29-31. Սիմոնի զոքանչի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

29-31. Սիմոնի զոքանչի բժշկումը

→ Մտթ 8, 14-15; Ղկս 4, 38-39
⁓ Մրկ 5, 41; 13, 3;  ≈ Գրծ 28, 8
 
29Եվ ժողովարանից դուրս ելնելով՝ իսկույն գնացին Սիմոնի ու Անդրեասի տուն, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ: 30Սիմոնի զոքանչը հիվանդ պառկած էր՝ բարձր ջերմությամբ. և Նրան իսկույն ասացին նրա մասին: 31Եվ Նա մոտենալով՝ ոտքի կանգնեցրեց նրան, բռնելով նրա ձեռքից: Եվ տենդը թողեց նրան, և նա սկսեց սպասավորել նրանց:
1, 31 - «ոտքի կանգնեցրեց». Նույն բայն է, որ գործածվում է հարության դրվագներում («ἐγείρω» - «էգեիռօ»): Գրաբար. «յարոյց»: ꟷ
- «բռնելով նրա ձեռքից». Ավետարանական այս պատկերին է կապակցվում սրբապատկերների այն խումբը, ուր պատկերվում է Քրիստոսի էջքը դժոխք. խաչված Փրկիչը, հարություն առնելուց առաջ, իջնում է դժոխք, կործանում է այն, և մարդկության նախածնողների՝ Ադամի ու Եվայի «ձեռքից բռնելով», նրանց «ոտքի է կանգնեցնում» և Իր հետ տանում դրախտ: ꟷ
- «սպասավորել». Հուն. «διακονέω» - «դիակոնեօ» բայն է, որ առավելաբար գործածվում է սեղանին սպասավորելու իմաստով: Այստեղից էլ անցել է նաև ծիսական գործածության մեջ և մատնանշում է Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Սեղանին սպասավորելը: Գրաբար. «պաշտէր», որից էլ՝ պաշտամունք: – Տե՛ս նաև Մտթ 8, 14-15+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։