28-31. Կամավոր հրաժարմանը խոստացված հատուցումը – Գրադարան – Mashtoz.org

28-31. Կամավոր հրաժարմանը խոստացված հատուցումը

→ Մտթ 19, 27-30; Ղկս 18, 28-30
⁓ Մրկ 1, 1
 
28Այդ ժամանակ Պետրոսը Նրան ասաց. «Ահա՛, մենք ամեն ինչ թողել և եկել ենք Քո հետևից»: 29Հիսուսը պատասխանեց նրան. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ մայր, կամ հայր, կամ զավակներ, կամ ագարակներ հանուն իմ և հանուն ավետարանի, 30և որ հարյուրապատիկը չստանա այժմ՝ այս ժամանակի մեջ, – տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և զավակներ և ագարակներ՝ հալածանքներով հանդերձ, – և հավիտենական կյանքը՝ գալիք դարաշրջանում: 31Արդարև, բազմաթիվ առաջիններ կլինեն վերջին, և բազմաթիվ վերջիններ՝ առաջին»:
10, 28-31 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 19, 27-30+:
 
10, 29 - «հանուն Ավետարանի». Հուն. «ἕνεκεν τοῦ εὐαγγελίου» - «հենեկեն տու էվանգելիու». Միայն Մարկոսին հատուկ ճշգրտում է: Քարոզչությունն ու վկայությունը, որին Հիսուսի աշակերտը կանչված է, կարող է հանգեցնել երկրային կյանքի զոհաբերության:
 
10, 30 - «հալածանքներով հանդերձ». Հուն. «μετὰ διωγμῶν» - «մետա դիօգմօն». Կրկին, միայն Մարկոսին հատուկ ճշգրտում է, որով իրապաշտական հիշեցում է կատարվում և սթափության է հրավիրվում չափազանց լավատեսությամբ տարված աշակերտը: Թեև խոստացվում է հարյուրապատիկը այն ամեն ինչի, որն առաքյալը պատրաստակամ կլինի նվիրաբերելու Աստծուն, ընդգծվում է, որ հալածանքներն անպակաս են լինելու: Միմիայն հավիտենական կյանքն է լինելու առաքյալի ամբողջական վարձատրությունը: Փրկության աստվածային ծրագրի մեջ, այսպիսով, հստակ կերպով զանազանվում են այս ներկա ժամանակն («καιρός» - «կաիռոս») ու գալիք դարաշրջանը («αἰών» - «աիօն»): ꟷ
- Նշանակալի է փաստը, որ նախորդ տողում առկա հրաժարելիքների ցանկում ներկա է «հայր» բառը, բայց այս տողի ստացվելիքների ցանկում այն բացակայում է: Միակ բանն է, որի հարյուրապատիկը չի խոստացվում այստեղ՝ երկրի վրա: Քրիստոսի աշակերտը, հանուն Ավետարանի թողնելով իր երկրային հորը (երկրային ապահովության, հենարանի գաղափարը), իր ողջ հույսը դնելու է միայն ու միայն Երկնավոր Հոր վրա (հմմտ. Մտթ 23, 9):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։