53-56. Բժշկումներ Գեննեսարեթում – Գրադարան – Mashtoz.org

53-56. Բժշկումներ Գեննեսարեթում

→ Մտթ 14, 34-36;  ⁓ Մրկ 5, 27-28
≈ Գրծ 5, 15; 19, 11-12
 
53Երբ ծովն անցնելով՝ ափ հասան, եկան Գեննեսարեթ և ցամաք ելան: 54Եվ երբ նավակից դուրս ելան, տեղացիներն իսկույն ճանաչեցին Նրան, 55և ողջ այդ գավառով մեկ վազելով՝ սկսեցին մահիճներով հիվանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, որ Նա գտնվում է: 56Եվ ո՛ւր որ Նա մտնում էր, – գյուղեր, քաղաքներ, թե ագարակներ – , հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում էին Նրան, որ գոնե Նրա զգեստի քղանցքներին հպվեին: Եվ բոլոր նրանք, որ հպվում էին Նրան, բժշկվում էին:
6, 53 - «եկան Գեննեսարեթ». 6, 45 տողում ասվել էր, որ աշակերտները ճանապարհ էին ընկել դեպի Բեթսաիդա, որ գտնվում էր Գեննեսարեթի լճի հյուսիս-արևելյան ափին, մինչդեռ այժմ ասվում է, որ ցամաք ելան Գեննեսարեթում, այսինքն՝ լճի հյուսիս-արևմտյան հատվածում: Նավարկության ուղղության փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ուժեղ քամու պատճառով:
 
6, 56 - «քղանցքներին». Հուն. «κράσπεδον» - «կռասպեդոն». Բառացի՝ ծոպ, հյուսվածքի եզերքին թողնված թելերի փունջ, քուղ: Հրեաների վերնազգեստների ու թիկնոցների եզերքները զարդարվում էին թելերի փնջիկներով, որոնք խորհրդանշում էին, որ տվյալ անձը Օրենքը պահող մեկն է: Հիսուսի զգեստներն էլ էին զարդարված նմանատիպ ծոպերով՝ ի նշան Օրենքի պահպանման (հմմտ. Մտթ 5, 17 և 5, 17+):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։