41-44. Այրի կնոջ լուման – Գրադարան – Mashtoz.org

41-44. Այրի կնոջ լուման

→ Ղկս 21, 1-4;  ≈ 2Կր 8, 12; 2Թգ 12, 9-15
 
41Եվ գանձատան դիմաց նստած՝ Նա դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովրդի բազմությունը մետաղադրամներ գցում գանձանակի մեջ: Եվ բազմաթիվ հարուստներ մեծ գումարներ էին գցում: 42Եվ մի աղքատ այրի կին գալով՝ երկու լումա գցեց, որ մի մանրադրամ է: 43Եվ Իր աշակերտներին Իր մոտ կանչելով՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրի կինն ավելի շատ գցեց, քան մյուս բոլոր դրամ գցողները գանձանակի մեջ, 44քանի որ բոլորն իրենց ավելորդից գցեցին, իսկ նա՝ իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ապրուստը՝ եղած չափով»:
12, 41 - «մետաղադրամներ». Հուն. «χαλκὸν» - «խալկոն»։ Բառացի՝ պղինձ կամ բրոնզ: Գրաբար. «պղինձ»։ Խոսքը պղնձե մանրադրամների մասին է: ꟷ
- «գանձատան ... գանձանակի». Հուն. «γαζοφυλάκιον» - «գազոֆյուլակիոն». Միևնույն եզրը գործածված է երկու՝ ընդհանուր և մասնակի իմաստներով: Տաճարի սրահներից մեկում էր գտնվում գանձատունը, ուր դրված էին տասներեք գանձանակներ (նվիրատվություններ հավաքելուն սահմանված տուփեր, արկղեր), որոնցից յուրաքանչյուրի վրա գրված էր տվյալ դրամահավաքի նպատակը: Գանձարկղի մոտ կանգնած քահանան նվիրատվությունը ստանալուց հետո բարձրաձայն հայտնում էր նվիրաբերված գումարի չափը, հետո նոր միայն այն գցում էր գանձանակի մեջ:
 
12, 42 - «լումա». Հուն. «λεπτόν» - «լեպտոն»։ Դահեկանի 1/100-ին համարժեք պղնձե կամ բրոնզե մետաղադրամ: Ամենայն հավանականությամբ՝ դրամական ամենացածր միավորն էր այդ ժամանակ: Նոր Կտակարանում հիշվում է միայն այստեղ և Ղկս 12, 59; 21, 2 տողերում: ꟷ
- «մանրադրամ». Հուն. «κοδράντης» - «կոդռանտես». Միայն երկու անգամ է հիշվում Նոր Կտակարանում. այստեղ և Մտթ 5, 26 տողում (արժեքի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 5, 26+):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։