համար չէ՞, որ դուք մոլորվում եք, քանի որ չեք ճանաչում Գրվածքները, և ո՛չ էլ՝ Աստծո զորությունը: 25Արդարև, երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ մարդու են գնալու, այլ՝ լինելու են այնպես, ինչպես հրեշտակները երկնքում: 26Իսկ ինչ վերաբերվում է մեռյալներին, թե հարություն են առնելու, դուք չեք կարդացե՞լ մորենու մասին, Մովսեսի գրքում, թե ինչպե՛ս Աստված խոսեց նրան՝ ասելով. ''Ես եմ Աբրահամի Աստվածը, և Իսահակի Աստվածը, և Հակոբի Աստվածը'': 27Նա մեռյալների Աստվածը չէ, այլ՝ ողջերի: Դուք մեծապես մոլորված եք»:
12, 18-27 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 22, 23-33+:
 
12, 18 - «սադուկեցիներ». Տե՛ս Մտթ 3, 7+-ի երկրորդ մասը: ꟷ
- «հարություն չկա». Հին Կտակարանի սակավաթիվ հատվածները, ուր խոսվում է մեռելների հարության մասին, չեն գտնվում Մովսեսի Հնգամատյանում (տե՛ս Ես 25, 8; 26, 19; Սղմ 73, 24-25; Դն 12, 1-3): – Տե՛ս նաև 9, 10+:
 
12, 19 - «սերունդ». Հուն. «σπέρμα» - «սպեռմա». Բառացի՝ սերմ, ցանված հատիկ: Գրաբարը. «զաւակ»։ Նույնը նաև 20.21.22 տողերում: ꟷ
- «ապահովի». Հուն. «ἐξαναστήσῃ» - «էքսանաստեսէ». Բառացի՝ ոտքի կանգնեցնի, բարձրացնի: Գրաբարը. «յարուսցէ»։
 
12, 20 - Որոշ ձեռագրեր, Մատթեոսի զուգահեռ տողի նմանությամբ, նախադասությունը սկսում են «Արդ, մեր մոտ» բառերով: Գրաբարը նույնպես. «Արդ եղբարք եօթն էին առ մեզ»։ ꟷ
- «Յոթ եղբայրներ». Սադուկեցիների կողմից բերված օրինակն ամենայն հավանականությամբ Տովբիթի գրքում պատմվող պատմությունն է (6, 13), ուր ասվում է, որ Սառան կնության էր տրվել յոթը տղամարդու, որոնք բոլորը մահացել էին ամուսնական առագաստի սենյակում:
 
12, 25 - «ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ մարդու են գնալու». Հուն. «οὔτε γαμοῦσιν, οὔτε γαμίζονται» - «ո՛ւտէ գամուսին, ո՛ւտէ գամիզոնտայ». Բառացի՝ ո՛չ ամուսնանալու են, ո՛չ ամուսնացվելու: Հունարեն բայերից առաջինը («γαμέω» - «գամէօ») գործածվում է երկու սեռերի դեպքում էլ, մինչդեռ երկրորդը («γαμίσκω» - «գամիսկօ») գործածվում է դստերն ամուսնացնելու իմաստով միայն: Գրաբարը. «ոչ արք կանայս առնեն, եւ ոչ կանայք արանց լինին»։
 
12, 26 - «Մովսեսի գրքում». Ի նկատի ունի Հնգամատյանը՝ Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը միասին վերցված: Դրվագը, որին ակնարկվում է, գտնվում է Ելից գրքում, անկեզ մորենու հատվածում, ուր երեք անգամ Աստված անվանվում է «Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը» (Ել 3, 6.15.16):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։