35-39. Հիսուսը ծածուկ հեռանում է Կաֆառնաումից և սկսում է շրջել Գալիլեայի բնակավայրերում – Գրադարան – Mashtoz.org

35-39. Հիսուսը ծածուկ հեռանում է Կաֆառնաումից և սկսում է շրջել Գալիլեայի բնակավայրերում

→ Ղկս 4, 42-44
≈ Մտթ 4, 23; 14, 23; 26, 36; Ղկս 3, 21; Հվհ 18, 37
 
35Եվ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, վեր կենալով և դուրս ելնելով՝ մի ամայի տեղ գնաց, և այնտեղ աղոթքի կանգնեց: 36Բայց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին, գնացին փնտրելու Նրան, 37և երբ Նրան գտան, ասացին. «Ամեն ոք Քեզ է փնտրում»: 38Եվ Նա ասաց նրանց. «Եկե՜ք գնանք մոտակա ա՛յլ ավաններ ևս, որպեսզի ես այնտեղ էլ քարոզեմ: Արդարև, հենց դրա՛ համար եմ ես եկել»: 39Եվ սկսեց շրջել Գալիլեայի ողջ տարածքում՝ քարոզելով նրանց ժողովարաններում և դևերին հանելով:
1, 35 - «ամայի տեղ». Հուն. «ἔρημος» - «էռեմոս» եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 3, 3+-ի երկրորդ մասը: Սովորաբար թարգմանվում է «անապատ», չմշակված, խոպան, անմարդաբնակ տարածք իմաստով:
Առանձնացած վայրերում աղոթքի քաշվելը Հիսուսի կյանքի բնորոշ պահերից մեկն է (հմմտ. Ղկս 3, 21; 5, 16; 6, 12; 9, 18.28; 11, 1; 22, 41-46): Տե՛ս Մտթ 14, 23+-ի երկրորդ մասը:
Ավետարանական այս տվյալի վրա է հիմնվում քրիստոնեական վանքերն «անապատ» անվանելու սովորությունը, անկախ դրանց աշխարհագրական տեղակայումից:
 
1, 36 - «գնացին փնտրելու». Հուն. «καταδιώκω» - «կատադիօկօ» բայն իր ճշգրիտ իմաստով նշանակում է հետապնդել, որսորդի նման հետքերով գնալ, ջանասիրաբար փնտրել հետքերը (մինչև իսկ, բացասական ձայներանգով, կարող է նշանակել «հալածել»). տեսարան, որ հիշեցնում է Երգ Երգոցի հարսին, որ գիշերով փնտրում է իր Սիրեցյալին: Եկեղեցին՝ «Պետրոսը և նրանք, որ նրա հետ են», աշխարհում ընթանում է՝ իր քայլերն իր Աստվածային Վարդապետի թողած հետքերի վրա դնելով, և մի անհապաղ կարիքից մղված. «Ամեն ոք Նրան է փնտրում», գիտակից կամ անգիտակից, ուղղակի կամ անուղղակի կերպով:
 
1, 38 - «հենց դրա՛ համար եմ ես եկել». Հուն. «ἐξῆλθον» - «էքսէլթոն», որ բառացի նշանակում է «ելել եմ», մեկնել եմ (նույն բայն է, որ գործածվել էր 35րդ տողում. «ἐξέρχομαι» - «էքսէռխոմայ»): Առաջին հայացքից, և սկզբնական իմաստով, կարող է տպավորություն ստեղծել, թե Հիսուսն ի նկատի ունի Կաֆառնաումից՝ Իր քաղաքից մեկնելը: Բայց ավելի խորը իմաստով – «Ով ականջ ունի՝ հասկանալու համար, թող հասկանա» (4, 9) – նշանակում է Հիսուսի եկած լինելը Աստծուց՝ Հորից, ինչպես որ հստակ կերպով արտահայտվում է Հովհաննեսի կողմից (Հվհ 8, 42; 13, 3; 16, 27-30; 17, 8; հմմտ. Ղկս 4, 43):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։