21-28. Հիսուսն ուսուցանում է Կաֆառնաումում և բժշկում է մի դիվահարի – Գրադարան – Mashtoz.org

21-28. Հիսուսն ուսուցանում է Կաֆառնաումում և բժշկում է մի դիվահարի

→ Ղկս 4, 31-37;  ⁓ Մրկ 1, 34; 4, 41; 5, 7
≈ Մտթ 2, 23; 7, 28-29; 8, 29; Գրծ 3, 14
 
21Եվ գնացին Կաֆառնաում. և շաբաթ օրն իսկույն ժողովարան մտնելով՝ Նա սկսեց ուսուցանել: 22Եվ նրանք ապշել էին Նրա ուսուցման վրա, քանի որ նրանց ուսուցանում էր որպես մեկը, ով հեղինակություն ունի, և ո՛չ թե օրենսգետների նման: 23Եվ ահա՛, նրանց ժողովարանում մի մարդ կար, որի մեջ պիղծ ոգի էր մտել: Սա իսկույն սկսեց աղաղակել՝ 24ասելով. «Ի՞նչ կա մեր ու քո միջև, Հիսուս Նազովրեցի: Մեզ կործանելու ես եկել: Ես գիտեմ, թե դու ո՛վ ես. Աստծո Սուրբը»: 25Եվ Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր, և դո՛ւրս ել այդ մարդուց»: 26Եվ պիղծ ոգին, ցնցելով նրան և բարձր ձայնով աղաղակելով, դուրս ելավ նրանից: 27Բոլորը զարմացած մնացին, այնպես՝ որ հարցնում էին իրար. «Այս ի՞նչ է: Մի նոր ուսմունք՝ իշխանությամբ օժտված: Մինչև իսկ պիղծ ոգիներին է հրամայում, և հնազանդվում են Նրան»: 28Եվ Նրա համբավն իսկույն տարածվեց ամենուր՝ Գալիլեայի բոլոր հարևան երկրներում:
1, 21 - «Կաֆառնաում». Տե՛ս Մտթ 8, 5+-ի առաջին մասը:
 
1, 22 - «ապշել էին». Շեշտը դրված է ո՛չ թե ուսուցման բովանդակության, այլ՝ ուսուցանելու ձևի, ձայներանգի կողմից առաջացված արդյունքների վրա. Հիսուսին լսողները կարծես ցնցված լինեին, ինչին որ ակնարկում է հունարեն բնագրի եզրը («ἐκπλήσσω» - «էկպլեսսօ» - «հարվածել, խփել», որը, հետևաբար, բառացի թարգմանությամբ կլինի «խփնվել էին»), որի մեջ ամփոփվում է իմաստը մի բացառիկ փորձառության, որ հետք է թողնում (հմմտ. նաև 6, 2; 7, 37; 10, 26; 11, 18): ꟷ
- Հիսուսի հեղինակությունը («ἐξουσία» - «էքսուսիա». սույն եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 7, 29+; 21, 23-27+ և 28, 18+) հեղինակությունն է մի վարդապետի, ով ապրում և ուսուցանում է բոլոր տեսակի պայմանավորումներից, կարծրատիպերից, նախապաշարումներից ու ձևապաշտություններից ազատ, և ոչնչով չի կարող համեմատվել նրանց հետ, ովքեր ընդամենը անգիր սովորած բանաձևեր են արտասանում: ꟷ
- «Օրենսգետ» եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 2, 4+-ի երկրորդ մասը:
 
1, 23 - «պիղծ ոգի». Հուն. «πνεύματι ἀκαθάρτῳ» - «պնեումատի ակաթառտօ». Բառացի՝ անմաքուր հոգի: Այսպես էր հրեական ավանդությունն անվանում դևերին (հմմտ. Զքր 13, 2), որոնք նկատվում էին օտար, մանավանդ թե՝ թշնամի կրոնական ու բարոյական այն մաքրությանը, որ պահանջում է Աստծո ծառայությունը (տե՛ս նաև 3, 11.30; և այլն; Մտթ 10, 1; 12, 43; Ղկս 4, 33.36; և այլն): Այստեղ յուրահատուկ կերպով ընդգծվում է էական հակադրությունը դևերի ու Հիսուսի միջև, Ով հաջորդ տողում անվանվում է «Աստծո Սուրբը»:
 
1, 24 - «Ի՞նչ կա մեր ու քո միջև». Բառացի՝ «Մեզ ու քեզ ի՞նչ»: Սեմական լեզուներին բնորոշ արտահայտություն է, որ հաճախ է գործածվում Հին և Նոր Կտակարաններում (Դտվ 11, 12; 2Սմ 16, 10; 19, 23; 1Թգ 17, 18; և այլն; Մտթ 8, 29; Մրկ 1, 24; 5, 7; Ղկս 4, 34; 8, 28; Հվհ 2, 4): Գործածվում է՝ մերժելու համար մի միջամտություն, որ նկատվում է որպես անպատեհ, կամ նաև հասկացնելու համար դիմացինին, որ ցանկություն չկա որևէ հարաբերություն ունենալու նրա հետ: Միայն ենթատեքստն է հնարավորություն տալիս ճշտելու խոսքի ճշգրիտ իմաստը: Տվյալ դեպքում ընդգծում է փաստը, որ ոչ մի առնչություն չկա պիղծ ոգիների և Աստծո Սրբի միջև: ꟷ
- «Մեզ կործանելու ես եկել». Ոմանք թարգմանում են որպես հարց. «Մեզ կործանելո՞ւ ես եկել», բայց բնագիրն ու ենթատեքստը ավելի հաստատում են հուշում, քան թե հարց: Դևերը հստակ կերպով գիտեն, որ Աստծո Սուրբն իրենց կործանելու է եկել, և այդ խոսքերն արտասանում են գազազած ձայներանգով, ատամները կրճտացնելով: Գրաբարը նույնպես հարցական չէ. «եկիր կորուսանել զմեզ»: ꟷ
- «Աստծո Սուրբը». Հուն. «ὁ Ἅγιος τοῦ Θεοῦ» - «հո Հագիոս տու Թէու»: Գործածվում է այստեղ, Ղկս 4, 34 և Հվհ 6, 69 տողերում: Քանի որ Աստված Իր էությամբ իսկ Երիցս Սուրբն է, այն ամենը, որ կապակցվում է Իր հետ, սուրբ է (Ղևտ 11, 44; 19, 2; և այլն; Ես 6, 3), այսինքն՝ առանձնացված, ընծայված, վերապահված, ա՛յլ իրականությունների հետ չխառնված, և առաջին հերթին՝ Հիսուսը, Ով Նրան է պատկանում աստվածային որդեգրության ու մեսսիական ընտրության զորությամբ (1, 10; հմմտ. Ղկս 1, 35; Հվհ 6, 69; Գրծ 2, 27; 3, 14; 4, 27.30; Հյտ 3, 7):
 
1, 27 - Թարգմանության կետադրության հնարավոր ա՛յլ տարբերակ. «Այս ի՞նչ նոր ուսմունք է. մինչև իսկ պիղծ ոգիներին է հրամայում իշխանությամբ»: Գրաբարի տարբերակն էլ է այդպես. «Զի՞նչ է այս նոր վարդապետութիւնս, զի իշխանութեամբ եւ այսոց պղծոց սաստէ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։