43-52. Հիսուսի ձերբակալությունը – Գրադարան – Mashtoz.org

43-52. Հիսուսի ձերբակալությունը

→ Մտթ 26, 47-56; Ղկս 22, 47-53; Հվհ 18, 2-11
≈ Հվհ 16, 32; Ամս 2, 16
 
43Եվ իսկույն, մինչ Նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ Տասներկուսից մեկը, և նրա հետ՝ քահանայապետների ու օրենսգետների ու ժողովրդի ավագների կողմից ուղարկված և սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ: 44Դավաճանը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ո՛ւմ որ համբուրեմ, նա՛ է. բռնեցե՛ք նրան և տարե՛ք զգուշությամբ»: 45Եվ գալով, իսկույն մոտենալով Նրան, ասաց. «Ռաբբի՜», և համբուրեց Նրան: 46Եվ նրանք ձեռքերը Նրա վրա դրեցին ու բռնեցին Նրան: 47Նրա կողքին կանգնածներից մեկն այդ պահին սուրը դուրս քաշելով՝ քահանայապետի ծառային հարվածեց ու նրա ականջը կտրեց: 48Այնժամ խոսքը նրանց ուղղելով՝ Հիսուսն ասաց. «Ինձ բռնելու համար սրերով ու մահակներով եք դուրս ելել, կարծես ավազակի դեմ: 49Ամեն օր ձեր մոտ տաճարում էի՝ ուսուցանելով, և չբռնեցիք ինձ: Բայց այսպես եղավ, որպեսզի Գրվածքները կատարվեին»:
50Այդ ժամանակ բոլորը, Նրան լքելով, փախան: 51Մի պատանի, սակայն, հետևում էր Նրան, իր մերկ մարմնի վրա վուշե սավան գցած. և բռնեցին նրան: 52Բայց նա սավանը թողնելով՝ մերկ փախավ:
14, 43-52 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 26, 47-56+:
 
14, 47 - «կողքին կանգնածներից մեկն». Սուրը դուրս քաշողի ու քահանայապետի ծառային հարվածողի ինքնությունը ծածուկ է մնում նաև Մատթեոսի (26, 51) և Ղուկասի (22, 50) Ավետարաններում: Հովհաննեսն է իր Ավետարանում (18, 10) հայտնում, որ դա եղել է Պետրոսը: ꟷ
- «ականջը կտրեց». Պետրոսի դիտավորությունը, վստահաբար, Հիսուսին ձերբակալելու եկածի միայն ականջը կտրելը չի եղել: Ականջն է կտրել՝ վրիպելով:
 
14, 49 - «Գրվածքները». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «մարգարեների»: Գրաբարը ևս. «գիրք մարգարէիցն»։ ꟷ
- Հունարեն բնագրի կառուցվածքն այնպիսին է, որ այս տողը հնարավոր է թարգմանել նաև որպես մաղթանք. «Թող որ կատարվեն, ուրեմն, Գրվածքները»:
 
14, 51-52 - «Մի պատանի». Սա միայն Մարկոսի Ավետարանին բնորոշ հատված է: Մի հնագույն ավանդության համաձայն, պատանին, որի մասին խոսվում է այստեղ, հենց ինքը՝ Մարկոսն է: ꟷ
- «մերկ». Հուն. «γυμνός» - «գյումնոս». Հարաբերական իմաստով՝ թեթև հագնված, միայն ներքնազգեստով: Տե՛ս նաև Հվհ 21, 7+-ի երկրորդ մասը: ꟷ
- «վուշե սավան». Հուն. «σινδών» - «սինդօն». Նույն եզրն է, որ գործածվում է Հիսուսի թաղման սավանը մատնանշելու համար: Տե՛ս Մտթ 27, 59-60+: Գրաբարը. «կտաւ մի»։ ꟷ
- «և բռնեցին նրան». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «երիտասարդները»: Գրաբարը ևս. «ունէին զնա երիտասարդքն»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։