42-50. Գայթակղությունների մասին – Գրադարան – Mashtoz.org

42-50. Գայթակղությունների մասին

→ Մտթ 18, 6-9; Ղկս 17, 1-2
≈ Մտթ 5, 13.29-30; 18, 8-9; Ղկս 14, 34; Հռմ 12, 18; Կղս 4, 6;
Ղևտ 2, 13; Ես 66, 24
 
42«Իսկ ո՛վ որ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ իր պարանոցից ծանր ջաղացքար կախվի և ծովը նետվի: 43Եվ եթե քո ձեռքն է քեզ գայթակղեցնում, հատի՛ր այն. քո համար ավելի լավ է միձեռանի մտնել կյանքի մեջ, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշեջ կրակի մեջ: [44] 45Եվ եթե քո ոտքն է քեզ գայթակղեցնում, հատի՛ր այն. քո համար ավելի լավ է մի ոտքից զրկված մտնել կյանքի մեջ, քան թե երկու ոտք ունենալ ու գեհեն գցվել: [46] 47Եվ եթե քո աչքն է քեզ գայթակղեցնում, հանի՛ր այն. քո համար ավելի լավ է միակնանի մտնել Աստծո արքայության մեջ, քան թե երկու աչք ունենալ ու գցվել գեհեն, 48ուր նրանց որդը չի մեռնում և կրակը չի մարում: 49Որովհետև ամեն ոք կրակով պիտի աղվի: 50Լավ բան է աղը. բայց եթե աղն անալի դառնա, ինչո՞վ այն կհամեմեք: Աղ ունեցեք ինքներդ ձեր մեջ և միմյանց նկատմամբ խաղաղության մեջ եղեք»:
9, 42-50 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 18, 5-10+:
 
9, 42 - «հավատացող». Ավելի ուշ շրջանի ձեռագրերի մի փոքր խումբ շեշտում է. «ի՛նձ հավատացող»: Գրաբարը ևս. «որ հաւատան յիս»։ ꟷ
- «ծանր ջաղացքար». Հուն. «μύλος ὀνικὸς» - «մյուլոս օնիկոս». Բառացի՝ էշի ջաղացքար: Գրաբար. «երկան իշոյ»։ Իմաստը ծանր ու դժվարակիր լինելն է: ꟷ
- «ծովը նետվի». Ծովում խեղդվելով մահանալը, երբ դիակն այլևս չէր գտնվում, մեծագույն ողբերգություն էր համարվում, որովհետև մահացածին զրկում էր ծիսական արժանապատիվ հուղարկավորություն ունենալու հնարավորությունից: Բայց, Հիսուսի համաձայն, սա նվազ ողբերգական է, քան հավատացող փոքրիկներից մեկին գայթակղեցնելը (տե՛ս Մտթ 18, 6+):
 
9, 43.45 - «կյանքի մեջ». Ավելի ուշ շրջանի ձեռագրերի մի փոքր խումբ ընդգծում է. «հավիտենական կյանքի»: Գրաբարը ևս. «'ի կեանսն յաւիտենից»։
 
9, 44.46 - Ավելի ուշ շրջանի ձեռագրերում 48րդ տողի բովանդակությունը կրկնվում է նաև 44րդ և 46րդ տողերում: Հիմնվելով հնագույն և լավագույն ձեռագրերի վկայության վրա՝ այդ տողերն այլևս դուրս են թողնվում:
 
9, 48 - «որդը». Հուն. «σκώληξ» - «սկօլեքս». Առավել մասնավոր իմաստով՝ կրծող որդ: Մեջբերումը Ես 66, 24 տողից է, ուր որդը փոխաբերական պատկերն է տանջող խղճի խայթի:
 
9, 49 - Որոշ ձեռագրեր, շարունակելով Ղևտացվոց գրքից վերցված գաղափարը, ավելացնում են. « ... և ամեն զոհ աղով պիտի աղվի» (հմմտ. Ղևտ 2, 13): Կերակուրների համար աղի պահպանող հատկությունը և որևէ նեխվածության դեմ կրակի մաքրագործող հատկությունը մեկտեղվում են՝ արտահայտելու համար դրանց այլաբանական արդյունքները Հիսուսի աշակերտների հոգևոր կյանքում: Երկրային կյանքի ընթացքում ապականությունից զերծ մնալու համար (աղը) նրանք պարտավոր են անցնել փորձերի ու զոհողությունների միջով (կրակը): Հավիտենական անապական կյանքը ձեռքբերելու համար (աղը) մարդիկ պետք է անցնեն դատաստանի միջով (կրակը):
 
9, 50 - Թվում է, թե մատթեոսյան ներշնչում ունեցող այս տողը Մարկոսի կողմից այս գլխի վերջավորությանն ավելացվել է պարզապես «աղ» բառի հետ գաղափարային մերձավորության պատճառով, վերջում միայն ավելացնելով իր սեփական մեկնաբանությունը. աղն անհամանում է (բառացի՝ անալիանում է. «ἄναλον γένηται» - «անալոն գենետայ»), երբ Հիսուսի աշակերտները (ինչպես այն ժամանակվա, այնպես էլ՝ այսօրվա) կորցնում են խաղաղությունը միմյանց միջև: – Տե՛ս նաև Մտթ 5, 13-14+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։