38-41. Հիսուսի անվան գործածումը – Գրադարան – Mashtoz.org

38-41. Հիսուսի անվան գործածումը

→ Մտթ 10, 42; Ղկս 9, 49-50
≈ Մտթ 12, 30; Գրծ 3, 16; 1Կր 3, 23; 12, 3; Թց 11, 27-28
 
38Հովհաննեսը Նրան ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, քանի որ մեր հետևորդներից չէր»: 39Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան: Արդարև, չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և կարողանա անհապաղ չարախոսել իմ դեմ: 40Արդ, ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է»:
41«Եվ ո՛վ որ ձեզ մի բաժակ ջուր տա խմելու հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իր վարձը չի կորցնի»:
 

9, 38-41 - Հիսուսի անշահախնդիր դիրքորոշումը կարող ենք համեմատության մեջ դնել Մովսեսի կյանքի գեղեցկագույն դրվագներից մեկի հետ. «Մինչ այդ երկու մարդիկ, մեկի անունը Էլդադ, մյուսինը՝ Մեդադ, մնացել էին բանակատեղիում, և Հոգին հանգչեց նրանց վրա: Նրանք յոթանասուն ծերերից էին, բայց դուրս չէին ելել՝ խորան գնալու համար. և մարգարեանում էին բանակատեղիում: Մի պատանի վազեց՝ այդ մասին տեղեկացնելու Մովսեսին, և ասաց. ''Էլդադն ու Մեդադը մարգարեանում են բանակատեղիում'': Այդ ժամանակ Նունի որդի Հեսուն՝ իր մանկությունից ի վեր Մովսեսի պաշտոնյան, սկսեց ասել. ''Տե՜ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց մարգարեություն անել'': Բայց Մովսեսը նրան պատասխանեց. ''Իմ համա՞ր ես նախանձախնդիր: Երանի՜ թե բոլորը մարգարեներ լինեին Տիրոջ ժողովրդի մեջ, և երանի՜ թե Տերը նրանց վրա հեղեր Իր Հոգին''» (Թց 11, 26-29): Մովսեսի վառ իղձը լիուլի իրականություն դարձավ Հոգեգալստյան օրը (հմմտ. Գրծ 2, 1-41):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։