31-37. Խուլ ու կակազող մարդու բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

31-37. Խուլ ու կակազող մարդու բժշկումը

⁓ Մրկ 1, 34.43-45; 5, 20.23; 6, 5; 8, 23; 9, 25
≈ Մտթ 8, 3; 15, 29-31; Հվհ 11, 41; 1Տմ 4, 14; Ես 35, 5
 
31Եվ Տյուրոսի երկրից դարձյալ մեկնելով՝ Սիդոնի ճանապարհով ուղղվեց դեպի Գալիլեայի ծովը, անցնելով Դեկապոլսի տարածքների միջով: 32Եվ Նրա մոտ բերեցին մի խուլ ու կակազող մարդու, և աղաչում էին Նրան, որ Իր ձեռքը դնի նրա վրա: 33Եվ Նա նրան առանձին մարդկանց բազմությունից մի կողմ տանելով՝ Իր մատները նրա ականջների մեջ դրեց, և թքոտելով՝ նրա լեզվին հպվեց. 34ապա վերև նայելով դեպի երկինք՝ հառաչեց ու ասաց. «Էֆֆաթա՛», այսինքն. «Բացվի՛ր»: 35Եվ բացվեցին նրա ականջները, և իսկույն արձակվեց նրա լեզվի կապանքը, և նա սկսեց հստակ խոսել: 36Եվ Նա նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն: Բայց որքան ավելի էր Նա նրանց պատվիրում, այդքան ավելի էին նրանք հռչակում դրա մասին, 37և չափազանց զարմանում էին՝ ասելով. «Նա ամեն բան լավ արեց. և՛ խուլերին է լսել տալիս, և՛ համրերին՝ խոսել»:
7, 31 - Ավետարանիչները ցավոք սրտի չեն պատմում այդ երկար ճամփորդության բոլոր մանրամասնությունները: Տյուրոսից մեկնելով՝ Հիսուսն ուղևորվում է դեպի Սիդոն, այսինքն՝ Միջերկրականի ափով դեպի հյուսիս, ապա շրջվում է դեպի Գալիլեայի ծովը (հարավ-արևելք), անցնելով Դեկապոլսի ընդարձակ տարածքների միջով: Հարկավոր է, համենայն դեպս, ի նկատի առնել, որ դրանք բոլորը հեթանոսական երկրամասեր էին:
 
7, 32 - «կակազող». Հուն. «μογιλάλος» - «մոգիլալոս». Բառացի՝ դժվարությամբ խոսող: Որոշ ձեռագրեր, 7, 37 տողի հետ նույնացնելու նպատակով, ուր գործածվում է «համր» եզրը («ἄλαλος» - «ա՛լալոս»), թարգմանում են «համր» (գրաբարը ևս. «խուլ մի եւ համր»), ինչը որ սակայն չի հաշտվում 7, 35 տողի հստակ, ուղիղ խոսելու արդյունքի հետ:
 
7, 33 - Բժշկումների ժամանակ Հիսուսի կողմից թքի գործածումը Ավետարաններում հիշատակվում է երեք անգամ. այստեղ և Մրկ 8, 23; Հվհ 9, 6 տողերում: Ուղղակի դյութիչ մարմնեղենություն կա այս վկայություններում. Հիսուսի միայն Խոսքը չէ, որ բուժում է. Նրա Մարմինն ամբողջովին, անմնացորդ կերպով պարունակում է Աստվածային կենարար զորությունը (Կղս 2, 9): Եվ այդ Մարմնի հետ լիակատար հաղորդությունը երաշխիք է հավիտենական կյանքի համար (Հվհ 6, 54-57; հմմտ. Երգ 1, 2):
 
7, 34 - «Էֆֆաթա՛». Արամայերեն « פְתַח » - «փեթախ» բայից, որ նշանակում է «բացել», և որն ամբողջ Հին Կտակարանում գործածվում է միայն երկու անգամ, երկուսն էլ Դանիել Մարգարեի գրքում (6, 10; 7, 10): Նոր Կտակարանում, հունարեն աղավաղված տառադարձությամբ, գործածվում է միայն այստեղ և Մարկոսի կողմից թարգմանվում է «διανοίγω» - «դիանոիգօ» բայի կիրառմամբ, որ նշանակում է բացել ամբողջովին, լրիվ: Այս «ամբողջովին, լրիվ» բացվելու հրամանը որոշ մեկնիչների կողմից մեկնաբանվում է որպես ո՛չ միայն ֆիզիկական բժշկություն, այլ նաև՝ Հիսուսի ձայնը լսելու (Նրա վարդապետությունն ընդունելու) և ապա իր հերթին այն քարոզելու պատվիրան:
 
7, 35 - «հստակ». Հուն. «ὀρθῶς» - «օռթօս». Բառացի՝ ուղիղ, այսինքն՝ առանց կակազելու, ինչպես որ էր մինչ այդ (7, 32):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։