27-33. Հիսուսի իշխանության վերաբերյալ հրեաների առարկությունը – Գրադարան – Mashtoz.org

27-33. Հիսուսի իշխանության վերաբերյալ հրեաների առարկությունը

→ Մտթ 21, 23-27; Ղկս 20, 1-8
≈ Մտթ 16, 14; Հվհ 2, 18
 
27Եվ դարձյալ գնացին Երուսաղեմ: Եվ մինչ Նա շրջում էր տաճարում, Նրան մոտեցան քահանայապետները և օրենսգետներն ու ժողովրդի ավագները, 28և ասացին Նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այս բաներն անես»: 29Բայց Հիսուսը նրանց ասաց. «Մի բան կհարցնեմ ձեզ և պատասխանեցեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները: 30Հովհաննեսի մկրտությունը Երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից: Պատասխանեցե՛ք ինձ»: 31Եվ նրանք սկսեցին խորհել իրար մեջ, ասելով. «Եթե պատասխանենք ''Երկնքից'', կասի. ''Ուրեմն ինչո՞ւ չհավատացիք նրան'': 32Ասե՞նք, ուստի, ''Մարդկանցից''»: Բայց վախենում էին ժողովրդից, քանի որ բոլորը համարում էին, որ Հովհաննեսն իսկապես մարգարե էր եղել: 33Եվ Հիսուսին պատասխանելով՝ նրանք ասացին. «Չգիտենք»: Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛չ էլ ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»:
11, 27-33 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 21, 23-27+:
 
11, 28 - «այս բաները». Ավելի հավանական է, որ քահանայապետները, օրենսգետներն ու ժողովրդի ավագները ի նկատի ունեին ուղղակիորեն Հիսուսի մեսսիական մուտքը Երուսաղեմ և Տաճարի մաքրագործումը: Սակայն չի կարելի բացառել, որ մեղադրանքն ուղղված է ընդհանրապես Հիսուսի գործունեության և, ի մասնավորի, Նրա կողմից ներկայացված ուսմունքի դեմ (հատկապես այն հարցերում, որոնք վերաբերվում էին Մեսսիայի ո՛չ թե քաղաքական ու ռազմական, այլ՝ միայն ու միայն կրոնական նկարագրին, շաբաթ օրով բժշկումներ կատարելուն, ծիսական պղծության հարցում արմատապես ա՛յլ դիրքորոշում ունենալուն, և Աստվածային պաշտամունքն ու փրկությունը հեթանոսների առաջ բացելուն, Հիսուսի համամարդկային նկարագրին):
 
11, 30-31 - «Երկնքից». Հուն. «ἐξ οὐρανοῦ» - «էքս ուռանու». Փոխաբերական արտահայտություն է՝ ասելու համար «Աստծուց», ըստ հրեական սովորույթի՝ ծայր աստիճան հարգանքի պատճառով չարտասանելու Աստծո Անունը:
 
11, 32 - «վախենում էին ժողովրդից». Իր Ավետարանի սկզբից ևեթ, Մարկոսն ընդգծում է նախ Հովհաննես Մկրտչի, ապա նաև Հիսուսի վերաբերյալ ժողովրդի և իշխանավորների դիրքորոշումների տարբերությունը (հմմտ. 2, 12; 3, 6; և այլն), որտեղից էլ բխում է իշխանավորների վախը (հմմտ. 11, 18; 12, 12; 14, 2; և այլն): – Ժողովուրդը միշտ բնազդային զգացողություն ունի Աստվածայինի նկատմամբ, մինչ բոլոր խնդիրները ծնվում են որևէ տեսակի սակավամարդ էլիտաներից, որոնք իրենք իրենց առավել լուսավորյալ են կարծում, քան մարդկանց բազմությունը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ միշտ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։