31-33. Չարչարանքների մասին առաջին կանխասացությունը – Գրադարան – Mashtoz.org

31-33. Չարչարանքների մասին առաջին կանխասացությունը

→ Մտթ 16, 21-23; Ղկս 9, 22
⁓ Մրկ 4, 13; 9, 9-10.31-32; 10, 32-34;  ≈ Մտթ 21, 42
 
31Եվ Նա սկսեց ուսուցանել նրանց, որ Մարդու Որդին պետք է բազում չարչարանքներ կրի, ավագների ու քահանայապետների ու օրենսգետների կողմից մերժվի ու սպանվի, և երեք օր հետո հարություն առնի: 32Եվ այս խոսքը Նա բացահայտ կերպով էր ասում: Իսկ Պետրոսը Նրան մի կողմ տանելով՝ սկսեց զգուշացնել Նրան: 33Բայց Նա, շրջվելով ու Իր աշակերտներին նայելով, հանդիմանեց Պետրոսին և ասաց. «Հեռո՛ւ ինձնից, սատանա՜, որովհետև դու Աստծո գործերին չէ, որ հետամուտ ես, այլ՝ մարդկանց գործերին»:
8, 31-33 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 16, 21-23+:
 
8, 31 - «սկսեց ուսուցանել նրանց». Հազիվ աշակերտները ճանաչում և ընդունում ու դավանում են, որ Հիսուսը խոստացված ու սպասված Մեսսիան է, Նա նրանց սկսում է ուսուցանել իր առաքելության ճշմարիտ բնույթն ու նկարագիրը: Դա այնպիսին չէ, ինչպիսին որ հասկանում և ուսուցանում էին հրեա օրենսգետները (իբրև քաղաքական ու ռազմական, նեղ ազգային հարթության վրա հաղթական գործիչ), այլ՝ ընդհակառակը, Իր թագավորությունն այս աշխարհից չէ (Հվհ 18, 36), Իր առաքելությունը համամարդկային է (Հվհ 10, 16) և պետք է անցնի մերժման, տառապանքի ու մահվան միջով, մինչև որ երրորդ օրը (հմմտ. Ովս 6, 2) կհասնի Հարության փառքին: ꟷ
- «Մարդու Որդին». Տե՛ս Մտթ 8, 20+: ꟷ
- «պետք է». «Հարկավոր է, որ այդպես լինի», «այդպես է պետք, որ լինի» իմաստով («δεῖ» - «դէի»):
 
8, 32 - «զգուշացնել». Հուն. «ἐπιτιμάω» - «էպիտիմաօ». Կարող է նաև նշանակել «հանդիմանել՝ հարգանքը պահպանելով հանդերձ», «գրաքննել», «խրատել»: Գրաբարը. «սաստել»։ 8, 30 տողում գործածված նույն բայն է:
 
8, 33 - «Հեռո՛ւ ինձնից». Բառացի՝ Ետևս գնա՛: Գրաբար. «Երթ յետս իմ»։ Այսինքն՝ ճանապարհս մի՛ փակիր, թո՛ղ, որ անշեղ շարունակեմ ընթացքս: ꟷ
- «սատանա». Տե՛ս Մտթ 4, 1+-ի երկրորդ մասը և 16, 22-23+: ꟷ
- «որովհետև դու Աստծո գործերին չէ, որ հետամուտ ես, այլ՝ մարդկանց գործերին». Բառացի՝ «որովհետև չես խորհում Աստծո բաները, այլ՝ մարդկանց բաները»: Գրաբար. «զի ոչ խորհիս դու զաստուծոյսն, այլ՝ զմարդկանս»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։