30-44. Հացերի առաջին բազմացումը – Գրադարան – Mashtoz.org

30-44. Հացերի առաջին բազմացումը

→ Մտթ 14, 13-21; Ղկս 9, 10-17; Հվհ 6, 1-13
⁓ Մրկ 2, 2; 3, 20; 7, 34; 8, 1-10
≈ Մտթ 9, 36; Ղկս 10, 17; Թց 27, 17; Եզկ 34, 5
 
30Եվ առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ և պատմեցին Նրան այն ամենը, որ արել էին և ուսուցանել: 31Եվ Նա նրանց ասաց. «Եկեք դուք առանձին, մի ամայի տեղ, ու մի քիչ հանգստացեք»: Իսկապես, եկող-գնացողները շատ էին, և անգամ հաց ուտելու ժամանակ չէին ունենում: 32Եվ նավակով գնացին մի ամայի տեղ, միայն իրենք:
33Շատերը, սակայն, տեսան նրանց, մինչ գնում էին, և հասկացան, և բոլոր քաղաքներից հետիոտն վազեցին միասին դեպի այնտեղ ու նրանցից առաջ անցան: 34Ուստի նավակից դուրս ելնելով՝ Նա մի մեծ բազմություն տեսավ և նրանց հանդեպ կարեկցանք զգաց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների նման էին. և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց: 35Եվ երբ արդեն երեկո եղավ, Նրա աշակերտները Նրան մոտենալով՝ ասացին. «Տեղն այս ամայի է և արդեն ուշ ժամ է. 36արձակիր նրանց, որպեսզի շրջակայքի ագարակներն ու գյուղերը գնալով՝ իրենք իրենց համար ուտելու ինչ որ մի բան կարողանան գնել»: 37Բայց պատասխանելով՝ Նա նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տվեք»: Նրանք հարցրեցին. «Մե՞նք գնանք երկու հարյուր դահեկանի հաց գնենք և տանք նրանց ուտելու»: 38Բայց Նա նրանց ասաց. «Քանի՞ հատ նկանակ ունեք: Գնացե՛ք տեսեք»: Երբ ճշտեցին, ասացին Նրան. «Հինգ, և երկու ձուկ»: 39Այդ ժամանակ հրամայեց նրանց խումբ-խումբ նստեցնել բոլորին դալար խոտի վրա: 40Եվ նրանք նստեցին, ոմանք հարյուր հոգուց, ոմանք էլ հիսուն հոգուց կազմված խմբերով: 41Եվ հինգ նկանակներն ու երկու ձկները վերցնելով՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, նկանակներն օրհնեց ու կտորների բաժանեց, և դրանք Իր աշակերտներին տվեց, որպեսզի նրանք դնեն դրանք մարդկանց առաջ. և երկու ձկներն էլ բաժանեց բոլորի միջև: 42Բոլորն էլ կերան ու հագեցան, 43և տասներկու սակառ լիքը կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից: 44Եվ նրանք, որ կերել էին նկանակները, հինգ հազար հոգի էին:
6, 30 - Միակ տեղն է Մարկոսի Ավետարանում, ուր Տասներկուսը անվանվում են Առաքյալներ («ἀπόστολοι» - «ապոստոլոյ»): Մատթեոսը նույնպես մեկ անգամ է գործածում այս եզրը (10, 2), մինչդեռ Հովհաննեսն այն բնավ չի գործածում Տասներկուսի վերաբերյալ: Ղուկասն է, որ նախ իր Ավետարանում, ապա Գործք Առաքելոցում, լայն կիրառում է հաղորդում այս անվանը: – Առաքյալ եզրի իմաստի ու նշանակության համար՝ տե՛ս Մտթ 10, 2+-ի առաջին մասը:
 
6, 31 - 8, 21 - Սկսվում է այսպես կոչված «Հացերի բաժինը», որն այսպես է անվանվում, որովհետև այս հատվածում հաճախ է գործածվում «հաց» եզրը («ἄρτος» - «առտոս»). Մարկոսի Ավետարանի 21 անգամներից 17ը այս տողերում են: Հիսուսն այստեղ ներկայացվում է անդադար շարժման մեջ. գործը գերակշռում է խոսքի համեմատ, քանի որ կենտրոնում դրված են Հիսուսի ձեռամբ կատարված հրաշքներն ու բժշկումները: Այդ ժեստերի միջոցով Նա փորձում է փարատել փարիսեցիների անհավատությունը, ինչպես նաև Իր իսկ աշակերտների հոգևոր կուրությունը, որոնք տեսնում են այն, ինչ կատարվում է իրենց աչքերի առաջ, բայց խորությամբ չեն ըմբռնում դրանց նշանակությունը: Հացերի ու ձկների առաջին (6, 30-44) և երկրորդ (8, 1-10) բազմացմամբ՝ Հիսուսը մտադիր է հատկապես հասկացնելու, որ Ինքն է, որ տալիս է Կյանքի ճշմարիտ Հացը, նաև (հոգու) ամայի վայրերում, որ այդ Հացը միակն է, որ հագեցնում է և ուժ է տալիս հավիտենական կյանք մտնելու համար, և որ, հետևաբար, հարկավոր է Իրեն դիմել՝ Կյանքի ճշմարիտ Հացին հաղորդվելու համար: – Տե՛ս նաև Մտթ 14, 13-21+:
 
6, 31 - «առանձին, մի ամայի տեղ». Հուն. «κατ’ἰδίαν εἰς ἔρημον τόπον» - «կատ'իդիան էիս էռեմոն տոպոն». Տե՛ս Մտթ 14, 13+-ի առաջին և երկրորդ մասերը: ꟷ
- «հանգստացեք». Հուն. «ἀναπαύσασθε» - «անապաուսասթէ». Մինչ հրեաները մարդկանց պարտադրում էին շաբաթ օրվա ձևական ու չափազանցված հանգստի գաղափարը, Հիսուսը, հոգով ու ճշմարտությամբ կատարված գործերի կողքին, ուսուցանում և պարգևում է նաև հոգով ու ճշմարտությամբ կատարված ազատակամ հանգիստը (դադարը): – Տե՛ս նաև Մտթ 11, 28 և 11, 28+:
 
6, 33 - «հասկացան». Հուն. «ἐπέγνωσαν» - «էպեգնօսան». Բառացի՝ ճշգրիտ, հստակ ճանաչողություն ունեցան, այսինքն՝ գլխի ընկան, թե նրանք ո՛ւր, ո՛ր կողմ էին գնում: Գրաբար. «զգացին»։
 
6, 34 - «կարեկցանք զգաց». Տե՛ս Մտթ 9, 36+-ի առաջին մասը: ꟷ
- «հովիվ չունեցող ոչխարների նման». Այս այլաբանական պատկերով մատնանշվում է աննպատակ թափառող ժողովուրդը կամ անհատ անձը (հմմտ. Թց 27, 17; 1Թգ 22, 17; Եզկ 34, 5):
 
6, 35 - «երբ արդեն երեկո եղավ». Բառացի՝ արդեն ժամն ուշ եղավ: Գրաբար. «իբրեւ բազում ժամ եղեւ»։
 
6, 37 - «Դո՛ւք նրանց ուտելիք տվեք». Հիսուսը ջանում է ներգրավել աշակերտներին և նրանց մեջ արթնացնել անմիջական պատասխանատվության գիտակցությունը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ միշտ: ꟷ
- «երկու հարյուր դահեկանի հաց». Քանի որ մեկ դահեկանը դա աշխատանքային մեկ օրվա համար վճարվող աշխատավարձն էր, նշված գումարը համապատասխանում է բանվորի երկու հարյուր օրվա աշխատավարձին: Մեկ անձի համար նախատեսվող հացի օրեկան չափաբաժինը համապատասխանում էր դահեկանի մեկ տասներկուերորդական մասին:
 
6, 39 - «խումբ-խումբ». Հուն. «συμπόσιον» - «սյումպոսիոն» եզրը նշանակում է միասին խնջույք կատարելու, տոնախմբելու նպատակով հավաքված հյուրերի խումբ (արմատը «միասին խմել» բառակապակցությունն է): Ավետարաններում գործածվում է միայն Մարկոսի կողմից, միայն այս տողում, կրկնակի ձևով. «συμπόσια συμπόσια» (գրաբար. «երախանս երախանս»): Եվս մեկ անգամ, որպես բայ, այն գործածվում է Գործք Առաքելոց գրքում (10, 41): Սույն եզրի գործածմամբ Մարկոսը առավել ևս ընդգծում է կապը հացերի բազմացման հրաշքի և Վերջին Ընթրիքի միջև (տե՛ս Մտթ 14, 13-21+ և 14, 19+), որպես մարգարեական նախապատրաստություն Գառան Հարսանիքին (հմմտ. Մտթ 26, 29; Հյտ 19, 5-9): ꟷ
- «դալար խոտի վրա». Հուն. «ἐπὶ τῷ χλωρῷ χόρτῳ» - «էպի տօ խլօռօ խոռտօ». Բառացի՝ բաց կանաչ, դեղնականաչավուն, այսինքն՝ թարմ, դալար խոտի վրա: Միայն Մարկոսն է գրի առել այս մանրամասնությունը: Կարծես հիշեցնում է Սղմ 23, 2-3 տողերի խոսքերը (գրաբար. «Ի վայրի դալարւոջ բնակեցոյց զիս»):
 
6, 40 - Բառացի՝ Եվ նստեցին մարգ-մարգ, հարյուրներով ու հիսուններով: Մարգերը՝ ի նկատի ունի խոտի խիտ աճած հատվածները: Գրաբար. «եւ բազմեցան դասք դասք, ուր հարիւր եւ ուր յիսուն»։
 
6, 44 - «հոգի». Բառացի՝ տղամարդիկ: Տե՛ս Մտթ 14, 21+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։