42-47. Հիսուսի թաղումը – Գրադարան – Mashtoz.org

42-47. Հիսուսի թաղումը

→ Մտթ 27, 57-61; Ղկս 23, 50-55; Հվհ 19, 38-42
≈ Մտթ 27, 62
 
42Եվ երեկոն արդեն վրա հասնելով, քանի որ Նախապատրաստության օր էր, այսինքն՝ շաբաթամուտ, 43գալով Հովսեփ Արիմաթեացին՝ ատյանի հեղինակավոր անդամներից մեկը, ով ինքն էլ սպասում էր Աստծո արքայությանը, համարձակվելով՝ Պիղատոսի մոտ գնաց և Հիսուսի մարմինը խնդրեց: 44Այնժամ Պիղատոսը զարմացավ, որ արդեն մահացել էր, և հարյուրապետին կանչելով՝ հարցրեց նրան, թե իրո՞ք այդքան շուտ էր մահացել: 45Եվ հարյուրապետից ստուգելով՝ դին Հովսեփին շնորհեց: 46Եվ նա նրբաթել վուշից հյուսված սավան գնած լինելով, Նրան վար իջեցնելով՝ սավանով պատանքեց, և Նրան մի գերեզմանի մեջ դրեց, որ փորված էր ժայռի մեջ: Եվ մի քար գլորեց և գերեզմանի մուտքը փակեց: 47Արդ, Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը նայում էին, թե Նա որտե՛ղ դրվեց:
15, 42 - «Նախապատրաստության օր էր, այսինքն՝ շաբաթամուտ». Տե՛ս Մտթ 27, 62+: Մարկոսը, քանի որ գրում է հռոմեաբնակ ո՛չ հրեա քրիստոնյաներին, կարիքն է զգում բացելու փակագծերը և իր ընթերցողներին բացատրելու այդ օրվա ու այդ եզրի նշանակությունը: Գրաբարը. «քանզի ուրբաթ էր՝ որ 'ի շաբաթն մտանէր»։
 
15, 43 - «ատյանի հեղինակավոր անդամներից մեկը». Հովսեփ Արիմաթեացին հիշատակվում է բոլոր չորս Ավետարաններում, յուրաքանչյուրում մեկական անգամ (Մտթ 27, 57; Մրկ 15, 43; Ղկս 23, 50; Հվհ 19, 38): Ատյանի հեղինակավոր անդամներից մեկի հիշատակումը վավերականության կնիք է դնում Ավետարանիչների կողմից ներկայացված վկայությունների վրա: Հիսուսի թաղումը չի կատարվել Առաքյալների ձեռամբ, ուստի Նրա մահվանն ու թաղմանը, ապա նաև Հարությանը վերաբերվող մանրամասնությունները ամենայն դյուրությամբ կարող էին ստուգման ենթարկվել: ꟷ
- «սպասում էր». Հուն. «προσδέχομαι» - «պռոսդեխոմայ» բայը մատնանշում է մի սպասում, որ կատարվում է սիրահոժար պատրաստակամությամբ՝ ջերմ փոխադարձությամբ տալու և վերցնելու: Դա ո՛չ թե կրավորական (պասսիվ), այլ՝ ամբողջովին ներգործական (ակտիվ) սպասում է, ակնկալություն: – Գրաբար. «ակն ունէր»։
 
15, 44 - «Պիղատոսը զարմացավ». Սովորաբար, խաչելության դատապարտվածներն առնվազն մեկ կամ երկու օր դիմանում էին խաչի վրա, հետո նոր մահանում: Դրա համար էլ խաչելությունը նկատվում էր որպես մահապատժի ամենասոսկալի ձևերից մեկը: Խաչելությունից առաջ կրած խարազանումը, սակայն, Հիսուսի դեպքում չափազանց հյուծել էր Նրան (տե՛ս 15, 21+), և Նա մահանում է խաչվելուց ընդամենը վեց ժամ անց: Այդ պատճառով է, որ Պիղատոսը զարմանում է և ստուգել է տալիս: – Այս մանրամասնությունը Ավետարանիչներից միայն Մարկոսն է ընդգծում:
 
15, 45 - «դին». Հուն. «πτῶμα» - «պտօմա», որ նշանակում է դի, դիակ, մեռած մարմին: Մատթեոսը, Ղուկասն ու Հովհաննեսը խաչից իջեցված Հիսուսի վերաբերյալ նախընտրում են գործածել «σῶμα» - «սօմա» եզրը, որն ընդհանուր առմամբ նշանակում է «մարմին», և՛ ֆիզիկական, և՛ փոխաբերական իմաստով: Մարկոսի ընտրությունը լիովին համապատասխանում է միայն իր կողմից մեջբերված մանրամասնությանը, որ վերաբերվում է Պիղատոսի զարմանքին և հարյուրապետի կողմից ստացած հավաստիացմանը, որ Հիսուսը խաչի վրա իրոք արդեն մահացել էր: Աստվածաբանական տեսանկյունից դիտված էլ՝ ավելի ցայտուն կերպով է արտահայտում ողջ տարողությունը Աստծո Որդու խոնարհության, որով Նա հանձն առավ խոնարհվել մինչև դիակ դառնալու աստիճան, դիակ դարձած Ադամին Իր հետ Հարություն տալու նպատակով: ꟷ
- «շնորհեց». Հուն. «δωρέομαι» - «դօռէոմայ» բայն է («δῶρον» - «դօռոն» գոյականից, որը Մատթեոսի կողմից գործածվում է մոգերի կողմից Մանուկ Հիսուսին տրված ընծաների, նվերների դրվագում. տե՛ս Մտթ 2, 11), որ նշանակում է նվիրել, ընծայել, ձրիաբար տալ, շնորհել: Գրաբար. «շնորհեաց»։ – Ըստ օրենքի, մահվան դատապարտվածների դիակները թաղվում էին մի ընդհանուր գերեզմանում, առանց հուղարկավորման ծիսակարգի: Պիղատոսը, հետևաբար, բարյացակամություն է դրսևորում Հովսեփ Արիմաթեացու նկատմամբ՝ բացառության կարգով շնորհելով Հիսուսի մարմինը: Սա մի կողմից ակնարկում է անձամբ Հիսուսի հանդեպ Պիղատոսի կողմից դրսևորված որոշակի հարգանքին, բայց մյուս կողմից կրկին ընդգծում է Հովսեփ Արիմաթեացու վայելած հեղինակության աստիճանը. նա ո՛չ միայն չի վախենում քահանայապետներից, այլ նաև՝ ուղղակի կապի մեջ է կայսերական կառավարչի հետ:
 
15, 46 - «փորված էր ժայռի մեջ». Այդ ժամանակներում, ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ ողջ աշխարհում, սովորություն էր հայտնի ու ազդեցիկ անձնավորությունների համար դամբարաններ փորել ժայռերի մեջ: Միայն հարուստ ու բարեկեցիկ անձինք կարող էին նման անձնական դամբարաններ պատվիրել կամ ձեռքբերել իրենց համար, դրա համար էլ Մատթեոսն ընդգծում է, որ այդ ժայռափոր դամբարանը Հովսեփ Արիմաթեացին փորել էր տվել իր համար (հմմտ. Մտթ 27, 60), բայց դեպքերի նման զարգացման պատճառով այն զիջում է Հիսուսին: ꟷ
- «մուտքը փակեց». Բառացի. «Եվ մի քար գլորեց գերեզմանի մուտքին», այսինքն՝ մուտքի վրա, մուտքը փակելու նպատակով: Գրաբար. «թաւալեցոյց վէմ 'ի դուռն գերեզմանին»։
 
15, 47 - «Հովսեսի մայր Մարիամը». Հունարեն բնագրում բացակայում է «մայր» նշումը: Բառացի. «Հովսեսի Մարիամը» («Μαρία ἡ Ἰωσῆτος» - «Մառիա հէ Յօսետոս»):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։