20-26. Չորացած թզենին: Հավատք և աղոթք – Գրադարան – Mashtoz.org

20-26. Չորացած թզենին: Հավատք և աղոթք

→ Մտթ 21, 20-22;  ⁓ Մրկ 11, 12-14
≈ Մտթ 5, 23-24; 6, 14-15; 8, 10; 17, 7.20;
Ղկս 17, 6; Հվհ 11, 22; 14, 1.13; 16, 23
 
20Եվ առավոտյան, մինչ ճանապարհին էին, թզենին արմատից չորացած տեսան: 21Եվ հիշելով՝ Պետրոսն ասաց Նրան. «Ռաբբի՜, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: 22Եվ պատասխանելով, Հիսուսը նրանց ասաց. «Աստծո հանդեպ հավատք ունեցեք: 23Ճշմարիտ եմ ասում ձեզ. ո՛վ որ այս լեռանն ասի. ''Ե՛լ և ծովն ընկիր'', և իր սրտում չկասկածի, այլ՝ հավատա, որ ի՛նչ որ ասում է, կկատարվի, դա կլինի իր համար: 24Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, որ խնդրում եք աղոթքի մեջ, հավատացե՛ք, որ ստացել եք, և կլինի ձեզ: 25Եվ երբ աղոթքի եք կանգնում, եթե ինչ որ մի բան ունեք որևիցէ մեկի դեմ, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»: [26]
11, 20 - «արմատից». Սույն ընդգծմամբ Մարկոսը կամենում է մատնանշել թզենու ամբողջական չորանալը և այդ իրավիճակի անդառնալի բնույթը: Դժոխքի դատապարտության փոխաբերական պատկերն է:
 
11, 22 - «հավատք». Հուն. «πίστις» - «պիստիս». Տե՛ս Մտթ 8, 10+:
 
11, 23-24 - «կլինի իր համար ... կլինի ձեզ». Նշանակալի է, որ Մարկոսը չի գործածում «կտրվի ձեզ» խոսքը, որն ավելի կրավորական է, այլ՝ «կլինի ձեզ», այսինքն՝ կստացվի ձեր մոտ, եթե հավատաք (վստահեք՝ Աստծուն և ինքներդ ձեզ), եթե ձգտեք, եթե գործեք: Դրա համար էլ ասում է նաև. «հավատացեք, որ ստացել եք», արդե՛ն, այսինքն՝ վստահ եղեք, որ արդեն իսկ ձեր մեջ ունեք անհրաժեշտ ուժը՝ այդ ամենը կյանքի կոչելու համար:
 
11, 24-25 - «աղոթքի». Միակ հատվածն է Մարկոսի Ավետարանում, ուր խոսվում է աղոթքի և աղոթքի արդյունավետության մասին, երբ այն կատարվում է հավատքով և արժեքավորվում է եղբայրական ներմամբ: Նշանակալի է փաստը, որ Մարկոսը «Հայր մեր»ն անգամ գրի չի առել իր Ավետարանում, Մատթեոսից ու Ղուկասից շա՜տ ավելի քիչ է գործածում «προσεύχομαι» - «պռոսեուխոմայ» - «աղոթել» բայը և «προσευχή» - «պռոսեուխէ» - «աղոթք» գոյականը. եզրեր (որ ամբողջովին բացակայում են Հովհաննեսի Ավետարանում), որոնցով արտահայտվում է աղոթքի ժամանակ Աստծուն ուղղված աղերսանքի գաղափարը:
 
11, 25 - «ներեցեք». Տե՛ս Մտթ 6, 12+ և 6, 14-15+-ի առաջին մասը: ꟷ
- «հանցանքները». Հուն. «παραπτώματα» - «պառապտօմատա». Ավետարանիչներից միայն Մատթեոսի ու Մարկոսի կողմից, միայն այս զուգահեռ հատվածներում գործածված այս եզրի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 6, 14-15+-ի երկրորդ մասը:
 
11, 26 - Ավելի ուշ շրջանի ձեռագրերում, Մտթ 6, 15 տողի նմանությամբ, ավելացվել է «Իսկ եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, չի ների ձեզ ձեր հանցանքները» նախադասությունը: Հիմնվելով հնագույն և լավագույն ձեռագրերի վկայության վրա՝ այդ տողն այլևս դուրս է թողնվում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։