23-28. Շաբաթ օրով պոկված հասկեր – Գրադարան – Mashtoz.org

23-28. Շաբաթ օրով պոկված հասկեր

→ Մտթ 12, 1-8; Ղկս 6, 1-5
≈ Ել 25, 23; Ղևտ 24, 5-9; 2Օր 5, 14; 1Սմ 21, 2-7
 
23Եվ այնպես պատահեց, որ Նա մի շաբաթ օրով անցնում էր ցորենի արտերի միջով, և Նրա աշակերտները, մինչ քայլում էին, սկսեցին հասկեր քաղել: 24Եվ փարիսեցիները Նրան ասացին. «Տե՛ս. ինչո՞ւ են նրանք շաբաթ օրով անում մի բան, որն օրինավոր չէ»: 25Եվ Նա պատասխանեց նրանց. «Դուք երբեք չեք կարդացե՞լ, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ կարիք ունեցավ և քաղցած էր՝ ինքը և նրանք, որ իր հետ էին. 26թե ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք նա Աստծո տունը մտավ և առաջավորության հացերը կերավ, որոնք ուտելն օրինավոր չէր, եթե ո՛չ միայն՝ քահանաների համար: Եվ տվեց նաև նրանց, որ իր հետ էին»: 27Եվ ասում էր նրանց. «Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ո՛չ թե մարդը՝ շաբաթ օրվա համար»: 28Եվ ուրեմն, Մարդու Որդին տեր է նաև շաբաթ օրվան:
2, 23-24 - Շաբաթ օրվա հանգստի պահպանումը հրեականության կարևորագույն պատվիրաններից մեկն էր. այն ամենայն ճշգրտությամբ պահելը հավասարազոր էր նկատվում ամբողջ Օրենքի պահպանմանը: Եվ ընդհակառակը, շաբաթ օրվա հանգստի խախտումը հավասարազոր էր նկատվում ամենածանր մեղքերին՝ կռապաշտությանը, պոռնկությանն ու մարդասպանությանը: Հիսուսը բազմաթիվ անգամներ ընդդիմանում է Շաբաթ օրվա հանգստի պատվիրանի այս ծուռ մեկնաբանությանը: – Այս հատվածի մանրամասնությունների վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 12, 1-8+:
 
2, 26 - «Աբիաթար». 1Սմ 21, 2-7 դրվագում հիշատակվող քահանայապետն իրականում Աքիմելեքն է: Կա՛մ այստեղ հիշատակվում է նրա որդին՝ Աբիաթարը (Էբիաթար), որովհետև որպես քահանայապետ ավելի հռչակավոր է եղել Դավթի օրոք (2Սմ 20, 25), կա՛մ էլ՝ Մարկոսը հետևում է մի տարբեր ավանդության, որի համաձայն Աբիաթարն է Աքիմելեքի հայրը (2Սմ 8, 17):
 
2, 27 - «մարդու համար է եղել». Այսինքն՝ ստեղծվել, մտածվել, հաստատվել: Այս տողը բացակայում է Մատթեոսի և Ղուկասի մոտ, և բնորոշ է միայն Մարկոսին: ꟷ
- «ասում էր». Ամենայն հավանականությամբ, նման դեպքերում խոսքը վերաբերվում է ասույթների, որոնք Հիսուսը չի արտասանել միայն այդ տվյալ դեպքի առթիվ, այլ՝ նմանատիպ դեպքերում սովոր էր այդպես արտահայտվել:
 
2, 28 - Բազմաթիվ թարգմանություններ այս տողը ևս կցում են Հիսուսի խոսքին, որ ասվել էր նախորդ տողում: Բայց ակնհայտ կերպով, սա Մարկոսի կողմից ավելացված մեկնաբանություն է («Եվ ուրեմն, ... »):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։