28-34. Առաջին պատվիրանը – Գրադարան – Mashtoz.org

28-34. Առաջին պատվիրանը

→ Մտթ 22, 34-40.46; Ղկս 10, 25-28; 20, 39-40
≈ Հվհ 15, 12; Ղևտ 19, 18; 2Օր 4, 35; 6, 4-5;
1Սմ 15, 22; Սղմ 38, 7-9; 40, 7-9; Ամս 5, 21
 
28Եվ օրենսգետներից մեկը, մոտենալով և լսելով, թե ինչպե՛ս էին նրանք վիճաբանում, և տեսնելով, որ Նա լավ պատասխան տվեց նրանց, հարցրեց Նրան. «Ո՞րն է բոլոր պատվիրանների մեջ առաջինը»: 29Հիսուսը պատասխանեց. «Ամենից առաջինն է. ''Լսի՛ր, Իսրայել։ Տերը՝ մեր Աստվածը, Տերը մեկն է. 30և դու պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, և քո ամբողջ մտքով, և քո ամբողջ կարողությամբ'': 31Երկրորդը սա՛ է. ''Պիտի սիրես քո մերձավորին ինչպես ինքդ քեզ''։ Սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրան չկա»: 32Եվ օրենսգետը Նրան ասաց. «Լա՛վ ասացիր, Վարդապետ, և ճշմարտությա՛մբ, որ Նա մեկն է, և չկա, Նրանից բացի, ուրիշ ոչ ոք. 33և որ սիրելը Նրան ամբողջ սրտով և ամբողջ մտքով և ամբողջ կարողությամբ, և սիրելը մերձավորին սեփական անձի նման, ավելի է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»: 34Եվ Հիսուսը, նայելով նրան, որ իմաստությամբ էր պատասխանել, ասաց նրան. «Հեռու չես Աստծո արքայությունից»: Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում հարցաքննել Նրան:
12, 28-34 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 22, 34-40+:
 
12, 28 - «օրենսգետներից մեկը». Ի տարբերություն Մատթեոսի ու Ղուկասի, Մարկոսն այս օրենսգետին ներկայացնում է որպես ազնիվ անձնավորություն, ով անկեղծորեն հետաքրքրված է պատվիրանների դասակարգման ու առաջնայնության խնդրով: Այս իսկ պատճառով էլ՝ վերջում գովասանքի է արժանանում Հիսուսի կողմից (34):
 
12, 29 - «Տերը՝ մեր Աստվածը, Տերը մեկն է». Նոր Կտակարանում միաստվածությունը նույնքան արմատական է, որքան Հին Կտակարանում: Այստեղ ուղղակի կերպով հնչում է Հիսուսի շուրթերից, հիմնվելով Հնգամատյանի «Լսի՛ր» կոչ-պատվիրանի վրա (2Օր 6, 4-5): Պողոս Առաքյալը հեթանոսներին հորդորում է «դարձի գալ» միակ կենդանի Աստծուն (Գրծ 14, 15; 1Թղ 1, 9; հմմտ. 1Կր 8, 4-6; 1Տմ 2, 5): Նրա ընկալմամբ՝ Հիսուս Քրիստոսի ողջ գործունեությունը բխում է Հայր Աստծուց և վերադառնում է Հայր Աստծուն, որովհետև Հայրն այն ուղղում է Իր փառքին (Հռմ 8, 28-30; 16, 27; 1Կր 1, 30; 15, 28.57; Եփս 1, 3-12; 3, 11; Փլպ 2, 11; 4, 19-20; 1Տմ 2, 3-5; 6, 15-16; հմմտ. Եբր 1, 1-13; 13, 20-21; և այլն): Նույն գաղափարը Հովհաննեսի Ավետարանում արտահայտվում է այս կերպ. Հիսուսը եկել է (բառացի՝ ելել է) Հորից և գնում է Հոր մոտ (3, 17.31; 6, 46; 7, 33; 13, 3; 14, 6; և այլն):
 
12, 30-31 - Մի խումբ ձեռագրեր, Մարկոսի տեքստը Մատթեոսին նմանեցնելու նպատակով, ավելացնում են «քո ամբողջ հոգով», «սա է առաջին պատվիրանը» և «նման է» խոսքերը: Գրաբարը նույնպես. «եւ սիրեսցես զտէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն մտաց քոց, եւ յամենայն զօրութենէ քումմէ. այս է առաջին պատուիրան։ Եւ երկրորդն նման սմին»։
 
12, 31 - Մերձավորի հանդեպ գործնական սերը պատվիրաններից ամենամեծն է, որովհետև կոնկրետ՝ տեսանելի, շոշափելի ու արգասավոր է դարձնում սերը, որն անհատը ասում կամ կարծում է, թե տածում է Աստծո՝ Արարչի հանդեպ: Ո՛չ թե դեմք չունեցող, անորոշ մարդասիրությունը (ոմանց կողմից հասկացված ու քարոզված հումանիզմը), այլ՝ կոնկրետ կերպով կողքդ կանգնած մարդու (մերձավորի) հանդեպ սերը, հոգատարությունը, դառնում է Օրենքի ճշմարիտ սիրտն ու ճշմարիտ գործադրումը: Աստծուն հաճելի պաշտամունքը սոսկ ծիսակարգերն ու արարողությունները չեն ինքնըստինքյան (33), որոնք կարող են նաև ամուլ մնալ և առօրյա իրական կյանքից բաժանված, այլ՝ պաշտամունքը, որը ծեսի միջոցով Աստծուն հանդիպելուց հետո – Աստծուն, Ով Սեր է (1Հվհ 4, 8) – վերածվում է սիրո ընծայման:
 
12, 33 - «ամբողջ մտքով». Հուն. «ἐξ ὅλης τῆς συνέσεως» - «էքս հոլես տես սյունեսեօս». Եթե 30րդ տողում, Մատթեոսի նման, Մարկոսը գործածում է «διάνοια» - «դիանոյա» եզրը, այստեղ նախընտրում է գործածել «σύνεσις» - «սյունեսիս» եզրը, որն իր ճշգրիտ իմաստով նշանակում է համադրող միտք, ամբողջական ըմբռնման համար տվյալները համախմբող ու վերլուծող միտք, ուստի մատնանշում է մտքի գործնական խորաթափանցությունը, իր տրամադրության ներքո գտնվող փաստերը միմյանց կապակցելու և ամբողջական հասկացողություն ձևավորելու կարողությունը: Մարկոսի Ավետարանում սույն եզրը գործածված է միայն այստեղ: Եվս մեկ անգամ այն գործածում է Ղուկասն իր Ավետարանում (2, 47), և Պողոսը՝ 5 անգամ (1Կր 1, 19; Եփս 3, 4; Կղս 1, 9; 2, 2; 2Տմ 2, 7):
 
12, 34 - «իմաստությամբ». Հուն. «νουνεχῶς» - «նունեխօս». Բառացի՝ խելամտորեն, ողջմտորեն («νοῦς» - «նուս» գոյականից, որ նշանակում է խելք): Ամբողջ Նոր Կտակարանում գործածված է միայն այս տողում:
Սույն եզրի կիրառմամբ՝ Մարկոսը կամենում է ընդգծել և՛ տրամաբանությունը, և՛ հավասարակշռվածությունը, որով այս օրենսգետը մոտենում է տվյալ խնդրին, անշեղ ու անհապաղ հասնելով դրա սրտին, կորիզին: Մտթ 22, 34-40 և Ղկս 10, 25-28 հատվածներից տարբերվելով, Մարկոսի մոտ մինչև իսկ օրենսգետն ինքն է, որ «հաստատում է» Հիսուսի խոսքերը («Լա՛վ ասացիր, Վարդապետ, և ճշմարտությա՛մբ»):
Իր պատասխանով («Հեռու չես Աստծո արքայությունից») Հիսուսն օրենսգետին ուղղում է մի հաճոյալի գովասանք, որը միակն է Ավետարաններում: Այս օրենսգետի կերպարը, որին Մարկոսը նայում է համակրանքով, կարող է մոտեցվել Հովսեփ Արիմաթեացու՝ Երուսաղեմի Ատյանի հեղինակավոր անդամի կերպարին, ով նույնպես «սպասում էր Աստծո արքայությանը» (15, 43):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։