22-25. Հաղորդության խորհրդի հաստատումը – Գրադարան – Mashtoz.org

22-25. Հաղորդության խորհրդի հաստատումը

→ Մտթ 26, 26-29; Ղկս 22, 15-20; 1Կր 11, 23-25
≈ Մտթ 8, 11; Ել 24, 8; Զքր 9, 11
 
22Եվ մինչ նրանք տակավին ուտում էին, հացը վերցնելով և օրհնությունն արտասանելով՝ Նա կտորների բաժանեց այն և նրանց տվեց, և ասաց. «Վերցրե՛ք. սա իմ մարմինն է»: 23Ապա վերցնելով բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց այն, և բոլորը խմեցին դրանից: 24Եվ Նա նրանց ասաց. «Սա ուխտի իմ արյունն է, որ հեղվում է շատերի համար: 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ որթատունկի պտղից չեմ խմելու այլևս երբեք, մինչև այն օրը, երբ դրանից կխմեմ նորը՝ Աստծո արքայության մեջ»:
14, 22-25 - Զատկական ընթրիքի արարողակարգի ժամանակ Հիսուսի կողմից արտասանված խոսքերն ու կատարված արարքներն արտահայտում են Իր ողջ անձի անմնացորդ նվիրումը՝ Իր Մարմնի ու Իր Արյան ընծայման միջոցով: Զատիկի տոնակատարությունն ու Հաղորդության խորհրդի հաստատումը ներկայացնում են բնորոշ հատկանիշներ, որոնք մեծապես նման են Մատթեոսի տարբերակին (26, 26-29): Հմմտ. նաև Ղկս 22, 15-20; Հվհ 6, 51-59; 1Կր 11, 23-26 հատվածները: ꟷ
- «Վերցրե՛ք. սա իմ մարմինն է». «Λάβετεգ τοῦτό ἐστιν τὸ σῶμά μου» - «Լաբետ». տուտո էստին տո սօմա մու». Գրաբար. «Առէք, այդ է մարմին իմ»։ ꟷ
- «Սա ուխտի իմ արյունն է, որ հեղվում է շատերի համար». «Τοῦτό ἐστιν τὸ αἷμά μου τῆς διαθήκης τὸ ἐκχυννόμενον ὑπὲρ πολλῶν» - «Տուտո էստին տո հաիմա մու տես դիաթեկես տո էկխյուննոմենոն հյուպեռ պոլլոն». Գրաբար. «Այս է արիւն իմ [նորոյ] ուխտի, որ փոխանակ բազմաց հեղու»։ ꟷ
- Ինչպես Մատթեոսի, այնպես էլ Մարկոսի մոտ, նշանակալի է «εἰμί» - «էիմի» - «լինել» բայի ներկայությունը. նվիրագործված հացը Քրիստոսի Մարմինը, գինին՝ Նրա Արյունն «է» («ἐστιν» - «էստին»): Բացարձակապես միանշանակ հստակություն, որ բնավ տեղ չի թողնում այլևայլ մեկնաբանությունների համար:
 
14, 22 - «հացը վերցնելով և օրհնությունն արտասանելով». Տե՛ս Մտթ 26, 26+:
 
14, 24 - «ուխտի իմ արյունն է». Խոսքը վերաբերվում է և՛ Հին Ուխտի արյանը՝ ըստ Ել 24, 4-8 հատվածի, որը Քրիստոսի Արյան մարգարեական պատկերն էր, և՛ Նոր Դաշինքին (Եկեղեցու մեջ ի մի հավաքված ժողովրդին), որ ծնվելու էր Հիսուսի ինքնանվիրմամբ, ինքնազոհընծայմամբ: – Տե՛ս նաև Մտթ 26, 28+-ի առաջին և երկրորդ մասերը: ꟷ
- «շատերի համար». Տե՛ս Մտթ 20, 28+-ի երկրորդ մասը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։