22-30. Օրենսգետների զրպարտությունները – Գրադարան – Mashtoz.org

22-30. Օրենսգետների զրպարտությունները

→ Մտթ 12, 24-32; Ղկս 11, 15-23; 12, 10
≈ 1Հվհ 5, 16
 
22Իսկ Երուսաղեմից եկած օրենսգետներն ասում էին, թե. «Բեեղզեբուղն է նրան տիրացել», և թե. «Դևերի իշխանի միջոցով է հեռացնում դևերին»: 23Նրանց Իր մոտ կանչելով՝ Նա առակներով ասում էր նրանց. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանայի հեռացնել: 24Եվ եթե մի թագավորություն ինքն իր մեջ պառակտված է, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ. 25և եթե մի տուն ինքն իր մեջ պառակտված է, այդ տունը չի կարող կանգուն մնալ: 26Եվ եթե սատանան ինքն իր դեմ ապստամբել է ու պառակտվել, չի կարող հաստատուն մնալ, այլ՝ նրա վախճանը հասել է: 27Ինչպես նաև, ոչ ոք չի կարող հզորի տունը մտնել և նրա ունեցվածքները կողոպտել, եթե նախ չկապի հզորին. և ապա միայն կկարողանա կողոպտել նրա տունը: 28Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն մեղք ու պիղծ խոսք կներվի մարդկանց որդիներին, որքան էլ որ պղծախոսած լինեն, 29բայց ով պիղծ խոսք ասած կլինի Սուրբ Հոգու դեմ, հավիտյան արձակում չի գտնի, այլ՝ հանցապարտ կլինի հավիտենական մեղքով»: 30Քանի որ ասում էին. «Պիղծ ոգի կա նրա մեջ»:
3, 22 - «եկած». Բառացի՝ իջած: ꟷ
- «Բեեղզեբուղն է նրան տիրացել». Բառացի՝ Բեեղզեբուղ ունի: Այս անվան համար՝ տե՛ս Մտթ 10, 25+:
 
3, 24-25 - «ինքն իր մեջ». Բառացի՝ ինքն իր դեմ:
 
3, 28-29 - «Սուրբ Հոգու դեմ». Տե՛ս Մտթ 12, 31-32+:
 
3, 30 - «կա նրա մեջ». Բառացի՝ ունի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։