33-37. Զգոն լինել՝ անակնկալի չգալու համար – Գրադարան – Mashtoz.org

33-37. Զգոն լինել՝ անակնկալի չգալու համար

→ Մտթ 24, 42; 25, 13-15; Ղկս 12, 38.40; 19, 12-13
 
33Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է: 34Ինչպես մի մարդ, որ մեկնել է օտար երկիր՝ իր տունը թողնելով և իր ծառաներին իշխանություն տալով, յուրաքանչյուրին՝ իր գործը, և հրամայել է դռնապանին, որ զգոն լինի: 35Զգո՛ն եղեք, ուրեմն, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ է գալու. թերևս երեկոյան, կամ կեսգիշերին, կամ աքլորականչին, կամ առավոտյան. 36որպեսզի անակնկալ կերպով գալով՝ ձեզ քուն մտած չգտնի: 37Արդ, ինչը որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. Զգո՛ն եղեք»:
13, 33 - «Զգո՛ւյշ եղեք». Վերջին անգամ վերադարձ է կատարվում սկզբնական զգուշացմանը (5), հավելելով զգոնության կոչը (34.35.37), որն Հիսուսի կողմից աշակերտներին է ուղղվում նաև Գեթսեմանիի պարտեզում (14, 34.37.38): ꟷ
- «հսկեցե՛ք». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «և աղոթեցե՛ք»: Գրաբարը ևս. «սկեցէք եւ կացէք յաղօթս»։
 
13, 34 - Այս կարճառոտ առակը նմանատիպ ա՛յլ առակներ է հիշեցնում, որ ներկա են Մատթեոսի (24, 45-51; 25, 14) և Ղուկասի (12, 35-40.42-46; 19, 12) Ավետարաններում, որոնք Մարկոսն ինքը, սակայն, իր Ավետարանում գրի չի առել:
 
13, 35.37 - «Զգո՛ն եղեք». Հուն. «γρηγορεῖτε» - «գռեգոռեիտէ». Սկզբնական իմաստով նշանակում է ամբողջովին արթուն լինել, հատկապես գիշեր ժամանակ, բայց հատուկ շեշտադրում կատարելով այդ արթնության ժամանակ գործադրված հսկողության, մտքի զգաստության, ուշադրության, զգոնության տարրերի վրա: Գրաբարը. «Արթուն կացէք»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։