33-39. Հիսուսի մահը – Գրադարան – Mashtoz.org

33-39. Հիսուսի մահը

→ Մտթ 27, 45-54; Ղկս 23, 44-47; Հվհ 19, 28-30
≈ Մտթ 4, 3; Սղմ 22, 2; 68, 22; Ամս 8, 9
 
33Երբ կեսօր եղավ, խավար տիրեց ամբողջ երկրի վրա, մինչև ժամը երեքը: 34Եվ ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով գոչեց. «Էլոի՜, Էլոի՜, լե՞մա սաբաքթա՛նի», որ թարգմանվում է. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»։ 35Եվ ներկաներից ոմանք լսելով՝ ասում էին. «Ահա՛, Եղիային է կանչում»: 36Եվ նրանցից մեկն արագ առաջ վազելով և մի սպունգ ամբողջությամբ քացախի մեջ թաթախելով, այն եղեգի վրա անցկացնելով՝ տվեց Նրան, որ խմի, ասելով. «Թողե՛ք տեսնենք, արդյոք Եղիան կգա՞ նրան իջեցնելու»: 37Բայց Հիսուսը, խորը հառաչանք արձակելով, փչեց վերջին շունչը:
38Եվ տաճարի վարագույրը երկուսի պատռվեց, վերևից մինչև ներքև:
39Այնժամ Նրան դեմառդեմ կանգնած հարյուրապետը տեսնելով, թե Նա ինչպե՛ս Իր վերջին շունչը փչեց, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծո Որդի էր»:
15, 33-39 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 27, 45-56+:
 
15, 33 - «խավար տիրեց». Կամ, ըստ Ղուկասի, «արեգակը խավարեց» (23, 45): Սա, անշուշտ, հարկավոր չէ հասկանալ արևի խավարման տիեզերական երևույթի, այլ ավելի՝ ավազի փոթորկի կամ մութ ամպերի կուտակման իմաստով, որն անկասկած տեղային բնույթ է ունեցել (տե՛ս Մտթ 27, 45+-ի երրորդ մասը): Համենայն դեպս, Ավետարանիչների համար կարևորն ընդգծելն է, որ խոսքը վերաբերվել է աստվածային միջամտության, որով ընդգծվել է ահռելի տարողությունը այն ողբերգության, որն այդ պահին կատարվում էր, և ողջ տիեզերքի մասնակցությունը Աստծո Որդու մահվամբ պատճառված ողբին:
 
15, 34 - «Էլոի՜, Էլոի՜». Հուն. «Ἐλωῒ Ἐλωῒ». Աստված անվան արամայերեն «Elahî» ձևն է, տառադարձված որպես «Էլոի», հավանաբար եբրայեցերեն «Էլոհիմ» անվան ազդեցությամբ: Մատթեոսի կողմից գործածված «Էլի» տարբերակը (27, 46) եբրայեցերեն է, մեջբերված սաղմոսի բնօրինակում գործածված եզրն է, և ավելի լավ է բացատրում ներկաների կողմից ընկալված բառախաղը:
 
15, 37 - «փչեց վերջին շունչը». Այս բայը («ἐκπνέω» - «էկպնէօ»), որ բառացի նշանակում է արտաշնչել, դուրս փչել, և միայն փոխաբերական իմաստով՝ վերջին շունչը փչել, Նոր Կտակարանում գործածվում է միայն երեք անգամ. Մրկ 15, 37.39 և Ղկս 23, 46 տողերում: Գրաբարը. «եհան զոգի»։
Նա, որ Վերջին Ընթրիքի ժամանակ հաստատել էր մի խորհուրդ, որով բոլոր ժամանակների Իր աշակերտներին որպես հավիտենական կյանքի սնունդ էր թողել Իր Մարմինն ու Արյունը (Մրկ 14, 22-25), այժմ, խաչի զոհասեղանի վրա, Իրեն չի պահում նաև Իր Մարմինն ու Արյունը կենագործող Հոգին («πνεῦμα» - «պնէումա» - «շունչ, հոգի»), այլ՝ այն ևս արտաշնչում, փչում է աշխարհի վրա, բոլոր նրանց վրա, ովքեր կկամենան ընդունել այն և կենագործվել Իր Շնչով, Իր Հոգիով:
 
15, 39 - «ինչպե՛ս». Ավետարանիչներից միայն Մարկոսն է ընդգծում Հիսուսի մահանալու կերպը: Հիսուսի վերջին շնչի փչումը պետք է ինչ որ մի խորհրդավոր ուժ պարունակած լինի իր մեջ, ինչ որ մի անասելի վեհություն պետք է որ արտահայտած լինի, այն աստիճան, որ ներկա հեթանոսներին մղել է կատարելու հավատքի մի դավանություն, որը հրեաները չէին կարողանում կատարել ի տես Նրա հրաշքների: Հիսուսի մահվան «ինչպե՛ս»ը ավելի արտահայտիչ է եղել (և է՛), քան բոլոր ուսուցումներն ու հրաշքները միասին վերցված: ꟷ
- «իսկապես Աստծո Որդի էր». Հարյուրապետի հավատքի այս դավանությամբ վերադարձ է կատարվում Ավետարանի առաջին տողին և վերահաստատվում է այն (հմմտ. Մրկ 1, 1):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։