45-52. Հիսուսը քայլում է ջրի վրայով – Գրադարան – Mashtoz.org

45-52. Հիսուսը քայլում է ջրի վրայով

→ Մտթ 14, 22-33; Հվհ 6, 16-21
⁓ Մրկ 4, 13.39; 8, 17;  ≈ Հոբ 9, 8; Սղմ 77, 20; Ես 43, 16
 
45Եվ ստիպեց Իր աշակերտներին, որ անմիջապես նավ մտնեն և Իրենից առաջ մյուս ափն անցնեն, դեպի Բեթսաիդա, մինչև որ Ինքը ժողովրդին արձակեր: 46Եվ երբ ճանապարհեց նրանց, սար բարձրացավ աղոթելու: 47Երբ երեկո եղավ, նավակը ծովի խորքն էր հասել, իսկ ինքը միայնակ կանգնած էր ցամաքին: 48Տեսնելով, սակայն, թե ինչպե՛ս էին նրանք տանջվում թիավարելիս, քանի որ քամին նրանց հակառակ էր փչում, լուսադեմին մոտ Նա նրանց մոտ գնաց՝ ծովի վրա քայլելով, և ուզում էր նրանցից առաջ անցնել: 49Նրան ծովի վրա քայլելիս տեսնելով՝ նրանք կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրեցին, 50որովհետև բոլորը նրան տեսան ու խռովվեցին: Բայց Նա իսկույն խոսեց նրանց հետ և ասաց նրանց. «Քաջալերվեցե՜ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»: 51Ապա նավակ բարձրացավ, նրանց մոտ, և քամին դադարեց: Եվ նրանք չափազանց շատ ապշած մնացին իրենց մտքում, 52քանի որ նրանց սրտերն անզգայացած լինելով՝ չէին հասկացել նաև այն, ինչ կատարվել էր հացերի բազմացման դեպքում:
6, 45 - «ստիպեց». Հուն. «ἠνάγκασεν» - «էնանկասեն», որ նշանակում է հարկադրեց, պարտադրեց, ստիպեց, հրամայական հորդոր տվեց (կարող է թարգմանվել նաև «շտապեցրեց», բայց պետք է հասկանալի լինի, որ ձայներանգը խիստ հրամայական է, ինչպես, օրինակ, կարող է խիստ ձայնով ասել. «Արագացրե՛ք». – Գրաբարն այսպես է. «ճեպեաց»): Ձայներանգից հասկացվում է, որ աշակերտները չէին ցանկանում Հիսուսին մենակ թողնել ամբոխի հետ, ամենայն հավանականությամբ՝ որովհետև մտահոգվում էին Նրա անվտանգության համար, քանի որ ուրիշ անգամներ էլ տեսել էին, թե ինչպե՛ս էր հրաշք ու բժշկություն որոնող գրեթե խելագար ամբոխը ամեն կողմից հարձակվում Նրա վրա, նեղում, քաշքշում զգեստները (հմմտ. 3, 9-10 և 3, 9+): Հիսուսն աշակերտներին հրամայում է անել մի բան, որն իրենք, իրենց մարդկային ողջ բարի կամքով ու հասկացողությամբ, չէին կամենում անել: Հնազանդվելով, սակայն, ականատես են լինում Հիսուսի հաջորդ սքանչելագործությանը՝ ջրի վրայով քայլելուն:
 
6, 46 - «նրանց». Այսինքն՝ ժողովրդին: ꟷ
- «սար ... աղոթելու». Տե՛ս Մտթ 14, 23+:
 
6, 47 - «ծովի». Տե՛ս Մտթ 14, 25+-ի երրորդ մասը: ꟷ
- «խորքն». Հուն. «ἐν μέσῳ» - «էն մեսօ», որ մատնանշում է ներքին մասերը, ներսը, ի հակադրություն արտաքին սահմանամերձ մասերի, տվյալ դեպքում՝ ափամերձ ջրերի: Այսինքն՝ նավակն անցել էր ափամերձ գոտին և դուրս էր ելել բաց ծով (գրաբար. «'ի մէջ ծովուն»): Բայց չէր կարողացել ափից շատ հեռանալ՝ հանդիպակաց քամու պատճառով (հմմտ. հաջորդ տողը և Մտթ 14, 24): ꟷ
- «ցամաքին». Հուն. «ἐπὶ τῆς γῆς» - «էպի տես գես». Քանի որ նախորդ տողում ասվել էր, որ Հիսուսը սար էր բարձրացել աղոթելու, կարող ենք պատկերացնել Հիսուսին՝ կանգնած ափամերձ ինչ որ մի բարձրադիր կետում, որ վերևից դեպի լճի խորքը նայելով՝ տեսնում է, թե «ինչպե՛ս էին նրանք տանջվում թիավարելիս»: Ավետարանիչը չի հիշատակում այդ կետից դեպի ծովն իջնելու դրվագը, բայց ինքնըստինքյան գրեթե հասկանալի է, որ դա նվազ սքանչելի ձևով չպետք է եղած լինի, քան ջրի վրայով քայլելը:
 
6, 48 - «լուսադեմին մոտ». Բառացի՝ գիշերվա մոտավորապես չորրորդ հսկմանը: Տե՛ս Մտթ 14, 25+-ի առաջին մասը:
 
6, 50 - «ես եմ». Հուն. «ἐγώ εἰμι» - «էգո էիմի». Տե՛ս Մտթ 14, 27+:
 
6, 51 - «իրենց մտքում». Բառացի՝ իրենք իրենց մեջ: – Մեծապես արտահայտիչ է հունարեն «ἐξίστημι» - «էքսիստեմի» բայի գրաբար թարգմանությունը. «յիմարեալ էին 'ի միտս իւրեանց»։ Աշակերտները բառիս բուն իմաստով ապուշ էին կտրել, հիմարացել էին, կորցրել էին որևիցէ մի բան մտածելու, որևիցէ մի վերլուծություն կատարելու կարողությունը: Տե՛ս նաև Մտթ 14, 32-33+:
 
6, 52 - «սրտերն». Հուն. «καρδία» - «կառդի՛ա». Բնագրում եզակի թվով է: Սիրտը աստվածաշնչյան մտահամակարգում ''վայրն'' է ո՛չ միայն զգացմունքների, այլ՝ նաև իմացականության, ընտրություն կատարող ազատ կամքի: Հատկանշական է փաստը, որ «Սիրտ» եզրը Հին ու Նոր Կտակարաններում գործածվում է ավելի քան 800 անգամ, որոնցից ոչ մեկը չի վերաբերվում երակների մեջ արյուն մղող ֆիզիկական օրգանին, այլ՝ գործածվում է միայն ու միայն այլաբանական, փոխաբերական իմաստով, որպես մարդկային էության ախորժակների՝ ցանկություն-որոշումների կենտրոն: Մարկոսի արտահայտությունն էլ, հետևաբար, չպետք է հասկացվի աշակերտների անկարողության իմաստով՝ ունենալու զգացմունքներ կամ հակազդեցություններ, այլ՝ կատարվածի խորին իմաստն ու նշանակությունը հասկանալ, ընկալել, ըմբռնել չկարողանալու իմաստով. այդ ''նշանների'', որոնցով Հիսուսն իրենց հայտնում և ցույց էր տալիս Իր աստվածային կարողությունը: 3, 5-6 հատվածում նույն գաղափարը կիրառվում է նրանց վերաբերյալ, ովքեր մերժում են Հիսուսին և դավեր են նյութում Նրա կյանքի դեմ: ꟷ
- «անզգայացած». Հուն. «πεπωρωμένη» - «պեպօռօմենէ». Բառացի՝ քարացած, կարծրացած:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։