21-23. Խաչի ճանապարհը – Գրադարան – Mashtoz.org

21-23. Խաչի ճանապարհը

→ Մտթ 27, 32-33; Ղկս 23, 26; Հվհ 19, 17
 
21Եվ ստիպեցին անցորդներից մեկին՝ գյուղից եկող Սիմոն Կյուրենացուն, Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որ Նրա խաչը կրի: 22Եվ տարան Նրան Գողգոթա, – մի վայր, որ թարգմանվում է Գանգի Տեղ, – 23և զմուռսով խառնված գինի էին տալիս Նրան, բայց Նա չվերցրեց:
15, 21 - «ստիպեցին անցորդներից մեկին». Ավետարանիչների կողմից ներկայացվող տվյալներից կարող ենք եզրակացնել, որ խաչելությանը նախորդող խարազանումը (15-20) սովորականից ավելի դաժան ու տանջալից է եղել, որի պատճառով էլ Հիսուսի մարմինը չափազանց հյուծվել է: Եվ հակառակ այն բանի, որ մահապատժի հռոմեական ընթացակարգի համաձայն՝ մահապարտն ինքը պետք է կրեր խաչի հորիզոնական գերանը (տե՛ս Մտթ 27, 32+-ի երկրորդ մասը), Հիսուսն Ինքը չի կարողացել շարունակել ճանապարհը (քրիստոնեական ավանդազրույցները պատմում են Խաչի Ճանապարհի երկայնքին Հիսուսի երեք անկումների մասին) և զինվորները ստիպված են եղել անցորդներից մեկին ստիպել, որ կրի տանջափայտը Նրա փոխարեն:
Նշանակալի է նաև «ստիպեցին» նշումը. ոչ մի հրեա հոժարակամ չէր օգնի մահվան դատապարտվածին, մանավանդ՝ ա՛յդ մահապատժին դատապարտվածին, որովհետև մահապարտը անիծյալ մեկն էր, ծայր աստիճան պիղծ մեկը (հմմտ. 2Օր 21, 22-23), որին ո՛չ միայն հպվելը, այլ՝ մերձենալն արդեն, դարձնում էր պիղծ, ծիսական առումով անմաքուր: Իսկ դրանք օրերն էին Զատկի ու Բաղարջակերացի, հետևաբար՝ Սիմոն Կյուրենացին, որին ստիպել են կրել Հիսուսի խաչը, այդպիսով դարձել է «անմաքուր» և վստահաբար զրկվել է այդ օրերին Տաճար մտնելու և տոնակատարություններին մասնակցելու իրավունքից: Դա, սակայն, իր համար առիթ է հանդիսացել դարձի և Քրիստոսին ընդունելու, ինչը որ եզրակացնում ենք հաջորդ նշումից: ꟷ
- «Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը». Ավետարանիչներից միայն Մարկոսն է հիշատակում Սիմոն Կյուրենացու որդիներին: Սա, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ նրանք անձամբ հայտնի էին ընթերցողներին, որոնց Մարկոսի Ավետարանը հասցեագրված էր (Հռոմում բնակվող քրիստոնյաներին): Սա էլ իր հերթին ենթադրել է տալիս, որ Սիմոն Կյուրենացին, իր ընտանիքի անդամների հետ միասին, Քրիստոսի Հարությունից հետո ընդունել է Քրիստոնեությունը և ապա տեղափոխվել ու բնակություն է հաստատել Հռոմում: Կրկին՝ ամենայն հավանականությամբ, այս նույն Ռուֆոսին է գովասանք և ողջույն հղել Պողոս Առաքյալը (Հռմ 16, 13):
 
15, 22-27 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 27, 33-38+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։