40-45. Բորոտի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

40-45. Բորոտի բժշկումը

→ Մտթ 8, 2-4; Ղկս 5, 12-16
⁓ Մրկ 1, 34; 5, 30;  ≈ Ղևտ 13, 49; 14, 1-32
 
40Այդ ժամանակ Նրա մոտ մի բորոտ եկավ. ծնկաչոք աղաչում էր Նրան ու ասում. «Եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 41Եվ գթալով՝ Նա Իր ձեռքը երկարեց, հպվեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»: 42Եվ բորոտությունն իսկույն չքացավ նրա վրայից և նա մաքրվեց: 43Եվ խստորեն զգուշացնելով նրան՝ իսկույն ճանապարհ դրեց նրան 44և ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի ոչինչ չասե՛ս, այլ՝ գնա՛, ցո՛ւյց տուր քեզ քահանային և մաքրվելուդ համար մատուցի՛ր Մովսեսի կողմից պատվիրված ընծան՝ որպես նրանց համար վկայություն»: 45Բայց նա, երբ հեռացավ, սկսեց եռանդուն կերպով հռչակել և ամեն կողմ տարածել այդ լուրը, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում քաղաք մտնել բացահայտ կերպով, այլ՝ դուրսը, ամայի տեղերում էր մնում, և մարդիկ բոլոր կողմերից գալիս էին Նրա մոտ:
1, 40-45 - Մինչև այս պահը Հիսուսը միայն Իր անմիջական շրջապատում էր արտահայտում Իր անհամաձայնությունը Մովսիսական Օրենքի որոշ դրույթների և դրանց վերաբերյալ տրվող հրեական չափազանցված մեկնաբանությունների նկատմամբ, կատարելով արարքներ, որոնք նրանց կողմից արգելված էին (հմմտ. 1, 31): Այժմ, մինչդեռ, բացահայտ կերպով հակառակվում է՝ հպվելով կրոնական իմաստով ծայր աստիճան անմաքուր նկատվող բորոտին (1, 41): ꟷ
- Հին Կտակարանում պատմվում է երկու դեպք, որոնցում Աստված բժշկություն է պարգևում բորոտին (Թց 12, 10-15 և 2Թգ 5, 1-14), բայց երկու դեպքերում էլ ո՛չ Մովսեսը, ո՛չ Եղիսեն բացարձակապես չեն «հպվում» հիվանդին, անգամ մոտ չեն գալիս: ꟷ
- Բորոտի խնդրանքի և գործածված եզրերի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 8, 2+:
 
1, 41 - «գթալով». Հուն. «σπλαγχνίζομαι» - «սպլանգխնիզոմայ» բայը Նոր Կտակարանում գործածվում է 12 անգամ, միայն համատես երեք Ավետարաններում և միայն Հիսուսի ու Հայր Աստծո վերաբերյալ (Մտթ 9, 36; 14, 14; 15, 32; 18, 27; 20, 34; Մրկ 1, 41; 6, 34; 8, 2; 9, 22; Ղկս 7, 13; 10, 33; 15, 20): Բայարմատը հանդիսացող «σπλάγχνων» - «սպլանգխնոն» գոյականը մատնանշում է ներքին ազնվագույն օրգանները՝ սիրտը, թոքերը, լյարդն ու երիկամները, և աստվածաշնչյան եզրաբանությամբ՝ հանդիսանում է սիրո ու զգացմունքների նստավայրը: Հետևաբար, սույն եզրը արտահայտում է սեփական ողջ ներաշխարհով հուզվելու, գթալու, կարեկցելու, սրտակից, սրտացավ լինելու գաղափարը: Տե՛ս նաև Մտթ 9, 36+-ի առաջին մասը:
 
1, 42 - «չքացավ». Հուն. «ἀπῆλθεν» - «ապելթեն», բառացի՝ մեկնեց, հեռացավ:
 
1, 44-45 - Հիսուսի նպատակն այն էր, որ մարդիկ Իր մոտ չգային միայն հրաշքների ու բժշկությունների հանդեպ ծնվող հետաքրքրությունից դրդված, այլ ավելի՝ ընկալելու համար Իր խոսքը, որին և ակնարկվում է 1, 45 տողում: Տե՛ս նաև Մտթ 9, 30+: ꟷ
- «այդ լուրը». Հուն. «τὸν λόγον» - «տոն լոգոն», բառացի՝ այդ խոսքը: ꟷ
- «Հիսուսն». Բնագրում՝ Նա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։