32-42. Գեթսեմանիում – Գրադարան – Mashtoz.org

32-42. Գեթսեմանիում

→ Մտթ 26, 36-46; Ղկս 22, 40-46;  ⁓ Մրկ 5, 37; 9, 6; 10, 38
≈ Մտթ 6, 13; Ղկս 11, 4; Հվհ 12, 27; 14, 31-32; 18, 1;
Հռմ 7, 5; 8, 15; Գղտ 4, 6; Սղմ 42, 5
 
32Եվ մի ագարակ գնացին, որի անունը Գեթսեմանի էր, և Նա Իր աշակերտներին ասաց. «Նստեցե՛ք այստեղ, մինչև որ ես աղոթեմ»: 33Եվ Իր հետ վերցրեց Պետրոսին և Հակոբոսին ու Հովհաննեսին, և սկսեց ուժգին վախ ու տագնապ զգալ: 34Եվ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տխուր է: Մնացե՛ք այստեղ և հսկեցե՛ք իմ հետ»: 35Եվ մի փոքր առաջ գնալով՝ երեսնիվայր գետին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, հեռու անցնի Իրենից այդ ժամը: 36Եվ ասում էր. «Աբբա՜, Հա՜յր, ամեն ինչ հնարավոր է Քեզ. հեռացրո՜ւ ինձնից այս բաժակը: Բայց ո՛չ թե այն, ինչը որ ես եմ ուզում, այլ՝ այն, ինչը որ Դու ես կամենում»:
37Ապա ետ եկավ ու նրանց քնած գտավ, և Պետրոսին ասաց. «Սիմո՜ն, քնա՞ծ ես: Չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ: 38Հսկի՛ր և աղոթի՛ր, որպեսզի փորձության մեջ չընկնես: Այո՜, հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: 39Եվ կրկին հեռանալով, աղոթում էր՝ նույն խոսքերն ասելով: 40Եվ վերադառնալով՝ նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին և չգիտեին ի՛նչ պատասխանեին Նրան:
41Ապա երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Քնե՛ք այսուհետև ու հանգստացե՛ք: Վե՛րջ, հասել է ժամը. ահա՛ Մարդու Որդին հանձնվում է մեղավորների ձեռքը: 42Վե՛ր կացեք, գնա՛նք. ահա՛ նա, ով ինձ դավաճանում է, մոտեցել է»:
14, 32-42 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 26, 36-46+:
 
14, 33 - Ինչպես ա՛յլ յուրահատուկ դեպքերում, այստեղ ևս Հիսուսն Իր հետ վերցնում է միայն Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. այն աշակերտներին, որոնց մասնակից էր դարձրել Իր Պայծառակերպությանը և մի շարք յուրահատուկ հրաշքների կատարմանը: Նրանք պետք է որ մյուսներից ավելի պատրաստ լինեին հաղթահարելու այդ պահի ծանրությունը: Բայց ... : – Երբ Քրիստոսի (բոլոր ժամանակների) աշակերտներից ոմանք կանչվում են Նրան ավելի մոտիկից ընկերակցելու, դա միայն Պայծառակերպության լեռան գագաթին վայելած հափշտակության ու երանության համար չէ, այլ՝ ենթադրում է ավելի մոտիկից ընկերակցել Նրան նաև Գեթսեմանիի այգում, նաև Խաչի Ճանապարհի վրա:
 
14, 36 - «Աբբա՜, Հա՜յր». Հուն. «Ἀββᾶ ὁ Πατήρ» - «Աբբա հո Պատեռ». Տե՛ս Մտթ 26, 39+-ի երկրորդ մասը: ꟷ
- «ինչը որ». Մի ուշագրավ տարբերություն կա Մատթեոսի ու Մարկոսի տվյալ տողում: Մինչ Մարկոսն ասում է. «ո՛չ ինչը որ ես եմ ուզում» («οὐ τί ἐγὼ θέλω» - «ո՛ւ տի էգօ թելօ»), Մատթեոսն ասում է. «ո՛չ ինչպես ես եմ կամենում» («οὐχ ὡς ἐγὼ θέλω» - «ո՛ւխ հօս էգօ թելօ»): Այսինքն՝ եթե Մարկոսը շեշտը դնում է կամքի առարկայի վրա (ինչը), Մատթեոսը շեշտը դնում է այդ կամքի կատարման ձևի վրա (ինչպես): Ղուկասը համադրում է երկուսը՝ գրելով. «ո՛չ իմ կամքը, այլ՝ Քոնը թող կատարվի» («μὴ τὸ θέλημά μου ἀλλὰ τὸ σὸν γινέσθω» - «մէ տո թելեմա մու ալլա տո սոն գինեսթօ»):
 
14, 37 - «Սիմո՜ն». Պետրոսին այդ աստիճան թույլ տեսնելով, – այնքան, որ չի կարողացել մեկ ժամ արթուն մնալ, – Հիսուսը նրան դիմում է նրա հին անունով, որը նա կրում էր առաքելական պաշտոնին կանչվելուց առաջ: Դրանով կարծես ընդգծում է տարբերությունը գաղափարականի (հոգու) ու գործնական կարողությունների (մարմնի) միջև: Եվ այդ առիթով, հաջորդ տողում արտասանում է Իր ամենահայտնի (մարդկանցս համար ամենաախորժելի) խոսքերից մեկը. «Այո՜, հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: Կարծես ասելու լինի. «Պետրոսը հոժար է, բայց Սիմոնը՝ տկար»:
 
14, 41 - «Վե՛րջ». Հուն. «ἀπέχει» - «ապեխեյ». Բառացի՝ բա՛վ է, լիուլի ունեմ: Գրաբարը. «հասեալ է վախճան»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։