38-40. Օրենսգետների դատապարտումը – Գրադարան – Mashtoz.org

38-40. Օրենսգետների դատապարտումը

→ Մտթ 23, 6-7; Ղկս 11, 43; 20, 45-47
 
38Եվ Իր ուսուցման մեջ Նա ասում էր. «Զգո՛ւյշ եղեք օրենսգետներից, որ սիրում են երկայնափեշ զգեստներ հագած շրջել և հրապարակներում ողջույններ ստանալ, 39և ժողովարաններում նախապատիվ աթոռներին նստել, և գլխավոր տեղերը զբաղեցնել խնջույքների ժամանակ: 40Նրանք լափում են այրիների տները, և դրան իբրև արդարացում՝ երկարացնում են աղոթքները: Նրանք ավելի խիստ դատաստան են ընդունելու»:
12, 38-40 - Նախորդ դրվագի (28-34) ազնիվ օրենսգետի բացառություն կազմող կերպարը մի կողմ դնելով, Մարկոսը վերսկսում է օրենսգետների դեմ ընդհանուր առմամբ ուղղված քննադատությունը՝ դատապարտելով նրանց վարքն ու գործերը:
 
12, 38 - «երկայնափեշ զգեստներ». Հուն. «στολή» - «ստոլէ». Խոսքը վերաբերվում է այն լայն ու երկար խալաթներին, որոնք Միջին Արևելքի երկրներում մինչև օրս էլ կրում են հասարակության վերնախավի անդամները, բարձրաստիճան պաշտոնյաները, հարուստները: Մարկոսը (12, 38; 16, 5) և Ղուկասը (15, 22; 20, 46) այս եզրը գործածում են երկուական անգամ, ևս 5 անգամ հանդիպում է Հայտնության գրքում (6, 11; 7, 9.13.14; 22, 14): – Գրաբարը. «'ի հանդերձս երեւելիս», «աչքի ընկնող» իմաստով:
 
12, 38-39 - Հունարեն բնագիրն առանց «ստանալ», «նստել», «զբաղեցնել» բայերի է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։