35-40. Զեբեդեոսի որդիների խնդրանքը – Գրադարան – Mashtoz.org

35-40. Զեբեդեոսի որդիների խնդրանքը

→ Մտթ 20, 20-23;  ⁓ Մրկ 4, 13; 14, 36
≈ Ղկս 12, 50; Հռմ 6, 3; Գրծ 12, 1-2; Հյտ 1, 9
 
35Եվ Նրան մոտեցան Հակոբոսն ու Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդիները, ասելով Նրան. «Վարդապետ, կամենում ենք, որ այն, ինչը որ Քեզնից խնդրելու ենք, Դու անես դա մեր համար»: 36Եվ Նա նրանց ասաց. «Ի՞նչ եք կամենում, որ ես անեմ ձեր համար»: 37Եվ նրանք ասացին Նրան. «Շնորհ արա մեզ, որ մեզնից մեկը Քո աջ կողմում, իսկ մյուսը Քո ձախ կողմում նստենք Քո փառքի մեջ»: 38Եվ Հիսուսը նրանց ասաց. «Չեք իմանում, թե ի՛նչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմում եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտված եմ»: 39Եվ նրանք ասացին Նրան. «Կարող ենք»: Եվ Հիսուսն ասաց նրանց. «Բաժակը, որ ես խմում եմ, դուք էլ կխմեք, և մկրտությամբ, որով ես մկրտված եմ, դուք էլ կմկրտվեք: 40Բայց նստել իմ աջ կամ ձախ կողմում, ես չէ, որ շնորհում եմ, այլ՝ դա նրանց համար է, որոնց համար որ պատրաստված է»:
10, 35-45 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 20, 20-28+:
 
10, 37 - «Քո փառքի մեջ». Այսինքն՝ երբ կհաղթանակես որպես Մեսսիական Թագավոր: Երկու առաքյալների խնդրանքը Քրիստոսի գալիք, հավիտենական, անդենական փառքի մասին չէ, այլ՝ նրանք շարունակում են հուսալ, որ շատ շուտով ականատես են լինելու Դավթի թագավորության վերահաստատմանը:
 
10, 38-39 - «խմում եմ ... մկրտված եմ». Մի խումբ ձեռագրեր, Մարկոսի այս տողերը Մատթեոսի հետ նույնացնելու նպատակով, բայերի ներկա ժամանակը փոխարինում են ապառնիով: Գրաբարը ևս. «ըմպելոց եմ ... մկրտելոցն եմ»։
 
10, 38 - «մկրտվել». Իր սկզբնական իմաստով, «մկրտվել» նշանակում է ջրերի մեջ սուզվել (հմմտ. Մտթ 3, 6+): Հիսուսը, մարդկության փրկության համար, «սուզվելու է» տառապանքի վիհերի մեջ: Նույնը պետք է անեն նաև Իր աշակերտները, եթե կամենում են մասնակցել Իր միևնույն փառքին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։