46-52. Երիքովի կույրի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

46-52. Երիքովի կույրի բժշկումը

→ Մտթ 20, 29-34; Ղկս 18, 35-43
≈ Մտթ 8, 10; Հվհ 20, 16
 
46Եվ հասան Երիքով: Եվ մինչ Նա դուրս էր գալիս Երիքովից, Իր աշակերտների ու ժողովրդի մի մեծ բազմության հետ միասին, Տիմեոսի որդին՝ կույր մուրացկան Բարտիմեոսը, նստած էր ճանապարհի եզրին: 47Եվ լսելով, որ Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի Որդի՜, Հիսո՜ւս, ողորմի՜ր ինձ»: 48Եվ շատերը նրան սաստում էին, որ լռի, բայց նա է՛լ ավելի էր գոռում. «Դավթի Որդի՜, ողորմի՜ր ինձ»:
49Եվ կանգ առնելով՝ Հիսուսը հրամայեց, որ նրան կանչեն: Եվ նրանք կանչեցին կույրին, ասելով նրան. «Քաջալերվի՜ր, վե՜ր կաց, Նա կանչում է քեզ»: 50Եվ իր վերարկուն դեն գցելով ու ոտքի ցատկելով՝ նա եկավ Հիսուսի մոտ: 51Եվ պատասխանելով նրան՝ Հիսուսն ասաց. «Ի՞նչ ես կամենում, որ ես քո համար անեմ»: Եվ կույրը Նրան ասաց. «Ռաբբունի՜, որ ես վերստին տեսնեմ»: 52Եվ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, հավատքդ քեզ փրկեց»: Եվ նա իսկույն վերագտավ տեսողությունը և սկսեց հետևել Նրան ճանապարհի վրա:
10, 46-52 - Տե՛ս Մտթ 20, 29-34+: ꟷ
- Երիքովի կույրի բժշկության այս դրվագով ավարտվում է Մարկոսի Ավետարանի այն հատվածը, որ նվիրված էր Հիսուսի հետևորդությանը: Այս բժշկումով մի կարևոր շրջադարձ է նաև կատարվում. Հիսուսն այլևս չի պահպանում և չի պահանջում պահպանել «Մեսսիական գաղտնիքը» (տե՛ս Մտթ 9, 30+):
 
10, 46 - «Տիմեոսի որդին՝ ... Բարտիմեոսը». Անվան արամայերեն տարբերակը՝ Բար Տիմեոս, ճշգրիտ կերպով համապատասխանում է նույնի հունարեն թարգմանությանը՝ Տիմեոսի որդի: Այսինքն՝ միևնույն անձը հիշատակվում է իր անվան երկու տարբերակներով. հունարեն և արամայերեն: Թերևս սա է պատճառը, որ Մատթեոսն իր Ավետարանի զուգահեռ հատվածում խոսում է Երիքովի երկու կույրերի բժշկման մասին (20, 30):
 
10, 47 - «Նազովրեցին». Հիսուսին վերագրվող «Ναζαρηνός» - «Նազառենոս» ածականը գործածվում է միայն Մարկոսի (տե՛ս նաև 1, 24; 14, 67; 16, 6 տողերը) և Ղուկասի կողմից (4, 34; 24, 19): Ղուկասը, սակայն, ուրիշ անգամներ գործածում է «Ναζωραῖος» - «Նազօռայոս» տարբերակը (Ղկս 18, 37; Գրծ 2, 2; 3, 6; 4, 10; 6, 14; 22, 8; 24, 5; 26, 9), Մատթեոսի (2, 23; 26, 71) ու Հովհաննեսի (18, 5.7; 19, 19) նման: – Տե՛ս նաև Մտթ 2, 23+:
 
10, 51 - «Ռաբբունի՜». Արամայերեն համարժեք տարբերակն է եբրայեցերեն Ռաբբի եզրի (հմմտ. Մտթ 23, 7+): Նոր Կտակարանում գործածվում է միայն այստեղ և Հվհ 20, 16 տողում, «իմ ուսուցիչ», «իմ վարդապետ», կամ «մեծ ուսուցիչ», «ուսուցչապետ» իմաստով: ꟷ
- «որ ես վերստին տեսնեմ». Հուն. «ἵνα ἀναβλέψω» - «հինա անաբլեպսօ». Որոշ ձեռագրեր, Մատթեոսի հետ նույնացնելով, գրում են. «աչքերս թող բացվեն»: Գրաբարը ևս. «զի բացայց»։ – Մարկոսի տարբերակը, մինչդեռ, կարծես թե հուշում է, որ Բարտիմեոսն ի ծնե կույր չի եղել, այլ՝ ինչ որ դժբախտ պատահարի պատճառով կորցրել է տեսողությունը: Դրա համար էլ խնդրում է «վերստին» տեսնել, «վերագտնել» տեսողությունը:
 
10, 52 - Այս դրվագում չեն լսվում հրամաններ և չեն կատարվում ֆիզիկական հպումներ: Այստեղ ներկա ենք գտնվում բժշկության երրորդ կերպին. կույրի հավատքն է, որ «բժշկում» է և «փրկում» (գործածված «σῴζω» - «սօզօ» բայի կրկնակի իմաստի ու նշանակության համաձայն):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։