33-37. Ո՛վ է ամենամեծը – Գրադարան – Mashtoz.org

33-37. Ո՛վ է ամենամեծը

→ Մտթ 18, 1-5; Ղկս 9, 46-48
⁓ Մրկ 7, 24; 10, 16.44;  ≈ Մտթ 10, 40; Հվհ 13, 20
 
33Հասան ապա Կաֆառնաում: Եվ երբ արդեն տանն էին, Նա հարցրեց նրանց. «Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին»: 34Բայց նրանք չէին պատասխանում, քանի որ ճանապարհին վիճել էին, թե ո՛վ է իրենց մեջ ավելի մեծ: 35Այդ ժամանակ, նստելով, Նա կանչեց Տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, թող որ բոլորի վերջին ու բոլորի ծառա լինի»: 36Եվ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջտեղում, և նրան գրկելով՝ ասաց նրանց. 37«Ով այս մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում. և ով ընդունում է ինձ, ո՛չ թե ինձ է ընդունում, այլ՝ ինձ ուղարկողին»:
9, 34 - «չէին պատասխանում». Բառացի՝ լռում էին: Գրաբարը. «լուռ լինէին»։ ꟷ
- «ավելի մեծ». Մեծը՝ պատվի, կարևորության, արժեքի իմաստով:
 
9, 35 - «վերջին ... ծառա». Հուն. «ἔσχατος ... διάκονος» - «էսխատոս ... դիակոնոս». Այս երկու, կարևորագույն եզրերը հարկավոր է դիտարկել միասին: «Էսխատոս»ը նորկտակարանյան մտածողության մեջ արմատն է «վախճանաբանություն» եզրի, վերջին իրականությունների, որոնք սպասում են մարդուն և պատմությանը՝ ժամանակների վերջում: Լինել «վերջին», նշանակում է հասած լինել սեփական ինքնության կերտման վերջնակետին, ա՛յլ խոսքերով ասած՝ լինել ամբողջովին հասուն, կատարյալ (հմմտ. Մտթ 5, 48 և 5, 48+): «Դիակոնոս»ը նա է, ով սպասավորում է սեղանի շուրջը, կերակուրներ է մատակարարում սեղանակիցներին: Համադրելով երկու եզրերը՝ ստացվում է հետևյալ գաղափարը. եթե մեկն ուզում է առաջին լինել՝ Աստծո գնահատմամբ, թող որ կատարյալ լինի Երկնավոր Հոր նման, սիրո մեջ, ինչպես մի հասուն ու հոգատար հայր կամ մայր, ովքեր նախ իրենց զավակներին են կերակրում, նրանց սեղանին են սպասավորում սիրով և ուրախությամբ, և միմիայն նրանցից հետո՝ վերջում, հոգում են իրենց կարիքները: Ավետարանական այս «վերջին» հասկացողությունը բնավ անարգանքի ու թերագնահատման տարրեր չի պարունակում, այլ՝ միայն ու միայն սիրո:
 
9, 36 - «մանուկ». Տե՛ս Մտթ 18, 3+ և 18, 5+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։