26-31. Կանխասացություն Պետրոսի ուրացումների մասին – Գրադարան – Mashtoz.org

26-31. Կանխասացություն Պետրոսի ուրացումների մասին

→ Մտթ 26, 30-35; Ղկս 22, 31-34; Հվհ 13, 36-38
⁓ Մրկ 14, 72; 16, 7
≈ Ղկս 22, 39; Հվհ 11, 16; Սղմ 113-118; Զքր 13, 7
 
26Եվ օրհներգելուց հետո դուրս ելան դեպի Ձիթենյաց լեռը: 27Եվ Հիսուսը նրանց ասաց. «Դուք բոլորդ գայթակղվելու եք, քանի որ գրված է.
 
Հարվածելու եմ հովվին
և հոտի ոչխարները ցրվելու են։
 
28Բայց հարություն առնելուցս հետո, ես ձեզնից առաջ գնալու եմ Գալիլեա»: 29Այդ ժամանակ Պետրոսը Նրան ասաց. «Նույնիսկ եթե բոլորը գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»: 30Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հե՛նց դու, այս գիշեր իսկ, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, ուրանալու ես ինձ երեք անգամ»: 31Բայց նա առավել ուժգնությամբ ասում էր. «Նույնիսկ եթե հարկավոր լինի, որ ես մեռնեմ Քո հետ, ես Քեզ չեմ ուրանա»: Եվ ամենքն էլ նույն բանն էին ասում:
14, 26-31 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 26, 30-35+:
 
14, 27 - «գայթակղվելու եք». Ձեռագրերի մի խումբ, Մարկոսի տողը Մատթեոսի հետ նույնացնելու նպատակով, ավելացնում են «այս գիշեր իմ պատճառով» խոսքերը: Գրաբարը ևս. «Ամենեքին գայթագղելոց էք յինէն յայսմ գիշերի»։
 
14, 28 - «հարություն առնելուցս հետո». Հուն. «μετὰ τὸ ἐγερθῆναί» - «մետա տո էգեռթենայ». Նշանակում է «հարություն առնելուցս հետո», բայց մի յուրահատուկ նրբերանգով, որ կարող է նշանակել նաև «որպես հարություն առնելուս հետևանք» (քանի որ հարություն եմ առնելու): ꟷ
- «ես ձեզնից առաջ». Հուն. «με προάξω ὑμᾶς» - «մէ պռոաքսօ հյումաս». Մինչև այդ պահը Հիսուսն Իր աշակերտների «առջևից էր քայլում» (10, 32) դեպի Երուսաղեմ և չարչարանքների-խաչելության-հարության Իր Զատիկը: Մի պահ Նա բոլորից ետ է մնալու՝ կրելով բանադրված նզովվածի մահվան խոնարհությունը (բոլորից ետ մնալով՝ ամենահետ մնացածներին էլ Իր գիրկն առնել կարողանալու համար), և ապա կրկին, Հարությունից հետո և Հարության շնորհի՛վ, բոլորի առջևն անցած (գրաբար. «յառաջագոյն») գնալու է հեթանոսներով բնակեցված Գալիլեա՝ Հիսուսի աշակերտների համամարդկային առաքելության խորհրդապատկերը (տե՛ս 3, 7+):
 
14, 29-31 - Հիսուսի հետ Պետրոսի երկխոսության դրվագը մեծապես հուզիչ է և մարդկային սրտի զգացումներով ծանրաբեռնված: Մինչ Պետրոսը երաշխավորում է, որ քաջասիրտ արիությամբ կապացուցի իր բացարձակ հավատարմությունը, Հիսուսը նույնքան լիակատար վստահությամբ պատասխանում է, որ հենց նա, այդ գիշեր իսկ, ուրանալու է Իրեն, ո՛չ թե մեկ, այլ՝ երեք անգամ: Հիսուսի խոսքերը բնավ հանդիմանություն չեն, այլ՝ սոսկ փաստագրում, Իր կողմից, որ ճանաչում է նաև ապագան:
Պետրոսն այն աստիճան վստահ է իր զգացումների ճշմարտությանը, Հիսուսի հանդեպ իր սիրո անկեղծությանը, որ բացարձակապես անկարող է գտնվում ընդունելու, թե Վարդապետի կողմից իր մասին ասվածը կարող է իրականանալ: Շարունակում է միշտ ավելի խրոխտ շեշտադրությամբ արտահայտել իր անսասան հավատարմությունը: Տեսարանը փակվում է Պետրոսի ու աշակերտների կողմից հնչած հավաստմամբ, թե «եթե հարկավոր լինի, որ ես մեռնեմ Քո հետ, ես Քեզ չեմ ուրանա»: Եվ ... Հիսուսը ոչինչ չի պատասխանում:
Հարկավոր է, համենայն դեպս, չմոռանալ, որ Պետրոսի զգացումներն իրոք անկեղծ ու ճշմարիտ էին: Մի քանի դրվագ հետո (14, 47) – նաև մյուս բոլոր Ավետարանների զուգահեռ հատվածներում (Մտթ 26, 51-54; Ղկս 22, 49-50; Հվհ 18, 10-11) – պատմվում է, որ երբ զինվորները գալիս են Հիսուսին ձերբակալելու, Պետրոսը պատրաստակամ է լինում սուրը քաշելու և իր Վարդապետին արիաբար պաշտպանելու: Հիսուսն Ինքն է, որ նրան արգելում է շարունակել ընթացքը այդ սոսկ մարդկային ճանապարհի վրա: Այսինքն, Պետրոսի զգացումները ո՛չ թե չափազանցված ճոռոմաբանություն էին և միայն խոսքեր, այլ ընդամենը՝ սոսկ մարդկային էին, թեև հասնում էին մարդկային հավատարմության գագաթնակետին, և սասանվում են ո՛չ թե կեղծ լինելու պատճառով, այլ՝ որովհետև Հիսուսի Հարությունից և Սուրբ Հոգու գալստից առաջ դեռ ոչ ոք, առանց բացառության, ընդունակ չէր հասկանալու ինքնազոհաբերման գնացող Հիսուսի դիրքորոշումը (դա դյուրին չէ հասկանալ նաև այժմ, ո՜ւր մնաց թե Հարությունից առաջ):
 
14, 30 - «աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած». Հուն. «πρὶν ἢ δὶς ἀλέκτορα φωνῆσαι» - «պռին է դիս ալեկտոռա ֆօնեսայ». Ձեռագրերի մի խումբ, այս տողը Մատթեոսի զուգահեռ տողի հետ նույնացնելու նպատակով, նախադասությունից հանում է «երկու անգամ» նշումը: Գրաբարը ևս. «մինչ չեւ հաւու խօսեալ իցէ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։