53-65. Հիսուսն ատյանի առաջ – Գրադարան – Mashtoz.org

53-65. Հիսուսն ատյանի առաջ

→ Մտթ 26, 57-68; Ղկս 22, 54.63-71; Հվհ 18, 15-16.18
⁓ Մրկ 13, 26; 15, 5
≈ Հվհ 2, 19; 18, 19-24; 19, 7; 2Կր 5, 1; Սղմ 110, 1; Ես 53, 7; Դն 7, 13
 
53Եվ նրանք Հիսուսին տարան քահանայապետի մոտ, և այնտեղ հավաքվեցին բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ավագներն ու օրենսգետները: 54Իսկ Պետրոսը հեռվից հետևել էր Նրան մինչև քահանայապետի տան ներքին բակը, և ծառաների հետ նստած՝ կրակի մոտ տաքանում էր: 55Եվ քահանայապետներն ու ամբողջ ատյանը վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, Նրան մահվան դատապարտելու համար, բայց չէին գտնում. 56քանի որ, թեև շատերն էին սուտ վկայություններ տալիս Նրա դեմ, բայց նրանց վկայությունները միմյանց չէին համապատասխանում: 57Ոմանք, սակայն, ոտքի կանգնելով, Նրա դեմ սուտ վկայություն էին տալիս՝ ասելով. 58«Մենք լսեցինք, թե Նա ինչպես էր ասում. ''Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում մի ուրիշը՝ անձեռակերտը կկառուցեմ''»: 59Բայց այդպես էլ՝ նրանց վկայությունները միմյանց չէին համաձայնվում: 60Ապա քահանայապետը մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարց ուղղեց՝ ասելով. «Ոչինչ չես պատասխանո՞ւմ: Ի՞նչ են վկայում նրանք քո դեմ»: 61Բայց Նա լռում էր և ոչինչ չէր պատասխանում: Քահանայապետը կրկին հարց ուղղեց Նրան, և Նրան ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալի Որդին»: 62Եվ Հիսուսն ասաց. «Ե՛ս եմ:
 
Եվ դուք տեսնելու եք Մարդու Որդուն
Զորության աջ կողմում բազմած,
և մինչ գալիս է երկնքի ամպերի վրայով»:
 
63Այնժամ քահանայապետն իր զգեստները պատռելով՝ ասաց. «Էլ ի՞նչ կարիք ունենք վկաների: 64Աստվածանարգ խոսքերը լսեցիք: Ձեզ ի՞նչ է թվում»: Եվ բոլորը դատապարտեցին Նրան, թե մահապարտ է:
65Եվ ոմանք սկսեցին թքել Նրա վրա, և Նրա երեսը ծածկել ու բռունցքով խփել Նրան, և ասել Նրան. «Գուշակի՛ր»: Եվ ծառաներն ապտակում էին Նրան:
14, 53-65 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 26, 57-68+:
 
14, 53 - «քահանայապետի մոտ». Որոշ ձեռագրեր, Մատթեոսի հետ նույնացնելով, ավելացնում են քահանայապետի անունը. «Կայիաֆաս»: Գրաբարը նույնպես. «առ քահանայապետն Կայիափա»։ – Տե՛ս նաև Մտթ 26, 3+:
 
14, 54 - «հեռվից». Հուն. «ἀπὸ μακρόθεν» - «ապո մակռոթեն». Գրաբար. «'ի հեռաստանէ»։ Այս պարզունակ ակնարկի մեջ նշմարվում են Պետրոսի հոգեկան բոլոր ապրումները, որոնցով նրա ներաշխարհը տակնուվրա էր լինում այդ պահին: Նա անկեղծ սիրով նվիրված էր Հիսուսին, Գեթսեմանիի պարտեզում սուրը վար էր իջեցրել՝ միմիայն հնազանդվելով Հիսուսի հրամանին, առանց հասկանալու այդ հրամանի իմաստը, այդ պահին չէր կարողանում ինքնազոհաբերվող Մեսսիային հետևել «մոտիկից», բայց չէր էլ կարողանում արմատախիլ անել Նրան – Նրա կերպարանքը, Նրա հայացքը, Նրա ձայնը – իր սրտից: Ուստի միակ բանը, որին ընդունակ էր, դա Նրան հետևելն էր հեռվից, «տեսնելու համար, թե ինչպե՛ս էր այդ ամենն ավարտվելու» (Մտթ 26, 58): Նրա հոգու խորքում հնչում էր այն միևնույն հարցը, որ ժամանակին տվել էր Հովհաննես Մկրտիչը. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշին սպասենք» (Մտթ 11, 3. տե՛ս նաև Մտթ 11, 3+): Պետրոսը տակավին չի կարողանում պատասխան գտնել այդ հարցին, բայց նրա վարքի, նրա արարքների մեջ ակներև շողում է հույսը, մի անծայրածիր սպասում: ꟷ
- «կրակի մոտ». Հուն. «πρὸς τὸ φῶς» - «պռոս տո ֆօս». Բառացի՝ լույսի մոտ: Գրաբարը. «առ լուսովն»։
 
14, 58 - «ձեռակերտ ... երեք օրում ... անձեռակերտը». Սույն հակադրությամբ ընդգծվում է տարբերությունը, որ գոյություն ունի ընդմեջ այն բաների, որոնք կյանքի են կոչված մարդկանց ձեռքով և, հետևաբար, անցողիկ են, նույնիսկ եթե ծառայում են կրոնական վեհ նպատակների. և այն բաների, որոնք գալիս են Աստծուց և, հետևաբար, իրենց էությամբ իսկ հավիտենական են ու անանց: Եվ ահա՛, Հիսուսի կողմից մեկնարկ է տրվում մի նոր սկզբի, ո՛չ միայն պաշտամունքի վերաբերյալ, այլ՝ փրկության ողջ պատմության: «Երեք օրերը» բնական կապակցություն են ստեղծում Հիսուսի մահվան ու հարության հետ, որոնց վրա է հիմնվելու անձեռակերտ, Սուրբ Հոգու կողմից հիմնված և միմիայն Նրա զորությամբ կանգուն մնացող Նոր Տաճարը՝ Եկեղեցին, որ գալու է վերջնական կերպով փոխարինելու հնին:
 
14, 61 - «Նա լռում էր». Ձերբակալության պահից մինչև մահվան ժամը Հիսուսը միայն երեք նախադասություն է արտասանում, որոնք բոլորը վճռորոշ կարևորություն ունեն (14, 62; 15, 3.34): Չի փորձում ո՛չ պաշտպանվել, ո՛չ էլ փրկվել մահից. Իր ներկայությունն ու Իր տառապանքը արդեն իսկ խոսում են Իր փոխարեն (հմմտ. Ես 50, 6-8; 53, 7): ꟷ
- «Օրհնյալ». Հուն. «Εὐλογητός» - «Էուլոգետոս». Բառացի՝ բարեբանյալ, գովաբանության արժանի: Անուններից մեկը, որոնք հրեաները գործածում էին աստվածային Յահվե անվան փոխարեն (նույնը վերաբերվում է հաջորդ տողում գործածված Զորություն անվանը): – Որոշ ձեռագրեր, թերևս ոչ-հրեա ընթերցողների համար ճշգրտելու նպատակով, թե ո՛ւմ մասին է խոսքը, ինչպես որ Մատթեոսի մոտ է, ավելացնում են «Աստծո» անունը: Գրաբարը ևս. «որդի Աստուծոյ օրհնելոյն»։
 
14, 62 - «Ե՛ս եմ». Մինչ Մատթեոսն (26, 64) ու Ղուկասը (22, 67-70) դրվագը ներկայացնում են այնպես, որ Հիսուսը թողնում է, որ Իր ընդդիմախոսներն իրենք պատասխանեն իրենց իսկ հարցին, Մարկոսը նախընտրում է այս դրվագում վերջնականորեն խախտել «Մեսսիական գաղտնիքը» (1, 34. տե՛ս նաև Մտթ 9, 30+) և Հիսուսի շուրթերին դնում է մի ա՜յն աստիճան միանշանակ ու վճռական պատասխան (տե՛ս Մտթ 14, 27+), որ Քահանայապետն ու Ատյանի անդամները ծայրաստիճան գայթակղվում և այդ խոսքերը որակավորում են որպես սրբապղծություն: Հաջորդող մեջբերումը, որ վերցված է Սղմ 110, 1 և Դն 7, 13 հատվածներից, նախաավետում է Հիսուսի գահակալությունը Աստծո աջ կողմում (Աստված, որ այստեղ մատնանշվում է հինկտակարանյան անուններից մեկով. «Զորություն» - «Δύναμις» - «Դյունամիս», եբրայեցերեն՝ Էլ Շադդայ. տե՛ս Մտթ 26, 64+-ի երկրորդ մասը), Իր թագավորության փառքի մեջ:
 
14, 63 - Սեփական զգեստները պատռելու ժեստը, որ շատ հաճախակի է հանդիպում Հին Կտակարանում (հմմտ. 1Թգ 21, 27; 2Մն 23, 13; 34, 19; և այլն), հազվադեպ՝ Նորում (հմմտ. Մտթ 26, 65 և Գրծ 14, 14), միջինարևելյան ժողովուրդների մոտ արտահայտում էր սաստիկ ցավը, որ զգում էր այդ ժեստը կատարողը: Դա կարող էր լինել սիրելի անձի մահվան, աղետի, ինչ որ մի դժբախտ պատահարի դեպքում, կամ էլ՝ մի իրադարձության, որն, ինչպես տվյալ դեպքում, ծնում էր զայրույթի ու բողոքի սաստիկ հակազդեցություն:
 
14, 64 - «բոլորը». Մարկոսի այս նշումը, համեմատելով մյուս Ավետարանիչների կողմից ներկայացված տվյալների հետ (հմմտ. հատկապես Ղկս 23, 51), հարկավոր է հասկանալ Ատյանի բոլոր այն անդամների իմաստով, ովքեր ներկա էին գտնվել գիշերային, չափազանց հապճեպ կերպով և դատավարական բնականոն ընթացակարգերի խախտմամբ գումարված ու անցկացված դատավարությանը: Վստահաբար, Մարկոսի կողմից նշված այս միաձայնությունը չի վերաբերվում Երուսաղեմի Ատյանի բոլոր անդամներին:
 
14, 65 - «Գուշակի՛ր». Հուն. «Προφήτευσον» - «Պռոֆետեուսոն». Բառացի՝ մարգարեացիր: – Որոշ ձեռագրեր Մարկոսի այս տողը նույնացնում են Մատթեոսի զուգահեռ տողի հետ: Գրաբարը ևս. «մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է այն որ եհարն զքեզ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։