
22-26. Կույրի բժշկումը Բեթսաիդայում
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
⁓ Մրկ 1, 34; 5, 30; 6, 45; 7, 32-33.36
≈ Մտթ 8, 3; Հվհ 9, 6; 1Տմ 4, 14
22Եվ հասան Բեթսաիդա: Եվ Նրա մոտ բերեցին մի կույր մարդ, և աղաչում էին, որ հպվի նրան: 23Եվ Նա կույրի ձեռքից բռնելով՝ նրան գյուղից դուրս տարավ, և նրա աչքերին թուք քսելով և ձեռքերը նրա վրա դնելով՝ հարցնում էր նրան, թե. «Ինչ որ մի բան տեսնո՞ւմ ես»: 24Նա դեպի վեր նայելով՝ ասում էր. «Տեսնում եմ մարդկանց, որոնք ինձ երևում են կարծես քայլող ծառեր»: 25Այդ ժամանակ Նա կրկին ձեռքերը նրա աչքերի վրա դրեց, և կույրն իր աչքերը բացեց ու վերականգնվեց, և սկսեց ամեն ինչ հստակ կերպով տեսնել: 26Եվ Նա նրան ետ ուղարկեց իր տունն, ասելով. «Նույնիսկ գյուղ չմտնես»:
8, 22-26 - Հիսուսի արարքները և կույրի աստիճանական բժշկումը հստակ պատգամ են պարունակում Ավետարանի ընթերցողների համար: Միշտ չէ, որ Հիսուսի կողմից պարգևված բժշկությունը կատարվում է ակնթարթային եղանակով: Երբեմն հարկավոր է լինում սպասել, հարատևել, վստահել, համագործակցել ... : Հատկապես երբ խոսքը վերաբերվում է հոգու կուրությանը:
8, 22 - «Բեթսաիդա». Անունը նշանակում է Ձկան Տուն, կամ Ձկնորսության Տուն: Գտնվում էր Գալիլեայի Ծովի հյուսիսային ափին և Ավետարաններում հիշատակվում է յոթ անգամ (Մտթ 11, 21; Մրկ 6, 45; 8, 22; Ղկս 9, 10; 10, 13; Հվհ 1, 44; 12, 21): Ծննդավայրն է եղել Պետրոս, Անդրեաս և Փիլիպպոս Առաքյալների: ꟷ
- «հպվի». Տե՛ս 5, 23+-ի հինգերորդ մասը:
8, 23 - «գյուղից դուրս տարավ». Կույրի բժշկումը – որի մանրամասնությունները նմանվում են խուլ ու կակազող մարդու բժշկության մանրամասնություններին (7, 31-37) – կատարվում է «գյուղից դուրս», որովհետև Հիսուսը մերժում է «նշան» տալ փարիսեցիներին, որոնք Իրենից նշաններ էին պահանջում երկնքից՝ Իրեն փորձելու նպատակով (8, 11-12): ꟷ
- «թուք քսելով». Տե՛ս 7, 33+:
8, 24 - «դեպի վեր նայելով». Հունարեն բնագրի բայը հնարավոր է թարգմանել նաև «տեսողությունը վերագտնելով, վերականգնվելով», այսինքն՝ մինչ սկսում էր տեսնել (գրաբարը. «բացաւ»): Մյուս տարբերակը, սակայն, առավել համահունչ է դրվագի ընդհանուր համատեքստին (բժշկություն ակնկալող կույրը ծունկի իջած է Հիսուսի առաջ, տեսնելու համար նայում է ''դեպի վեր'', և այլն): ꟷ
- «կարծես քայլող ծառեր». Այսինքն՝ պատկերները նրան երևում էին չափից դուրս խոշոր ու ծռմռված:
8, 25 - «կույրն իր աչքերը բացեց». Հիսուսը բժշկում է, բայց կույրն էլ իր հերթին բացում է իր աչքերը, դրանք փակ չի պահում:
8, 26 - «գյուղ չմտնես». Տե՛ս 8, 23+: – Ձեռագրերի մի փոքր խումբ ավելացնում է. « ... այլ՝ գնա՛ քո տուն, և երբ գյուղ մտնես, գյուղում ոչ ոքի չասես»: Գրաբարը ևս. «Ի շէնդ մի՛ մտանիցես, այլ՝ երթ 'ի տուն քո. եւ յորժամ 'ի շէնն մտանիցես, մի՛ ումեք ասիցես 'ի շինին»։